Սահմանը և ողջախոհությունը

Վահրամ Թոքմաջյան

Երբ թերթում ես 1990-ականների սկզբի ընդդիմադիր մամուլը, ապշում ես: Եթե պատմությանն անտեղյակ մեկը լինես, կստեղծվի տպավորություն, որ ՀՀ ղեկավարությունը ոչնչից տեղյակ չէ, իսկ մի քանի կամավորներ առաջ են շարժվում՝ ազատագրելով հարյուրավոր կիլոմետրեր:

Թշնամին՝ թիկունքից: Եթե երկու բառով նկարագրեմ, ապա այդ եզրահանգմանն եմ գալու՝ խոսելով 1990-ականների սկզբի մամուլի և որոշ ընդդիմադիրների պահվածքի մասին:

Քննարկվող ժամանակահատվածից մենք մտանք մի փակ շղթա, որը կոչվում է պատերազմ: Շղթա, որը թելադրում է յուր կանոնները և այդ կանոններից բխող համակեցության, հարաբերությունների նորմեր: Պատերազմը չի ավարտվել, պարզապես այն ունի պասիվ ու ակտիվ փուլեր, որոնք ծառայում են նաև որպես լակմուս՝ հանրային հարաբերությունների համատեքստում:

Որևէ գաղտնիք չեմ բացահայտի, եթե պնդեմ, որ ռազմական գործողություններին զուգահեռ հսկայական կարևորություն են ձեռք բերել մեդիապատերազմները: Մեդիահոսքերի անընդհատ տարածման ու բաց աշխարհի պայմաններում երբեմն ավելի կարևոր է դառնում չպարտվել հենց այդ ճակատում: 

2016 թ. ընդդիմությունը Ապրիլյան քառօրյայի ընթացքում սա շատ լավ հասկացավ: Հասկացավ նաև իշխանության շուրջ միավորվելու պետականափրկիչ առաքելությունը: Եվ դա արեց, անկախ Սերժ Սարգսյանի և նրա վարչակարգի նկատմամբ ունեցած քաղաքական օբյեկտիվ հակակրանքից: 

Խուճապ

2016-ի ընդդիմադիրները հասկանում էին խուճապի կարևորությունը, հասկանում էին, որ ռազմական գործողություններին զուգահեռ, եթե հասարակության մեջ խուճապ է տարածվում, ապա այդ հասարակությունն անդառնալիորեն պարտված է: Ադրբեջանի պարտության պատճառներից մեկը 1990-ականների սկզբին հենց այդ խուճապն էր և իշխանական վայրիվերումները:

Սա հասկանալով, անկախ քաղաքական հակասություններից, մարդիկ չճշտված ու խուճապային ինֆորմացիա չէին տարածում: Հանդես էին բերում բացառիկ զսպվածություն՝ տարածելով միայն պաշտոնական տեղեկությունները: Սա նորմալ է պատերազմական իրավիճակում գտնվող հասարակությունների համար: Ելնելով ռազմական իրավիճակի սրացումից՝ իշխանությունը կարող է քեզ որոշ բաներ չասել:

Ո՞վ ասաց, որ Կասկադի սրճարանում նստած հանգիստ իր սուրճը վայելող ու կողքի սեղանին նստած աչոնիկի ազդրերով զմայլվող ֆեյսբուքյան գոտեպնդիչը պետք է առաջին ձեռքից իմանա Տավուշի խրամատների հեռավորությունն ու առկա զենքի քանակը: Բյուզանդական դիվանագիտությունը չէր ստում, բայց և չէր ասում ճշմարտությունը:

Գործողություն ձեռնարկելիս հակառակորդն անպայման հաշվում է, թե դա ինչ ազդեցություն կունենա տվյալ երկրի ներքին տրամադրությունների վրա: Ինչպե՞ս կարձագանքի այդ երկրի ընդդիմությունը, կտարածվի՞ արդյոք խուճապ հասարակության մեջ: Եթե այդ երկու գործոնները ստացվում են, ուրեմն հարձակումն էլ է հաջողված:

