Փաշինյանի վստահության հանրաքվեն

Վահրամ Թոքմաջյան

Հեղափոխական շարժումները նաև կորուսյալ հնարավորությունների պատմական անցքեր են: Հենց այս դիտանկյունից կարելի է քննության առնել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված ճգնաժամը և սպասվող հանրաքվեն: 

Ինչո՞ւ հասանք այս հանգրվանին

Իշխանությունը կարող էր երկաթը տաք-տաք ծեծել և լուծել Սահմանադրական դատարանի խնդիրը դեռ շատ վաղուց: Հենց հեղափոխության օրերին կամ դրանից հետո՝ տրված բազմաթիվ հնարավորությունների շնորհիվ: Սակայն չգնաց օպտիմալ ճանապարհով:

Ավելին՝ Սահմանադրական դատարանը ժամանակին չդիտարկվեց որպես կարևորագույն առանցք՝ պետական համակարգերի, արդարադատության շղթային, որոշումների ազդեցության ուղեծրում: Իշխանությունը Սահմանադրական դատարան կառույցը դիտարկեց անձերի մակարդակով: Այնինչ կարիք կար այդ կառույցին տալ նույնքան քաղաքական նշանակություն, որքան ԱԺ-ին կամ Կառավարությանը:

Սակայն այստեղ ավելի շուտ մեղավոր էր ոչ թե իշխանությունը, այլ այն մտավոր ժառանգությունը, որը մենք ստացել ենք որպես հասարակություն: Քաղաքական մեր ընկալումները շարունակում են մնալ անձնակենտրոն, այլ ոչ՝ համակարգակենտրոն:

Եվ դեռ շարունակում եք այդ մտայնություններով: Բայց չէի ուզենա տպավորություն ստեղծվեր, որ խնդրում ուղղակի մեղավորներ չկան: Կան, և դրանք այն վայ իրավաբաններն են, որոնք տարատեսակ իրավական աճպարարություններ օգտագործելով խորհուրդներ տվեցին Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյան քաղաքական անձը չի կարող իմանալ ամեն ինչ:

Եվ դա ավելի քան նորմալ է: Այդ չիմացության բացը պետք է լրացնեն քաղաքական թիմը և խորհրդատուների ինստիտուտը: Այս պարագայում այդ քաղաքական թիմի որոշ վայ իրավաբաններ հետևողականորեն և միայն իրենց բնորոշ դանդալոշությամբ խնդիրը բերեցին ճգնաժամային փուլ:

Իրավաբանները կարող են երկար վիճել տիեզերքի կառուցվածքի և տառերի հարմոնիկայի շուրջ, լավ իրավաբանը նույնիսկ կարող է համոզել, որ մածունը սև է, իսկ որձ էշը օրը յոթ լիտր կաթ է տալիս, սակայն այլ է հեղափոխական տրամաբանությունը, այլ է հեղափոխության դինամիկան:

Ես հույս ունեմ, որ խնդրի հանգուցալուծումից հետո այդ խորհրդատու վայ իրավաբանները կդրվեն ամոթանքի գորգին:

Ճգնաժամի քաղաքական բովանդակությունը

Մեզանում վատ ընկալում կա «քաղաքականություն» բառի նկատմամբ: Մենք հաճախ շփոթում ենք քաղաքական և կուսակցական եզրաբանությունները, ընկնում հերթական մոլորության մեջ: Քաղաքական է ամեն ինչ: Սկսած շուկայում որևէ ապրանքի գնի շուրջ բանակցությունը՝ վերջացրած Սահմանադրական դատարանով:

Այս դիտանկյունից ՍԴ խնդիրն առավել քան քաղաքական է: Վերոհիշյալ վայ իրավաբանների ջանքերով խնդիրը դարձավ կուսակցական: Առիթից չհապաղեց օգտվել Հրայր Թովմասյանը, որը խնդիրը միանգամից դարձրեց ոչ միայն նեղ կուսակցական, այլ նաև՝ կլանային:

Կլանային դարձնելով՝ նա կոնսոլիդացրեց մերժված ուժերին, հոսանքներին, որոնք, ըստ էության, բովանդակային ասելիք չունեին՝ չար հայհոյանքներից բացի:

Այս ապաշնորհ լուծումների արդյունքում խնդրի մեջ ներքաշվեց վարչապետը: Ճգնաժամն ունեցավ երկու կողմ՝ Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան: Սա քաղաքական լրջագույն վրիպում էր: Խնդիրը կարող էր քննարկվել բազմաթիվ այլ կողմերով, բայց ոչ երբեք այս հարթության մեջ:

Երբևէ քաղաքական կշիռ չունեցած Հրայր Թովմասյանից մենք ունեցանք պոստ պահող տղա: «Պոստ»… այս բառը երբեք այսքան չի արժեզրկվել, որքան մեր օրերում՝ շահարկվելով տարբեր խմբերի կողմից, սակայն դրան կանդրադառնանք մեկ այլ առիթով: 

