«Վանեցյանի և մյուս ուժերը, ԲՀԿ առանցքի շուրջը համախմբվելով, կարող են իրագործել իրենց հիմնական նպատակները՝ իշխանությանը վնաս տալ». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ Արդյոք արտաքին ուժերի միջամտությամբ նրանք որևէ հա՞րց են փորձում լուծել։

– Իվետա Տոնոյանը նշեց, որ բացի Ռուսաստանի դեսպանից, նաև Ղազախստանի դեսպանի հետ են հանդիպել։ Դա նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է ԵԱՏՄ երկրների շրջանակում որոշակի գործընկերների միջոցով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցության հնարավորություններ ստանալ։ 

Դա հասկանալի է, քանի որ անձամբ Գագիկ Ծառուկյանն ունի բավական մեծ շփման շրջանակ ԵԱՏՄ երկրների ղեկավար օղակների հետ՝ սկսած Ալեքսանդր Լուկաշենկոյից մինչև Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավար օղակներ։ Եվ ԲՀԿ-ն փորձում է քաղաքական գործընթացներին ներգրավել այն ուժերին, որոնք կարող են իրենց ինչ-որ կերպ հնարավորություն տալ «մնալ ջրի վրա»։

– Ինչպե՞ս կարող են աջակցել այդ երկրները ԲՀԿ-ին։

– Կարծում եմ՝ գոնե լատենտ աջակցություն հնարավոր է որ լինի։ Եվ այն, որ այս գործընթացը թեև իրավական գործընթաց է, սակայն քաղաքական հետևանքներ և քաղաքական ազդեցություն ունի Հայաստանում, միանշանակ է։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է հենց այդ քաղաքական դիվիդենդների միջոցով դիմագրավել այս խնդիրներին։ Եվ քանի որ ԲՀԿ-ի համար շատ բարդ է ներքին տարածքում այդ քաղաքական դիվիդենդները հավաքել, նրանք փորձում են այդ դիվիդենդները գտնել արտաքին տարածքում։ Իսկ արտաքին տարածքը կոնկրետ ԲՀԿ-ի համար ԵԱՏՄ տարածքն է։

Իսկ ներքին տարածքում նրանց հետ համագործակցում են այն ուժերը, որոնք ունեն սեփական շահերը և կարող են այս առիթը ևս օգտագործել՝ իշխանության հետ սեփական խնդիրները լուծելու համար։ Իհարկե, գիտենք, թե որոնք են այդ ուժերը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, ՀՅԴ-ն։ 

Կան նաև մի քանի մանր կուսակցություններ, որոնք ԲՀԿ-ի շահի առանցքի շուրջը համախմբվելով՝ կարող են իրագործել իրենց հիմնական նպատակները, այն է՝ իշխանության դեմ գործողությունների իրականացումը և դրա միջոցով իշխանությանը հնարավորինս վնաս տալը։ Սա շատ լավ առիթ է, որպեսզի նրանք դա օգտագործեն իշխանության դեմ։ Քանի որ նրանք, իմ պատկերացմամբ, իշխանության դեմ գործող համակարգի մի մասն են, իրենց բաժին ընկած հակապետական օրակարգի այդ հատվածն իրականացնելու են։

– Համախմբվելու դեպքում իշխանությանը ի՞նչ վնասներ կարող են տալ այդ ուժերը։

– Նրանց հասցրած հիմնական վնասը Հայաստանի զարգացման, ինքնության, ինքնորոշման, ինքնուրույն ապագայի ձևավորման արգելակումն է, ինչն անընդհատ իրականացվում է։ Իմ նշած ուժերին ու նրանց «հովանավորներին» ձեռնտու չէ, որ Հայաստանն ինքնուրույն լինի։ 

Եվ նրանք փորձում են ամեն կերպ այդ հակապետական գործելաոճով պահպանել Հայաստանի արտաքին կախվածությունները, որովհետև այդ արտաքին կախվածություններն առաջին հերթին համապատասխանում են իրենց ներքին շահերին։ Ոչ թե նրանք աշխատում են արտաքին հովանավորների համար, այլ համագործակցում են այդ արտաքին հովանավորների հետ, որպեսզի իրենց ներքին, նեղ անձնական շահերը կարողանան Հայաստանում իրացնել։ Եվ այդ անձնական շահերը հիմնականում հակասում են Հայաստանի պետական շահերին։

Սրան զուգահեռ ԵԺԿ նախագահ, Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկն է հայտարարություն տարածել՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով զերծ մնալ ընդդիմությանը ճնշելուց։ Այս հայտարարությունն ի՞նչ ուղերձ ունի։

– Չմոռանանք, որ Տուսկը ԵԺԿ նախագահն է, որի անդամ է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Նաև տեղեկություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է տեսակոնֆերանսի, որի ընթացքում ներկայացրել է մանրամասներ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Ես կարծում եմ՝ այստեղ երկու հնարավոր տարբերակ կա։ 

Առաջինն այն է, որ Տուսկին ներկայացվել է այն, ինչ պետք է եղել ՀՀԿ-ին։ Իսկ ՀՀԿ շահը այն է, ինչի մասին խոսում էինք այսքան ժամանակ։ Եվ երկրորդ տարբերակն այն է, որ ԵԺԿ-ն ուղղակի պաշտպանում է իր անդամներից մեկի կուսակցական շահերը։

Երկու դեպքում էլ Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք պատասխանի ակնկալիք կա։ Ամեն դեպքում, ով ինչ ասի՝ թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից, թե Ռուսաստանից, ՀՀ-ն ունի իր ներքին շահերն ու ներքին օրակարգը։ 

Եվ Հայաստանի իշխանությունները դեռևս ունեն լեգիտիմության այնպիսի պաշար, որի շրջանակներում նա պարտավոր է ՀՀ շահերը պաշտպանել։ Այդ պատճառով էլ Հայաստանի իշխանություններից ակնկալվում է համարժեք պատասխան և չթերանալ ներքին ժողովրդավարական փոփոխությունների հարցում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am