«Քոչարյանի պաշտպանական թիմը բողոքը հետ վերցրեց, որովհետև իրենց համար հարմար դատավոր չէր այն քննելու». փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Արայիկ Պապիկյանը

Պարո՛ն Պապիկյան, այսօր Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ին ուղղված իրենց դիմումը հետ վերցրին, սակայն «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ, միևնույն է՝ ՍԴ-ում հարցը քննվելու է: Ձեր կարծիքով՝ իսկապես հուլիսի 7-ին ՍԴ-ն պետք է քննի՞ Քոչարյանի գործը:

– Եթե դիմումը հետ են վերցրել, ապա, իմ պատկերացմամբ՝ չկա դիմում, այսինքն՝ չի կարող քննվել մի բան, որը չկա։ Դատարանը պիտի ունենա շահագրգիռ անձի դիմում, որպեսզի կարողանա քննություն տանել։ Եթե չկա շահագրգիռ անձի դիմումը, որը եղել է, բայց որից հրաժարվել են, դատարանը ինչի՞ մասին պիտի որոշում կայացնի։ Ես կարծում եմ՝ օրակարգից պետք է ուղղակի հանվի: 

– Ինչպե՞ս եք գնահատում, որ «Լուսավոր Հայաստանը» չմիացավ ԲՀԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում, դա ճի՞շտ քայլ եք համարում:

– Էստեղ հարցը ոչ թե ճիշտն է, այլ քաղաքական նպատակահարմարությունը։ Մենք հիշում ենք, թե դեռևս 2019 թվականին ձմռանը ինչպիսի հակամարտություն կամ քաղաքական պատերազմ կար «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի միջև: 

Ուստի հիմա բոլորովին զարմանալի չէ, որ ԼՀԿ-ն չմիացավ ԲՀԿ-ի նախաձեռնությանը: Միամիտ մարդը պետք է ակնկալեր այդ միացումը: Կա ընդամենը քաղաքական նպատակահարմարության հարց: 

Երկու քաղաքական ուժերն էլ չեն ղեկավարվում կամ առաջնորդվում իրավունքով կամ արդարադատությամբ: Պահի քաղաքական նպատակահարմարությունն է նրանց հետաքրքրում: Շատ ցավալի է, որ միմյանց նկատմամբ «վրեժխնդրության» հարց են լուծում նախկինում ունեցած կոնֆլիկտից: 

Այդ տիրույթում նրանց վեճը ամենևին չի նպաստում երկրում սահմանադրական արդարադատության հաստատմանը: Հետևաբար միանալ-չմիանալու առումով իրենք որպես քաղաքական ուժ որոշում են ում ինչպես հարմար է: Այսինքն նայում են՝ իրավիճակը իրենց կուսակցական շահերի՞ց է բխում, թե՞ պետական: 

Այս դեպքում երկու քաղաքական ուժն էլ որոշել են, որ կուսակցական շահով պետք է առաջնորդվեն, ոչ թե պետական շահով: Դա զարմանալի չէ, բայց ցավով եմ նշում մեր երկրում ձևավորված վատ ավանդույթը, որ կուսակցական շահն ավելի վեր է դասվում, քան պետականը: 

Մենք, ցավոք սրտի, չունենք այն մշակույթը, որ քաղաքական ուժերը, կուսակցությունները պետք է առաջնորդվեն պետական շահով: Այդպես չի եղել, այսօր էլ այդպես չի: Բոլոր այն քայլերը, որոնք տեղի են ունենում խորհրդարանական մեծամասնության կամ ընդդիմության կողմից, ամբողջությամբ տեղավորվում են կուսակցական շահի տիրույթում: 

Պետական շահի մասին այստեղ խոսք լինել չի կարող: 

– Քոչարյանի փաստաբանական թիմը ինչո՞ւ էր դիմել ՍԴ, եթե այսօր հետ է վերցրել դիմումը: Ենթադրում էին, որ ՍԴ-ն իրենց համար ցանկալի որոշում պետք է կայացներ, ինչը հիմա անհնա՞ր է դառնում: 

