Ճարտարապետությունը ռեպրեսիայի է ենթարկվում. ռուսաստանաբնակ հայտնի ճարտարապետը Երևանում ստեղծված իրավիճակի մասին

Ճարտարապետությունը ռեպրեսիայի է ենթարկվում. ռուսաստանաբնակ հայտնի ճարտարապետը Երևանում ստեղծված իրավիճակի մասին
Ճարտարապետությունը ռեպրեսիայի է ենթարկվում. ռուսաստանաբնակ հայտնի ճարտարապետը Երևանում ստեղծված իրավիճակի մասին

Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգի նախագծի բաց մրցույթ է հայտարարել: Մրցութային հանձնաժողովը գլխավորելու է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, իսկ նախապատվությունը տրվելու է այն առաջարկներին, «որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում»:

Հենց այս ձևակերպումն է ճարտարապետների մտահոգության ու անհանգստության տեղիք տալիս: Հերթը հասել է Հանրապետության հրապարակին:

«93-ին, երբ Հայաստանից մեկնեցի և երեք տարի հետո վերադարձա, տեսա այս միտումները, փոքր բաներ էին, բայց երևում էր, որ պիտի զարգանան: Սկսեցին քանդելուց, կոնստրուկտիվիստական շենքը վերակառուցում էին, հետո քանդեցին հրապարակի պատվանդանը, որն իմաստ չուներ: Դրան հաջորդեց «Սևան» հյուրանոցը, հետո՝ Երիտասարդության պալատը, և այդ շարքը շարունակվում է»,- «Մեդիալաբին» ասում է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարապետների միության Ռուսաստանի մասնաճյուղի նախագահ, մոսկվայաբնակ ճարտարապետ Կարեն Բալյանը:

Դեռ 2000-ին, երբ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի նկատմամբ ոտնձգություն չէր արվել, ճարտարապետը նամակ գրեց այն ժամանակ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին և քաղաքապետին` խնդրելով վերականգնել ամառային կինոթատրոնի հարթակը: Ասում է` միտումը տեսնում էր: Բալյանն ասում է, որ «Ռոսիա» կինոթատրոնը, որը հայկական մոդեռնիզմի գլուխգործոցներից մեկն է, այսօր չի քանդվել միայն այն պատճառով, որ տեխնիկապես շատ բարդ, գրեթե անհնար է այն քանդելը:

Հանրապետության հրապարակի վերակառուցման նախաձեռնությունը ճարտարապետը աննախադեպ ու արտառոց է համարում:

«Նախ` անհասկանալի է, թե ինչո՞ւ է պետք դա անել, քանի որ սա մեր ամենաավարտուն կառույցն է: Ես չեմ ուզում շեղվել և ասել, թե ինչ լուրջ խախտումներ արվեցին թամանյանական մտահղացման մեջ, ստալինյան ժամանակաշրջանը ներխուժեց այնտեղ, բայց այնուամենայնիվ, դա կայացավ իբրև մի ամբողջականություն: Հիմա հարց է ծագում. եթե մի բանն արդեն կա, ի՞նչն է խնդիրը»,- հարցնում է Բալյանը:

Նրա կարծիքով` այստեղ բիզնես շահն ու անձնական հավակնություններն են վճռորոշ` ժամանակակից բիզնեսը հետաքրքրվում է քաղաքի «ամենահամեղ թիքաներով», այսինքն` պատրաստ է գումարներ ներդնելու այնտեղ, որտեղից ավելի շատ շահույթ է տեսնում:

Այն, ինչ կատարվում է այսօր հայկական ճարտարապետության մեջ, ռուսաստանաբնակ ճարտարապետը համեմատում է ստալինյան ռեպրեսիաների հետ:

«Ես կարծում եմ, որ ստալինյան ժառանգությունն այնքան խորն է, այնքան բազմաճյուղ և այնպես է ազդել ժողովուրդների հոգեբանության վրա, որ թափանցել է ենթագիտակցության շերտեր: Եվ եթե այն ժամանակ կարելի էր հազարավոր մարդկանց ռեպրեսիվ ցուցակներ ունենալ, ապա ինչո՞ւ չի կարելի հուշարձանների ռեպրեսիվ ցուցակներ ունենալ: Ինչպես այն ժամանակ էր միտումը` ամենալավագույններին, ամենավառ, ամենապայծառ ու հետաքրքիր անհատականություններին էին հետապնդում, հիմա, փաստորեն, հետապնդվում են ամենահետաքրքիր, ամենաուրույն կառուցվածք ունեցող շինությունները, ամենավառ ճարտարապետությունը: Միտումը նույնն է, ես հավասարության նշան եմ դնում,-«Մեդիալաբին» ասում նա և հավելում,- Եթե այն ժամանակ լավերին ոչնչացնում էին, որպեսզի միջակությունը նրանց տեղը գրավեր, և այդպես էլ եղավ, հիմա լավագույն կառույցները ոչնչացնում են, որպեսզի արդեն կառուցված և կառուցվելիք միջակությունը տեղ ունենա»:

