Հազար ինը հարյուր ութսունչգիտեմքանիսի դեկտեմբերի երեսունն էր…

Հազար ինը հարյուր ութսունչգիտեմքանիսի դեկտեմբերի երեսունն էր…
Հազար ինը հարյուր ութսունչգիտեմքանիսի դեկտեմբերի երեսունն էր…

Մի անգամ՝ հազար ինը հարյուր ութսունականների դեկտեմբերի երեսունին, իսկ դա կարևոր է, որովհետև, այն, ինչ կարող էր կատարվել հազար ինը հարյուրականներին, չի կարող կատարվել երկուհազարականներին, այսպիսով, մի անգամ, հազար ինը հարյուր ութսունչորսին, որովհետև իմ զգացողությամբ Գորբաչովը դեռ «գլասնոստ» չէր հայտարարել, այնպես ստացվեց, որ սովորականի նման ոչ թե հայրս գնաց նոր տարին միասին նշելու ու ձմեռելու համար ծնողներին Ղարաբաղից Երևան բերելու, այլ պայմանավորվեցին, որ իրենք կգան ավտոբուսով, քանի որ մենակ չեն, ու իրենց է միացել մորս միակ մորաքույրը, ով միակն էր մորս բազմաճյուղ գերդաստանում, որ գյուղում էր ապրում։

Մորաքրոջ անունն այստեղ նշանակություն ունի, կարծում եմ, որովհետև իր անվան մեջ արդեն կա այն կարևոր երանգը, որը կարող է գոնե մասամբ, մի չնչին մասով բնութագրել նրան։ Նրա անունը Եպրաքսի էր։ Այդ պահին կլիներ յոթանասուն տարեկան։ Եպրաքսին երեսունականներին ավարտել էր Երևանի անասնաբուժական ինստիտուտը և ինքնակամ վերադարձել գյուղում ապրելու և աշխատելու։

Երբևէ չէր ամուսնացել, թեև բավականին կոկիկ մարմին ու դիմագծեր ուներ, ունեցել էր կոտրված սիրո պատմություն ու իրեն նվիրել էր անասնաբուժությանն ու ֆրանսիական գրականությանը։ Փոքր ժամանակ ինձ անվանել էր «անգրագետ և ծնողներին ոչ արժանի երեխա», քանի որ Բալզակի՝ իր թվարկած գործերից դեռ ոչ մեկը չէի կարդացել, հետո դրանից ոգևորված՝ հարցեր էր տվել Զոլայից ու պարզել, որ դա էլ չեմ կարդացել, իսկ ինքն ու քաղաքում ապրող իր քույրը մրցում էին ֆրանսիական գրականության ոլորտում։

Ավելին, իր զարմուհու մասին, որը մայրս էր, բոլորովին անկեղծ եզրակացրել էր մի բազմամարդ հավաքում՝ «մեր աղջիկը երկու երեխա ունի, երկուսն էլ՝ դեֆեկտավոր. մեկը չի ծիծաղում, մյուսը չի խոսում»։ Չծիծաղողը ես էի, ոնց որ։

Չշեղվենք, սակայն, բուն պատումից, որը տեղի էր ունենում Երևան քաղաքի ավտոկայանում, հազար ինը հարյուր ութսունչորս թվականին։

Ստեփանակերտից ժամանած մեծ, կարմիր «Իկարուսը» կանգ է առնում ավտոկայանի կենտրոնում։ Հայրս սպասում է «կառամատույցում»։ Ինչպես և սպասվում է, հսկայական կարմիր «Իկարուսից» առաջինն իջնում է պապս։ Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև նա երեսուն տարի դպրոցի տնօրեն էր աշխատել։

