«Բժիշկները կյանքեր են փրկում, մայրապետները՝ հոգիներ»․ մայրապետ Կարոլինան ասում է, որ օրեր են լինում՝ հիվանդի ձեռքը բռնած են լուսացնում

31-ամյա Կարոլինա Դավթյանը, որն առաջին մասնագիտությամբ երաժիշտ է, երկրորդ մասնագիտությամբ՝ ֆիզիկոս-տեխնիկ, 2 ամիս առաջ թողել է բոլոր գործերը և ընտանիքը ու որպես կամավոր միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին։

«Ներգրավվեցի կորոնավիրուսի դեմ պայքարին, երբ տեսա սարսափելի աճը, հասկացա, որ սա բոլորիս խնդիրն է, անգամ առողջների: Պարտքս եմ կատարում վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում»,- ասում է նա:

Կարոլինա Դավթյանը տեսնելով առողջապահության նախարարության՝ կամավորների հայտագրման հայտարարությանը, դիմել է՝ միանալու հիվանդանոցի բուժանձնակազմին։

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը 3 ամիս առաջ վերապրոֆիլավորվել է՝ որպես նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն:

Այս հիվանդանոցում էլ Դավթյանը կատարում է մայրապետի պարտականություններ։ Ասում է, որ չունենալով բժշկական կրթություն, հեռու լինելով այդ ոլորտից, որոշում է կայացրել միանալ, քանի որ իմացել է, որ կամավորների օգնության կարիք կա։

«Ես չէի կարող նստել ու սպասել, մինչ ուրիշները խնդիրը լուծեն, ես ուսումնասիրեցի համաճարակի մասին առկա ինֆորմացիան, մինչ այժմ հետևում եմ միջազգային նորություններին, դա շատ կարևոր եմ համարում: Ես միացա պայքարին որպես մայրապետ»,- նշում է Դավթյանը։

Մայրապետ Դավթյանը հիվանդանոցում խնամում է հիվանդներին, հետևում է մաքրությանը, օգնում, որ հիվանդներն իրենց հարմարավետ զգան: 

«Կերակրում ենք, խոսում հիվանդների հետ, երբ ըմբոստանում են դեղերի դեմ, բացատրում ենք բուժման կարևորությունը։ Լինում է՝ հիվանդների ընտանիքի հետ էլ ենք զրուցում, պատմում հարազատի մասին: Լինում է՝ գիշերը հիվանդի ձեռքը բռնած ենք լուսացնում: Ես բժիշկ չեմ, բայց մարդ եմ, որը պացիենտների կողքին է որպես ընտանիք, որպես դուստր: Սա շատ կարևոր է՝ մարդկային շփումը պահպանելը և ջերմությունը։ Ամեն հարցով կարող են մեզ դիմել, մենք միշտ իրենց կողքին ենք, հարազատի պես»,- ասում է նա:

Դավթյանը արդեն 2 ամիս է՝ հիվանդանոցում է, 24-ժամյա հերթապահությամբ աշխատում է։

Ասում է, որ չնայած դեռ վարակի դեպքեր չունեն անձնակազմում, այդուհանդերձ, առողջ վախի զգացումը առկա է. «Մտավախություն ունեմ մինչ այժմ, այդ իսկ պատճառով մեկուսացել եմ ընտանիքիցս և ընկերներիցս»: 

Մայրապետը երկու ամիս է՝ ինչ չի տեսել աղջկան, սակայն առաջնագծում է մի նպատակով՝ վիրուսը երկրում շուտ հաղթահարվի։ «Աղջկաս եմ կարոտում, կարոտից խեղդվում եմ։ Ծնողներս 70 տարեկանից ավելի են, ինչքան շուտ հաղթահարենք, այնքան հանգիստ կլինեմ նաև ծնողներիս համար»,- ասում է նա։

Մայրապետի աշխատանք իրականացնելը Կարոլինա Դավթյանի մեջ ցանկություն է առաջացրել՝ կրթություն ստանալ նաև բժշկության ոլորտում։

«Այս անգին փորձը մեջս ցանկություն առաջացրեց երրորդ անգամ սեփական ուժերը փորձելու և երկար մտորումներից հետո պատրաստվում եմ ստանալ երրորդ՝ քույրական կրթություն»,- ընդգծում է նա:

Նշում է, որ մնալու է հիվանդանոցում և պայքարելու է, մինչև իր կարիքը այլևս չզգացվի։

«Բժիշկները կյանքեր են փրկում էս օրերին, մայրապետները փրկում են հոգիներ»,- ասում է Դավթյանը:

Մայրապետի խոսքով՝ աշխատանքում ամենաբարդը կորուստներն են։

«Ցավակցում եմ հարազատներին կորցրած, ծնողներին կորցրած, ընկերներին կորցրած մեր հայրենակիցներին։ Ցավում եմ, որ այս պատերազմում կորուստներ ունեցաք, ձեր կորուստը մեր կորուստն է։ Խնդրում եմ չհուսահատվեք, խնդրում եմ շարունակեք պայքարը: Մենք օր ու գիշեր ձեր կողքին ենք»,- նշում է մայրապետ Դավթյանը:

Հորդորում է հայրենակիցներին զգույշ լինել և խստորեն պահպանել կանոնները։

«Վարակիչ հիվանդություններ միշտ են եղել, կան հեշտ հաղթահարվող, կան բարդ հաղթահարվող վարակներ, եթե անդրադառնանք համաճարակների պատմությանը՝ կհիշենք մինչ այժմ մարդկությանը հանդիպած գիգանտներին` Աթենքի ժանտախտը, Սև մահը, մալարիան, դեղին տենդը, խոլերան, էբոլան և այժմ՝ Covid19-ը։

Մենք հաջողակ ենք, որ 15-րդ դարում չենք և ունենք զարգացած բժշկություն և վարակին դիմակայելու միջոցներ: Ուստի հավատալու կամ չհավատալու փոխարեն հորդորում եմ՝ միացնել սեփական ինքնապաշտպանական մեխանիզմը, աչալուրջ գտնվել և հետևել հակահամաճարակային սանիտարահիգիենիկ պայմաններին, անգամ եթե ձեր մասին չեք անհանգստանում, խնայեք ձեր ծնողներին և բալիկներին»,- ասում է մայրապետը: 

Արփինե Արզումանյան

MediaLab.am