Ընդդիմությո՛ւն, մի՛ շտապեք կույրաղիք լինել

Մհեր Արշակյան

Չէ՛, մեր ընդդիմադիրներին հասկանալը ավելի է դժվարանում։ Հատկապես երբ առաջնագծում իրենք չեն։ Ըստ նրանց՝ այն, ինչ 2016-ի ապրիլին ընդունելի էր ասել և լսել Սերժ Սարգսյանի մասին, նույնքան տրամաբանական է Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ 

Դիցուք, «Բլոգնյուզը» «անկեղծորեն» կարծում է, որ Ադրբեջանը սպասում էր Աշոտ Փաշինյանի զորացրմանը, որպեսզի սկսեր հարձակումը։ Հիմա ոնց ասենք՝ տղե՛րք, տարբերություն կա այն ժամանակվա ու հիմիկվա մեջ։

Այն ժամանակ կար վախ, որ բանակը լրիվ բարոյալքված է, որովհետև բարոյալքված է բանակի ղեկավարությունը գերագույն գլխավոր հրամանատարով հանդերձ։ Բարոյալքումը զինվորները հերքեցին իրենց զոհաբերությամբ։ Բայց 800 հեկտար կորցրեցինք։ 

Հիմա բանակի հանդեպ այդ վախը չկա, նույնիսկ եթե բանակը մեզ հետաքրքիր չէ։ Գումարած այն, որ զոհ չունենք։ Չխոսենք արդեն այն մասին, որ մեր զինվորները հակառակորդի դիրքեր են վերցրել։ Ուրեմն ինչո՞ւ եք չարախոսում։ Չարախոսությունը երկրորդ ճակատ է, հասկանո՞ւմ եք։

Դուք ուզում եք քաղաքացուն բարոյալքել, որպեսզի էդ բարոյալքումը գնա հասնի բանակ, մերոնք մի սխալ բան անեն, ու դուք էդ սխալի վրա խրախճանք կազմակերպեք։ Որպեսզի Միքայել Մինասյանը լայվ մտնի ու ասի՝ Փաշինյանը կործանում է Հայաստանը։ Դուք ասում եք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ընդդիմությունը համախմբված չէր իշխանության շուրջ։ Դա իրականում այդպես չէ։ Պատերազմի ժամանակ համախմբված էր։

Պատերազմից հետո հայտնի դարձավ, որ կռվել ենք 80-ականների զենքով, կորցրել ենք 800 հեկտար, ու դրա համար պատասխան տվող չկա։ Գերագույն գլխավոր հրամանատարը մխիթարում էր նրանով, որ կորցրածը մի էական տարածք չէ, թեպետ պարզվեց, որ խոսքը Լելե Թեփեի մասին է, իսկապես ստրատեգիական մի դիրքի։ Նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մեր տանկերը լիցքավորված էին ոչ թե վառելիքով, այլ՝ ջրով։ 

Եվ մի բան էլ՝ այն ժամանակ ամբողջ իշխանությունն իրար հետ կապված էր կոլեկտիվ հանցագործություններով, մարդիկ իրար «պաս» տալով երկրի հերն էին անիծում։ Ու կորոնավիրուս չկար։ Ու չկար արտակարգ դրություն։ Ու Հայաստանի հանդեպ չէր ագրեսիան։

Հիմա բացի Աշոտի զորացրումից, ուրիշ ի՞նչ է արել Փաշինյանը, որը Ադրբեջանը ոգևորվել է։ Այն ժամանակ, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը Ալիևի ամենաոխերիմ թշնամին լիներ, մեզանից ոչ մեկը չէր հավատում, որ նրանք նույնիսկ սահմանային սպանություններն իրար «պաս» չեն տալիս։ 

Հնարավոր է Ապրիլյան պատերազմի ժամանակ ո՛չ մեր հետախուզությունը, ո՛չ բանակի ղեկավարությունը ոչ մի սխալ չեն գործել, ու մեր 100-ից ավելի զոհերն էլ լրիվ ադրբեջանական մարտական հանճարի հետևանք են։ Բայց դա պատերազմ էր մի իրավիճակում, երբ ազգը և իշխանությունը «մարտական» տարբեր դիրքերում էին։

Եվ զինվորը, ըստ էության, միայնակ զինվոր էր, հնարավոր չէր ասել, որ թիկունքում Ինքը ուներ թիկունքի զգացողություն, նույնիսկ ապրում էր այդ թիկունքով, բայց նա թիկունք չուներ։ Ահա ինչու, այնուամենայնիվ, այդքան զոհեր եղան Ապրիլյանի ժամանակ։ Հիմա մենք սոսկ բանակ չունենք։ Հիմա ինքնին բանակ չունենք։ Հիմա ունենք ամեն ինչ՝ իշխանություն, ժողովուրդ, զինվոր, զենք, նույնիսկ ձեզ ունենք։

Այս ամենը մի օրգանիզմ է։ Մի՛ փորձեք կույրաղիք դառնալ։ Ոչ ոք չի շտապում ձեզ այդ դերում տեսնելու։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am