Երեկ ցերեկ սկսված և այսօր առավոտյան շարունակվող լարվածության ֆոնին Ադրբեջանը այդ նպատակներից մեկը՝ խուճապ առաջացնելը, չիրագործեց: Չիրագործեց, որովհետև սոցիալական մեդիայի հիմնական անհատները և խմբերն արդյունավետ աշխատեցին: Սակայն սա չի նշանակում, որ մեդիագրագիտության խնդիրը և ճգնաժամային իրավիճակներում չմանիպուլացվելու հմտությունը մենք ունենք: Ո՛չ:

Հայկական մեդիադաշտը անդառնալիորեն կեղտոտված է դեղին մամուլով, հայհոյանք և ապատեղեկատվություն տարածող էջերով, ամենաստոր քարոզչական հնարքներով աչքի ընկնող անհատներով: Լավ, ասենք՝ դրանք ամեն երրորդ բառում հիշատակում են իրենց հայրենասեր, զինվորին նվիրված լինելը, որին չհավատալու հիմք ունենք, բայց մարդկային տարրական կարեկցանք չունե՞ն:

Երբ հերթական սուտը կամ մանիպուլյացիան են տարածում, պատկերացնո՞ւմ են ծառայող զինվորի ծնողի, եղբոր, քրոջ, այլ հարազատի վիճակը, թե այդ պահի երկու կոպեկ լափն ավելի կարևոր է:

Նախկիններին սպասարկող եթերային ու մեդիա ռեսուրսները բնավ զբաղված չէին հասարակությանը հանգստացնելով կամ խուճապը կանխելով: Թե ի՛նչ օրակարգերի են սպասարկում նրանք, յուրաքանչյուրը կարող է տեսնել մկնիկի մի քանի հպումով:

Ամենաէժան ձեռնածությունը, որը տեղի ունեցավ այս ընթացքում, Փաշինյանին և նրա ընտանիքը թիրախավորելն էր: Զուգահեռաբար խաղացին բոլոր հնարավոր արժեքների հետ՝ փորձելով գեներացնել ատելության նողկալի չափաբաժին՝ օգտագործելով գոնե մինչ այս պահը անաղարտը՝ զինվորին ու նրա ընտանիքը:

«Տղուն բերեց, ու կռիվն սկսվեց»: Այս մեկ նախադասության մեջ ամփոփվում են մեր քաղաքական դաշտի ողջ թշվառությունը, նողկանքը և միջոցների առաջ կանգ չառնելը:

Եթե սա արվեր ֆեյսբուքյան որոշ օգտատերերի մակարդակով, ապա դա կհամարեինք ցնորամիտ ու նեղ անձնական ատելության վրա հիմնված մոտեցում: Սակայն երբ սա արվում է նախկին իշխանության պատգամավորների և առանցքային գործիչների մակարդակով, գործ ունենք քաղաքական պայքարի ամենաստորաքարշ դրսևորումների հետ:

Հայկական մեդիատիրույթը պետք է հնարավորինս մաքրել: Մենք չենք կարող դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին, եթե չունենանք մեդիագրագետ քաղաքացի: Մեդիակրթության խնդիրն այսօր տասնապատիկ ավելի կարևոր է, քան օրեր առաջ շահարկվող թեմաները:

Այդ կրթությունը պետք է տարածել ամենուր՝ դպրոցում, եթերում, աշխատավայրում, առանձին օգտատերերի էջերում: Լարված ու ռազմական իրավիճակում գտնվող հասարակություններն ամենազգայունն են:

Ցանկացած սուտ և ձեռնածություն պարարտ հող կգտնեն նման հասարակություններում: Հատկապես, երբ ուղեղի հետ խնդիրներ ունեցողները հավատում են, որ մասոնները պատրաստվում են իրենց գլխի մեջ չիպ դնել, ու այդ խնդիրներ ունեցողներին կան հավատացողներ, որն էլ ավելի մտահոգիչ է:

Խաղաղություն և ողջախոհություն բոլորիդ: Խաղաղություն հատկապես սահմանին: 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am