Բարդ իրավիճակում էլ իսպանացիները չեն ընկճվում, փորձում են ուրախանալ, ծափահարել բուժաշխատողներին. Լիլիթ Սարիբեկյան

Իսպանիայում իրավիճակը կորոնավիրուսային հիվանդության պատճառով մտահոգիչ է։ Թեպետ Իսպանիան, ըստ վիճակագրական տվյալների, երրորդ երկիրն է հիվանդացության աճի տեմպերով, այդուհանդերձ, ըստ Իսպանիայում բնակվող Լիլիթ Սարիբեկյանի, շատերը դեռևս լուրջ չեն վերաբերվում իրավիճակին, և բոլորը չէ, որ ենթարկվում են կառավարության հրահանգներին։

«Ես ապրում եմ փոքրիկ ծովափնյա քաղաքում, որը Բարսելոնայից 1,5 ժամվա հեռավորության վրա է։ Բարսելոնայում մշտապես ապրող մարդիկ շաբաթ-կիրակի սովորաբար գալիս են մեր քաղաք իրենց հանգիստը վայելելու, հիմա էլ շարունակում են այդ սովորությունը։ Գիշերվա ժամերին, խույս տալով ոստիկանությունից, լուսադեմին՝ ժամը 5-6-կողմերը, դուրս են գալիս Բարսելոնայից և շարժվում են մեր քաղաք՝ իրենց հանգիստը վայելելու։ Իհարկե, դա խթանում է կորոնավիրուսի ավելի մեծ չափերով զարգացմանը և տարածմանը բոլոր քաղաքներում»,- ասում է Իսպանիայում՝ Կատալոնիա մարզի Պլաջա դե Արո քաղաքում բնակվող Լիլիթ Սարիբեկյանը։

Լիլիթի կարծիքով՝ Իսպանիայում կառավարությունը հապաղեց արտակարգ դրություն հայտարարելու հարցում՝ լիարժեք չպատկերացնելով իրավիճակը, ինչն էլ նախևառաջ խթանեց կորոնավիրուսի տարածումը։ «Մարտի 13-ին միայն հայտարարվեց արտակարգ դրություն։ Տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ սննդամթերք և դեղորայք գնելու նպատակով։ Արտակարգ դրության խախտումն արժենում է 500-60.000 եվրո»։

Չնայած այս հանգամանքին, ինչպես Լիլիթն է պատմում, կան մարդիկ, որոնք չեն պահպանում կանոնները: «Չեն կրում դիմակներ, չեն պահպանում կարգուկանոնը, որն է հանգեցնում է կորոնավիրուսի այսպիսի արագ տարածմանը»,- ընդգծում է նա։

Լիլիթն ասում է, որ լրջորեն վտանգված է բուժաշխատողների կյանքը։ «Պետությունն այլևս չի կարողանում բուժաշխատողներին դիմակով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովել։ Չկան բավականաչափ դիմակներ, այսինքն՝ վտանգված է առաջին հերթին բուժաշխատողի կյանքը, որը պատերազմի առաջնագծում է, նա անհայտ ժամանակով հրաժեշտ է տվել իր ընտանիքին, իր երեխաներին և ծնողներին, որն առանց հերթափոխի պայքարում է հիվանդների կյանքը փրկելու համար։ Դիմակներ չլինելու պատճառով նրանցից շատերն արդեն վարակվել են»։ 

Լիլիթն ասում է, որ շատ բժիշկներ պնդում են, որ Չինաստանից գնած դիմակները ժամկետանց են և պիտանի չեն օգտագործման։

Նշենք, որ Իսպանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 31-ին պաշտոնապես սուգ հայտարարվեց կորոնավիրուսից մահացածների հիշատակին։ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի։ 

Չնայած այս բարդ իրավիճակին, Լիլիթն ասում է, որ Իսպանիայի ժողովուրդը չի ընկճվում, փորձում է այս լարված և ծանր շրջանում նույնպես ուրախանալ՝ երեկոյան ժամերին դուրս է գալիս պատշգամբ, ծափողջույններով ու երգերով իրենց շնորհակալությունը հայտնում բժիշկներին ու ոստիկանության աշխատակիցներին։

Լիլիթը նշում է, որ իսպանացիները շատ են զբաղվում սպորտով՝ նույնիսկ տանը։ «Ես էլ ընկերուհիներիս հետ օնլայն միացնում եմ մեր սպորտզալի թրեյների օնլայն պարապմունքները և խմբակային պարապմունք ենք անում օրը մեկ ժամ»։ 

Նշում է, որ դպրոցական ծրագրերում էլ ֆիզկուլտուրայի առարկայի ժամին հեռուստացույցով մարմնամարզություն են ցույց տալիս։ «Ինչպես շատերը, ես ևս կարծում եմ, որ այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար պետք է ենթարկվել կառավարությանը, պահպանել արտակարգ դրության կանոնները, մնալ տանը, որը հենց առաջին պայմանն է կանխելու կորոնավիրուսի հետագա ծավալումը»,- նշում է Լիլիթը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am