Այսպիսով, այլ կերպ լինել չէր կարող՝ առաջինն իջնում է պապս. բարձահասակ, անհավանական ուղիղ մեջքով, գումարած՝ ձմեռային արտակարգ որակի ցիլինդրը, և հեռվից նմանվում է շարժվող սյան, որի առաջ ռևերանսներ է անում ձեռնափայտը, բայց բոլորովին ոչ ծերունական, այլ լաքապատ, զարդանախշերով, միայն շատ կարևոր տեղեր գնալու համար նախատեսված։

Այսպիսով, իր բարձր հասակով, ցիլինդրով ու ձեռնափայտով ցիրուցան անելով «Իկարուսի» մնացած ուղևորներին, նա իջնում է։ Իջնելուն պես հրահանգում է վարորդին բացել բեռների խցիկը, ու մինչ կարմիր, ահռելի «Իկարուսի» ուղևորները նույնպես փորձում են լքել ավտոբուսը, պապս, բոլորովին անտարբեր մյուս բեռների ճակատագրի հանդեպ, սկսում է դուրս բերել իրենը։

Հայրս տեսնելով այս սպասվելիք ցունամին, մոտենում ու փորձում է պապիս քաղաքացիական իրավահավասարության դաշտ բերել, բայց պապս միշտ վստահ էր, որ գոյապայքարի այս դժվար իրավիճակները բոլորովին հորս խառնվածքի համար չեն, ու պայմանավորվում են չխառնվել միմյանց կենսակոչումներին։

Մինչ նա հանում է բեռները, տատս այդ «նեղագույն մաջալին», թևից կախած իր սև կաշվե «ռեդիկյուլը», թեթևաքայլ մոտենում է հորս, ողջագուրվում, շռայլում հայերեն խոսքի մոռացված կամ մոռացվող բայերն ու ածականները ու կանգնում, մինչև գոյապայքարի մարշալ պապս հաստատեր բեռն առաջինը հանելու իր մենաշնորհը։

Այդ պահին կարմիր «Իկարուսի» մեջ իր անվանը համահունչ բնավորությունն է հաստատում մորս Եպրաքսի մորաքույրը։ Եպրաքսին սովորություն ուներ հընթացս, ոտքի վրա մարդկանց բացատրելու քրեական օրենսգիրքը, բարոյական կոդեքսը, սահմանադրությունը և այլ մանր-մունր կանոնադրություններ։ Հայրս «ինֆարկտ ստանամ պրծնեմ» տրամադրության մեջ սպասում էր դեպքերի որևէ ավարտի, որ մի քանի օր անց, սեղանի շուրջը ծալելով բոլոր երգիծաբաններին, գինու հետ հյութեղ կպատմի, թե ով, ոնց, ինչ ձևով իջավ «Իկարուսից»։

Իսկ մինչ այդ, դեպքերից առաջ չընկնելով, ասեմ, որ ուղևորների հետ բացատրական աշխատանք տանելուց հետո «Իկարուսի» մեջ հպարտ առաջանում է Եպրաքսի մորաքույրը, ուղղում էլեգանտ փոքրիկ վերարկուն, իսկ նրա շորերը բացառիկ լավ կտորներից էին կարված, հիշում եմ միայն «յապոնսկի կրեպժորժետ» արտահայտությունը։

Մինչև Եպրաքսիի իջնելը, պապս դրսից փորձում էր իր իմպերատիվ ձայնով «փոքրիկ» ճշտումներ անել Եպրաքսիից, թե նրա կարմիր պայուսակը ինչ բռնակով էր, քանի որ բեռնախցում երեքն են կարմիր, ու ընթացքում այլ կողմ էր դնում մնացած կարմիրները։ Հայրս դատարկում էր հերթական «ՀԾ»-ի տուփը։ «ՀԾ»-ն հազար ինը հարյուր ութսունականներին ոչ թե «հետաքննական ծառայություն» էր, այլ «Հայկական ծխախոտ»։ Տուփի վրա գրված էր՝ ՀԾ։ 