– Ընդամենը շատ կարճ ժամանակ առաջ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոքը հետ վերցրեց, որովհետև իրենց համար հարմար դատավոր չէր այն քննելու: 

Այսինքն՝ վաղուց արդեն այս տիրույթում իրավաբանությունը չի աշխատում: Կան ցանկալի անձինք և ցանկալի իրավիճակներ: Նույն տրամաբանությամբ այդ հարցը մենք պետք է ինքներս մեզ տանք՝ ինչու, օրինակ՝ այդ դատավորը չի կարող օբյեկտիվ քննել: Կա կանխակալ վերաբերմունք: 

Նույն տրամաբանությունն էլ այս դեպքում՝ է՝ եթե Հրայր Թովմասյանը չի քննելու մեր դիմումը, մենք հետ ենք վերցնում: Հենց սա ինքնին ցույց է տալիս, որ դիմումատուն ոչ թե սահմանադրական արդարադատության հարց է բարձրացնում, այլ մտածում է՝ այս կազմը ինձ հարմար է և ինձ ձեռնտու որոշում կկայացնի: Քանի որ այս կազմը չի քննելու, մենք էլ բողոք չենք ներկայացնում: 

Նույնը տեղի ունեցած վերաքննիչ բողոքի դեպքում՝ քանի որ դատավոր Դանիելյանը մի անգամ արդեն իրենց համար անցանկալի որոշում էր կայացրել, որոշեցին հետ վերցնել, դատավորն էլ թողեց առանց քննարկման: Նույնն էլ տեղի է ունենում Սահմանադրական դատարանի դեպքում, երբ ՍԴ-ն կամ ընդհանուր իրավասության դատարանները բացառապես օգտագործվում են քաղաքական շահն առաջ տանելու համար: 

Այստեղ չկան իրավունք և արդարադատություն, հետևաբար այս տիրույթում միամտություն է ինչ-որ բան փնտրելը: Ես համոզված եմ, որ եթե Հրայր Թովմասյանը կամ ևս մի քանի անձինք շարունակեին պաշտոնավարել, դիմումը հետ չէին վերցնի: Ի՞նչ է նշանակում՝ մենք չենք ցանկանում, որ մեր դիմումը քննեն: Եթե դիմում ես դատարան և նշում՝ ես ուզում եմ, որ իմ գործը քննի այս մարդը, ուրեմն դու չես ակնկալում արդարադատություն, դու ակնկալում ես քո ծանոթի կայացրած քեզ համար կանխորոշված դատական ակտ: 

– Նրանք հիմնավորել են հետևյալ կերպ, որ Քոչարյանը և իր փաստաբանական թիմը չեն ուզում ներգործություն ունենալ քաղաքական պրոցեսների վրա, և եթե «Լուսավոր Հայաստանը» համարում է, որ միայն հուլիսի 7-ին ՍԴ-ում Քոչարյանի գործի քննությունից հետո կարող է դիմել ՍԴ, ուստի իրենք հետ են վերցնում ՍԴ-ի իրենց դիմումը, որ ԼՀԿ-ն հենց հիմա ԲՀԿ-ին միանա, և դիմեն ՍԴ:

– Անկեղծորեն՝ էլի չեմ կարողանում հասկանալ, որովհետև իրավական հարցերի լուծումը պայմանավորել քաղաքական գործընթացներով դարձյալ անհասկանալի է։

Պիտի սահմանազատենք. կա՛մ մենք գործ ունենք իրավական տիրույթում, սահմանադրական արդարադատության տիրույթում, կա՛մ եթե մեր գործողությունները պայմանավորում ենք քաղաքական իրադարձություններով, ապա ես առաջարկում եմ բոլորին, այդ թվում՝ ինձ՝ որպես փաստաբանի, ձեռնպահ մնալ դատարան դիմելուց, մինչև կունենանք ամբողջությամբ վեթինգի ենթարկված դատական համակարգ, որովհետև այսօրվա դատարանները չեն արտացոլում արդարադատությունը:

Ուղղակի մենք պետք է տարանջատենք՝ կա՛մ իրավական գործընթաց ենք ուզում առաջ տանել, կա՛մ չի կարելի իրավական գործընթացը, եթե դա անկեղծ ու ազնիվ մղումներով է, պայմանավորել քաղաքական զարգացումներով: 

– Այսօր հայտարարություն տարածեցին ՍԴ անդամ չորս դատավորները՝ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, որ չեն պատրաստվում լքել իրենց պաշտոնը: Նրանք պատասխանել են արդարադատության նախարարին՝ հորդորելով դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Ես չեմ զարմանում, որ ՍԴ դատավորներն ասում են՝ մենք չենք լքելու մեր պաշտոնը: Եթե շատ խոր նայենք, նրանք ասում են՝ մենք հրաժարվում ենք կատարել ԱԺ օրենքը, այն խորհրդարանի, որի լեգիտիմության մասին որևէ մեկը կասկած չի ունեցել: 

Մի քանի հարյուր հազար մարդ իր քվեով լեգիտիմացրել է Ազգային ժողովը, և նրանք ասում են՝ մենք հրաժարվում ենք կատարել մի քանի հարյուր հազար մարդու կողմից ընտրված ԱԺ-ի կայացրած օրենքը: 

Մյուս կողմից՝ երեկ ՍԴ դատավորներից մեկը՝ Թոխյանը, ասում է՝ ինձ ընտրողներն են նշանակել այդ պաշտոնին: Հիմա ես բաց տեքստով ուզում եմ հռետորական հարց տալ. մի դեպքում ասում է՝ ինձ ընտրողներն են նշանակել դատավոր, մյուս կողմից՝ այդ ընտրողների ընդունած օրենքը չեն կատարում: 

Հետևաբար, միայն իր այդ հակասական վարքագծով նա ցույց է տալիս, որ մարդիկ օրենքներին ենթարկվում են այնքանով, որքանով իրենց է հարմար լինում: Մարդիկ ուղղակիորեն մտել են քաղաքականության մեջ և ինչպես նախորդ տասնամյակների ընթացքում չեն իրականացրել սահմանադրական արդարադատություն, այսուհետ ևս չեն իրականացնելու: 

Նրանք պետք է շատ համարձակորեն, բարձր ճակատով 2018 թվականի ապրիլի 23-ին իրենց հրաժարականի դիմումը ներկայացրած լինեին: Որովհետև այն անձինք, որոնք ամեն անգամ կնքել ու դակել են կեղծված ընտրությունների արդյունքները, չեն կարող շարունակել պաշտոնավարել: 

Նրանք տեղյակ չէի՞ն, որ ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն ձայներ է գնել, չունեի՞ն փաստեր, բայց նրանք հաստատում էին ընտրությունների անվերապահ ճիշտ լինելը: Այդ մարդիկ շարունակաբար հաստատել են պետական հանցագործությունների վերաբերյալ փաստերը: Քանի որ նրանք օրենքը չեն հարգել պարբերաբար և շարունակաբար, չեմ զարմանում, որ հիմա էլ չեն հարգում: 

Արդեն հայտարարություններ են անում, մեծ հաճույքով հարցազրույցներ են տալիս մի հարցի շուրջ, որի վերաբերյալ ենթադրաբար իրենք պետք է քննարկում ծավալեին: Պարզապես ափսոսում եմ, որ մենք չենք ունեցել Սահմանադրական դատարան, դատական իշխանություն, ափսոսում եմ, որ քաղաքական մեծամասնությունը երկու տարի նրանց հետ տունտունիկ խաղաց, և նոր այսօր որոշել են, որ բոլորին պետք է կարգի հրավիրեն: Հետևաբար նրանց այսօրվա հայտարարությունը զարմանալի չէ: Նրանք հրաժարվո՞ւմ են կատարել օրենքը, շատ լավ, ուրեմն նրանք որպես դատավոր չեն կարող մյուսներից պահանջել օրենք պաշտպանել:

Մանե Հարությունյան

MediaLab.am