Գալով խնդրի քաղաքական կողմին՝ ստիպված ենք նաև անդրադառնալու երրորդ ուղու ջատագովի որոշ պնդումների: Հատկապես այն պնդմանը, թե երբ է ՀՀ քաղաքացին տուժել այս ՍԴ-ի գործունեությունից: Ցավոք, երրորդ ուղու ջատագովը, միայն իրեն բնորոշ դեմագոգիայով, գիտակցաբար շփոթում է անձի և համակարգի սահմանը: ՀՀ քաղաքացին ամենաշատ տուժածն է բոլոր այն որոշումներից, որոնք նախկինում կայացրել է Սահմանադրական դատարանը՝ դահճի սառնասրտությամբ սպանելով քաղաքացու մեջ եղած վերջին հույսը, հերթական կեղծված ընտրության փակ շրջափուլից դուրս գալու երազանքը: Այդ կառույցը սպանել է հույսը քաղաքացու մեջ: Օրհնել ու սրբագործել է ուզուրպատորների՝ հերթական անգամ բռնազավթած իշխանությունը: Հին Հռոմի սենատի՝ անառակներին տրվող թույլտվության՝ լիցենցիա ստուպրիի օրինակով հերթական մեղքի թույլտվությունն է տվել ծծելու վերջին կաթիլ արյունը, ունեզրկելու ու խոպան դարձնելու պետությունը: Երբ երրորդ ուղու ջատագովը որևէ օր կփորձի ապրել առանց հույսի, այդ ժամանակ թերևս չի զբաղվի սոփեստությամբ: 

Հանրաքվեի էությունը

Հանրաքվեն միտված է լինելու ոչ միայն ՍԴ այս կազմի լուծարմանը, այլ նաև Փաշինյանի նկատմամբ ժողովրդի վստահության չափմանը: Այս պարագայում՝ կոնկրետ Փաշինյանի: Մոռանում ենք քաղաքական թիմը: Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, իսկ ամենաշատը խանգարում են քաղաքական թիմի որոշ անդամներ: Թողնենք նրանց հանգիստ: Շուրջ 650.000 մարդու «այո՛»-ի կարիքը կա: Սա բավականին լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք այն գործոնները, որոնք այսօր առկա են: Այդ գործոններից թերևս լրջագույնն արտախորհրդարանական ուժերի և կալանքի տակ գտնվող նախագահի անսահմանափակ նյութական ռեսուրսներն են: Այդ ռեսուրսներն ուղղված են թույնի, հայհոյանքի, ապակայունության ամենօրյա չափաբաժինն ավելացնելուն, համերաշխության մթնոլորտը տապալելուն և հարդյունս՝ անդառնալի խուճապ ստեղծելուն:

Հնարավոր հանրաքվեի պարագայում ՀՀ քաղաքացին իր հավատարմությունն է հայտնելու հեղափոխությանը: Ես բազմիցս պնդել եմ, որ հեղափոխությունը մի իշխանության փոփոխությունը չէ մյուսով: Հեղափոխությունը տևական ու տքնաջան գործընթաց է, որտեղ իրեն հեղափոխական հռչակած յուրաքանչյուր ոք առանց տրտմության, առանց վարանելու, առանց հիասթափվելու կարիք ունի շարունակել այն աշխատանքը, որի շուրջ հանրահռչակվել է: 

Ուստի, մասնակցելով այս հնարավոր հանրաքվեին՝ ՀՀ քաղաքացին ընտրություն պետք է կատարի ոչ ՍԴ այս կազմի լինելության, այլ ավելի խորքային խնդրի՝ տե՞ր է արդյոք իր քաղաքական որոշմանը: Լավագույն լուծումը չլինելով հանդերձ՝ հանրաքվեն հնարավորություն է մեկ քայլով մոտենալ հանրույթի ձևաչափին: 

Հանրաքվեն ունի մեկ այլ՝ շատ վատ կողմ: Ինչ-որ մի փուլ մենք տևական լսելու ենք բոլոր այն մարդկանց հոխորտանքները, քաղաքական մոլորությունները, հայհոյանքը և մաղձի հերթական չափաբաժինը: Այդ ամենի հանդեպ մեր տածած էմանսիպացված գարշանքի հետևանքով էր նաև, որ Հայաստանում տեղի ունեցան 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները: 

Դրական կողմն այն է, որ այլևս խուսանավելու և երրորդ ուղու հնարավորություն չկա: Առաջին հարցից պարզ ընտրությունը՝ «այո»-ի և «ոչ»-ի շատ ավելի խորքային քաղաքակրթական է: Այն յուրահատուկ չափիչ է հանդիսանալու հետագա բոլոր քաղաքական գործընթացների համար:

Հնարավոր խուսափում

Շատ քիչ հնարավորություն կա խուսափելու հանրաքվեից: Դա հնարավոր է, եթե այս ընթացքում ՍԴ անդամներից երեքը հրաժարվեն զբաղեցրած պաշտոններից: Իշխանությունը թողել է այդ «մարդասիրական միջանցքը»: Եթե երեք անձ օգտվում է այդ «միջանցքից», ապա պետությանը հնարավորություն է տալիս խնայել ռեսուրսները, ժամանակը և մարդկանց նյարդերը: Սակայն, ով իմանա, թե նախկինները նրանցից յուրաքանչյուրի կապակցությամբ ինչ թղթապանակներ ունեն: Թերևս միայն նախկիններին ու անդամներին է հայտնի: Հա, ու երևի այն տղային, որը միջնադարում կլիներ չար, բայց դմբո հերոս ու հաստատ կուսակցություն չէր ստեղծի:

Եզրակացություն

Ցանկացած իրավիճակում՝ կոմֆորտ թմբիրի և ճգնաժամային լարումների ժամանակ կարիք կա ունենալու հետևություններ կատարելու հմտություն: Այստեղ սահմանափակվենք, հարգելի՛ ընթերցող: Եզրակացությունների տարածությունը թողնենք ձեր հայեցողությանը: 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am