Երբ թվում է, երևանյան ավտոկայանի ասֆալտին իրենց անհանգիստ սրտի անդորրն էին գտել Ղարաբաղից ժամանած ճամպրուկները, Եպրաքսին հանկարծ կարմիր «Իկարուսի» միջից գրեթե ծղրտում է՝ «Շահե՜եե՜ն, էն ծակ-ծակ յաշիկն էլ ա իմս»։

Պապս, որ կյանքի գոյապայքարում տանուլ տվողներից չէր, հանկարծ, մի քանի վայրկյան վարանում է ու մի ակնթարթ կասկածում իր ուժերին, հետ է նայում, որ գոտեպնդվի որդու ներկայությունից, որին կյանքի գոյապայքարում իրեն անհավասար ճանաչելով, խնդրել էր հեռու կանգնել, որ ինքը «տեսնի ինչ ա անում»։

Իսկ որդին, որ հայրս էր, այդ ընթացքում ճմռթում էր «ՀԾ»-ի դատարկ տուփը ու աղաչում, որ Ստեփանակերտից ժամանած այս կորդեբալետը շուտ ամփոփվի, ու հասնեն տուն։ Երբ պապս բեռնախցից հանում է նշված անցքերով՝ «ծակ-ծակ» մեծ արկղը, սկզբում արկղի թեթևությունից է ապշում, մի հատ նայում է վեր, որ գոլորշապատ պատուհանից այն կողմ տեսնի Եպրաքսիին, հետո հանկարծ ականջը մոտեցնում է արկղին ու այնպիսի ձայնով Երևանի ավտոկայանով մեկ կանչում՝ «Եպրաքսի՜իիի՜, էս հավ ա՞», որ տատս խաչակնքում է։ Եպրաքսին անասնաբույժ էր ու գիտեր, որ հավը, թեև հավ, բայց նուրբ հոգեկան աշխարհ ունի, ու երեք-չորս ամսով մենակ մնալ չէր կարող հարևանի տանը։

«Հավ» ասելով նկատի չունենք մեկ հավ, Ղարաբաղում հավը նաև հոգնակի իմաստով են օգտագործում, այնպես որ, երբ պապս «հռնդում» էր ավտոկայանով մեկ ՝ «Եպրաքսի՜իիիի՜, էս հավ ա՞», նա բնավ նկատի չուներ մեկ հավ, քանզի արկղում յոթ հավ կար։ Արկղի անցքերը շնչելու համար էին արված, ներսում՝ ցորեն ու մանրացրած հաց։

Այստեղ արդեն գոյապայքարի մարշալ պապս ոնց որ ինքն էլ հանձնվեց, իսկ հայրս ակնթարթորեն տաքսին մոտեցրել էր «Իկարուսին», որ հավքի մասին հնարավորինս քիչ մարդ տեղեկանա։ Եպրաքսին դեռ պիտի մեր տնից հետո հասներ Աշտարակի գիտահետազոտական ինստիտուտի ավանում ապրող քիմիկոս զարմուհու տուն, բայց դա արդեն՝ հաջորդ օրը։

Աշտարակի գիտահետազոտական ինտիտուտի ավանի երկհարկանի բնակելի տան երկրորդ հարկում Եպրաքսի մորաքույրը անց էր կացնելու իր ձմեռային արձակուրդը, և թե ինչ էր սպասում նրան խստաբարո քիմիկոսի երկրորդ հարկում գտնվող բնակարանի ոչ այնքան մեծ տարածքում, որտեղ չորս ամիս պիտի ապրեին նաև հավերը, պատկերացում չուներ ոչ ոք։ 

Բայց գարնան սկզբին, երբ Երևանի ձյուները հալված լցվում էին Հրազդանը, Եպրաքսին հավերը նույն կազմով հետ տարավ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ։

Հազար ինը հարյուր ութսունչորս թվականն էր։

Ոչ ոք պատկերացում չուներ, որ լինելու է աշխարհում 2020 թվական։ Հերթական հազար ինը հարյուր … թվականն էր։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am