«Թրամփի նպատակն է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել և հասնել նոր միջուկային համաձայնագրի կնքմանը»․ Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ասուլիսում հայտարարել է, որ հորդորել են ավիաընկերություններին խուսափել Իրանի և Իրաքի օդային տարածքն օգտագործելուց, քանի որ անվտանգության խնդիր կարող է առաջանալ։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այդ երկրների օդային տարածքով թռիչքների ժամանակավոր դադարեցումը, ինչո՞վ է դա պայմանավորված, լրջագույն վտանգ կա՞, թե՞ ոչ։

– Դա պայմանավորված է անվտանգության խնդիրներով։ Ամբողջ աշխարհի առաջատար ավիաընկերություններին խորհուրդ է տրվել մոտ ժամանակներս Իրանի և Իրաքի օդային տարածքով թռիչքներ չիրականացնել։ Այդպիսի խորհուրդ իր ավիաընկերություններին տվել են և՛ Ռուսական ավիացիոն կոմիտեն, և՛ եվրոպական երկրների համապատասխան կառույցները։ Այնպես որ, Հայաստանը, բնականաբար, չէր կարող անմասն մնալ այս քայլերից: 

– Ռևազյանը նաև հայտարարել է, որ Իրանի և Իրաքի օդային տարածքով թռիչքներ չիրականացնելու հայտարարություն չէին անի, եթե դրա վտանգը չլիներ։ 

– Այո՛, կար որոշակի վտանգ՝ կապված Իրան-ԱՄՆ լարվածության և Իրանում ուկրաինական օդանավի խոցման հետ: Այժմ արդեն կարծես թե իրավիճակը հանդարտվել է, և երեկ արդեն բարեհաջող տեղի է ունեցել Երևան-Թեհրան թռիչքը։

– Ի՞նչ ընթացք կստանա ԱՄՆ-Իրան հակամարտությունը՝ հաշվի առելով, որ լարվածությունը ամեն դեպքում դեռ շարունակվում է։ 

– Կարծում եմ՝ մինչև նոյեմբեր, մինչև ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները, այդ լարվածությունը կպահպանվի՝ որոշակի վայրիվերումներով։ Մեկ այդ լարվածությունը կաճի, մեկ կհանդարտվի, բայց ընդհանուր առմամբ կպահպանվի, քանի որ Դոնալդ Թրամփի նպատակն է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել և հասնել նրան, որ Իրանը ԱՄՆ-ի համար ավելի բարենպաստ նոր միջուկային համաձայնագիր կնքի, քան նախորդ համաձայնագիրն էր։ ԱՄՆ նախագահը ցանկանում է մի նոր հաջողության պատմություն ունենալ և դեմոկրատներին ցույց տալ, որ ինքն ավելի լավ համաձայնագիր կնքեց, քան նախորդ՝ Օբամայի վարչակազմը։ Եթե Իրանը չգնա այդպիսի համաձայնագրի կնքմանը կամ բանակցությունների մեջ չմտնի ԱՄՆ-ի հետ, Թրամփը, ամենայն հավանականությամբ, կշարունակի Իրանը մեկուսացնելու և պատժամիջոցային քաղաքականությունը։ 

– Ձեր կարծիքով` ԱՄՆ-Իրան պատերազմի վտանգը դեռ կա՞, թե՞ կրքերը հանդարտվել են։

– Պատերազմի հավանականությունն այս պահին փոքր է: Ռազմական բախման վտանգ կար գեներալ Սոլեյմանիին սպանելուց հետո, բայց, բարեբախտաբար, թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Իրանը հասկացան, որ պատերազմը երկու կողմերի համար էլ կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Դրա համար կրքերը հանդարտեցրեցին։ Իրանը բավարարվեց միայն ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցնելով, բայց նաև այնպես անելով, որ ամերիկյան կողմը նախապես իմանա այդ մասին, և մարդկային կորուստներ չլինեն, այնպես որ, սեփական դեմքը պահպանի։ Իսկ ահա անուղղակի պատերազմի՝ պրոքսի պատերազմի վտանգը կա, դա կարող է տեղի ունենալ երրորդ երկրների տարածքում, և դա հավանաբար կլինի Իրաքը, քանի որ այդ երկրում կան ամերիկյան զինվորականներ և ռազմաբազաներ, իսկ պրոիրանական ուժերը, հատկապես ժողովրդական աշխարհազորը՝ Հաշդ ալ Շաբին, բավականաչափ հզոր է, և հենց նրա միջոցով Իրանը կարող է հարվածներ հասցնել Իրաքում գտնվող ամերիկացի զինվորականներին և դիվանագետներին: 

– Ընդհանուր առմամբ, ուկրաինական օդանավի խոցումը որքանո՞վ թուլացրեց Իրանի դիրքերը։

– Սա լրացուցիչ ճնշում էր Իրանի վրա, որովհետև փաստորեն նաև միջազգային հանրության հետ Թեհրանը խնդիրներ ունեցավ։ Այդ ամենի խորապատկերին որոշակի խնդիրներ առաջացան Իրան-Կանադա և Իրան-Ուկրաինա հարաբերություններում: Բարեբախտաբար, Իրանը մինչև վերջ չգնաց իր կողմից ինքնաթիռի խոցման հերքման ճանապարհով, ընդունեց իր մեղքը և ավելի չխորացրեց ճգնաժամը: 

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունները, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ իր տարածքում ընդունելու Իրանի հայերին։ Ընդհանրապես, մեր արձագանքը վերջին օրերի իրադարձություններին:

– Կարծում եմ` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մեր արտգործնախարարության հայտարարությունները բավականաչափ հավասարակշռված և չեզոք էին: Հայաստանը շատ ճիշտ դիրքավորվեց այս հակամարտության մեջ, և մենք կարիք չունենք այս հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու, մյուսին՝ դատապարտելու: Սա մեր վեճը չէ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է իր տարածքում ընդունելու իրանահայերին, թե՞ ոչ, ապա կարծում եմ՝ ֆորսմաժորային իրավիճակներում պատրաստ ենք որոշ չափով ընդունելու փախստականների, բայց ոչ մեծ մասշտաբներով և երկարաժամկետ կտրվածքով: Ինչպես ցույց տվեց սիրիական ճգնաժամը, մենք պատրաստ չենք երկարաժամկետ կտրվածքով շատ փախստականների ընդունելու:

Մանե Հարությունյան

MediaLab.am