«Այս մեխանիզմը նաև կանխարգելիչ է, որովհետև հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելը դառնում է մոտիվացիայից զուրկ, եւ այդ գույքը, ի վերջո, բռնագանձվելու է»․ պատգամավոր

Լուսանկարը՝ CIVILNET

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը

 – Տիկին Տիգրանյան, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը մի շարք հարցեր է առաջացրել, մասնավորապես, պաշտոնյաների հետ կապված անձինք պետք է հայտարարագրեր ներկայացնե՞ն, թե՞ ոչ։ Բայց եթե ներկա կամ նախկին պաշտոնյաների հարազատները ներգրավված չեն պետական համակարգի մեջ, ինչո՞ւ պետք է հայտարարագրեր ներկայացնեն։ Արդյոք դա միջամտություն չէ՞ անձնական կյանքին։

– Այս պահին գործում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հայտարարատուների շրջանակը, որը սահմանում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց շրջանակ, որոնք համարվում են հայտարարատու։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ընդլայնելով հայտարարատու անձանց շրջանակը՝ ընդլայնել «ընտանիքի կազմ» հասկացությունը։

Որովհետև այսօր ընտանիքի կազմը շատ նեղ է սահմանված, միայն նույն հարկի տակ ապրելու փաստն է վերցված, բայց արդարադատության նախարարությունը կարծում է, որ կա անհրաժեշտություն ընդլայնելու ընտանիքի կազմը, ինչը դեռ քննարկման հարց է, որովհետև և՛ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում, և՛ այստեղ քառօրյայի ընթացքում հնարավոր է նաև այս կոնցեպտի հետ կապված վերանայում լինի։

Պետք է ասեմ, որ անկախ այս նախագծից՝ տարբեր ժամանակներում միշտ եղել են նաև ՀԿ-ների կողմից առաջարկներ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, իսկ հիմա էլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ հայաստանյան պայմաններում, երբ ընտանեկան կապերը սերտ են, ընտանիքի կազմը նեղ սահմանելը չի կարող հարցի լուծում լինել, և երկրորդ կարգի ազգակցական կապով ավարտելը կարող է ռիսկային լինել։

Սա ընդամենը առաջարկ է ընդլայնման մասով, ինչը քննարկման ենթակա է առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում։ 

– Կա տեսակետ, որ սա խնդրահարույց է, քանի որ, օրինակ՝ քավորն ի՞նչ մեղք ունի, որ քավոր է, և իրեն նույնպես պետք է ստուգեն։ 

– Քավոր-սանիկ հարաբերությունները որևէ կերպ չեն մտնում այդ փոխկապակցված անձանց շրջանակի մեջ։ Երբ ասում ենք՝ փոխկապակցված անձինք, նկատի ունենք արյունակցական առաջին աստիճանի և արյունակցական երկրորդ աստիճանով իրար հետ կապված անձանց։

Անգամ չի խոսվում խնամիական կապերով կապված անձանց մասին։ Այս պահին մեր օրենսդրությունը սահմանափակվում է երկրորդ աստիճանի արյունակցական կապով միմյանց հետ կապված անձանցով։

Հնարավոր է՝ քննարկման արդյունքում այդ շրջանակը ընդլայնվի, հնարավոր է՝ նեղանա։ Բայց այստեղ արմատականը «ընտանիքի կազմ» հասկացությունն է։ Քավորն ընտանիքի կազմի մեջ չի մտնում ոչ մի պարագայում։ 

Ասենք՝ կան քույրեր, եղբայրներ, որոնք պետական կառավարման համակարգ չեն ուզում մտնել, ամուսնացած են, ունեն իրենց անձնական կյանքը։ Արդյոք սա ներխուժում չէ՞ նրանց անձնական կյանք։

– Այդ տեսանկյունից էլ է հարցը քննարկվում, նաև այն առումով, որ չափահաս մարդիկ պատասխանատու են իրենց գործողությունների համար, և նրանց համար որևէ նոր պարտավորություն չպետք է առաջանա պաշտոնյայի հետ ազգակցական կապի պատճառով։

Այս տեսանկյունից դիտարկելով չպետք է մտնել պաշտոնյայի հետ ընդհանուր տնտեսություն չվարող անձի գույքային դրության մեջ և չխախտել նրա մասնավոր կյանքն ու առանձին տնտեսություն վարելու իրավունքը։ Սա քննարկման հարց է, և դեռ վերջնական որոշում պետք է կայացվի։ 

Այսինքն՝ հնարավո՞ր է վերանայվի այս հարցը։

– Այո, որովհետև երկու տեսակետներն էլ հիմնավոր են փաստարկվում։ Մի կողմից եթե վերցնում ենք շահերից զերծ պետական կառավարումը, ապա պետք է դիտարկենք պաշտոնյայի բոլոր ազդեցությունները, կապերը, մյուս կողմից էլ՝ պետք է հարգել պաշտոնյայի հետ ազգակցական կապ ունեցող, բայց առանձին տնտեսություն վարող և նրա հետ ոչ մի առնչություն չունեցող, ընտանիքի կազմի մեջ չմտնող անձի անձնական կյանքն ու նրա գույքային վիճակի անկախությունը։ 

Կարելի՞ է ասել, որ այս օրենքը ավելի շատ կապ ունի նախկինում ապօրինի հարստացածներին կարգի բերելու, պետությունից գողացվածը վերադարձնելու հետ։ Այսինքն սրանով իշխանությունը լուծում է նախկինների խնդի՞րը։

– Ոչ միայն, այն վերաբերում է 1991 թվականից սկսած մինչև այսօր ընկած հարաբերություններին։ Այսինքն՝ եթե կա այս կարգավորող նորմը, բոլոր այն դեպքերում, երբ կլինի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, դա ենթակա է վերադարձի։

Բայց քանի որ հարցն ընդհանրապես վերաբերում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքին, նույն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիային միացած պետությունները պետք է գործադրեն ջանքեր հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հետ վերադարձի հետ կապված։

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կոնվենցիային, ստանձնել է պարտավորություն հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հետ վերադարձի պահով։ Բայց դա չի նշանակում, որ խոսքը վերաբերում է մինչև 2020 թվականի մարտի 4-ի դեպքերին, նաև այսօրվանից հետո նման դեպքեր գրանցվելու դեպքում գույքը ենթակա է հետ վերադարձի։

Այս մեխանիզմը նաև կանխարգելիչ է, որովհետև հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելը դառնում է մոտիվացիայից զուրկ, որովհետև այդ գույքը, ի վերջո, բռնագանձվելու է։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am