Բալյանը չի ցանկանում հարցը քաղաքականացնել, ասում է` գործ ունենք պրոֆեսիոնալիզմի բացակայության հետ:

«Ընկավ պրոֆեսիոնալիզմը, բիզնես շահերն առաջին տեղում են, և մենք ունենք անձանց չարաբաստիկ զուգադիպություն: Ամեն ինչ կախված է մարդկանցից: Սա ռեպրեսիվ մեխանիզմ է, ես ամենայն լրջությամբ եմ ասում` սա ռեպրեսիա է մեր ճարտարապետության հանդեպ: Օրինակ` ԱԳՆ-ի շենքը, որը երկրորդ կառավարական տունն էր, դարձնել հյուրանոց, անհնար է, որովհետև այնտեղ շատ քիչ բացվածքներ կան, և հասկանալի է, որ այն մարդը, որ դա գնում է, պետք է ունենա լրացուցիչ մակերեսներ, ուրեմն, էսօր էդ մարդու, սեփականատիրոջ լուսավոր օրն է»,- «Մեդիալաբին» ասում է նա: Ճարտարապետը որպես անձնական հավակնությունների դրսևորման օրինակ բերում է Հյուսիսային պողոտայի նախագիծը.

«Մենք տեսնում ենք, որ Հյուսիսային պողոտան շահավետ դուրս չեկավ, բայց նույն փոսն ենք ընկնում»:

Ճարտարապետի խոսքով` հայեցակարգում պարզորոշ ասվում է, որ հրապարակը պետք է վերակառուցվի: «Բիզնեսն է հետապնդում իր շահերը, բա՞ ազգային շահերը»,- տարակուսում է ճարտարապետը:

Բալյանն այս նախաձեռնության պատճառներից մեկն էլ համարում է այն ցավալի փաստը, որ հրապարակը հարակից տարածքների կառուցապատման հետևանքով կորցրեց իր ուրվագիծը, և այժմ դա քողարկելու պահանջ կա: «Այս երկու խնդիրները կարծես թե իրար շատ լավ միանում են. մի կողմից նոր կառուցապատման հնարավորություն ենք տալիս, մյուս կողմից` քողարկում այն սխալները, որոնք վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում կուտակվեցին քաղաքում: Բայց այդ սխալները կատարել են նրանք, որոնք, այսպես ասած, պետք է վերակառուցեն, ուրեմն, նրանք էլ ավելի կխորացնեն այդ անդունդը: Մենք չխոսեցինք Փակ շուկայի խնդրից, դա ոչ մեկի գլխում չի տեղավորվում: Բավականին շահավետ գործ էր շահագործել շուկան, բայց, չգիտես ինչու, մարդը գումար է ծախսում և ամբողջ ժողովրդի դժգոհությունն է առաջացնում, որ ի՞նչ շահի»,- արձանագրում է նա:

Ճարտարապետը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ հայեցակարգով մրցույթին մասնակցելու իրավունք է տրվում ոչ թե հայ, այլ Հայաստանում գործող ճարտարապետներին: Բալյանը հիշեցնում է`1919-ին առաջին հանրապետության կառավարությունը Թամանյանին հրավիրեց նոր մայրաքաղաքի հատակագծմանը լծվելու, կայսերական մասշտաբի ճարտարապետը նախընտրեց Հայաստանը և մինչև վերջ հավատարիմ մնաց համայն հայության մայրաքաղաք ստեղծելու տեսլականին:

«Նույնիսկ ստալինյան ճարտարապետությունը, որը խեղաթյուրեց ամբողջ նախագիծը, այդ տեսլականին հարազատ մնաց, բայց այսօր հայությունն իրավունք չունի մասնակցելու իր գլխավոր հրապարակի վերակառուցման գործին, մինչդեռ հայ ճարտարապետներ կան, որոնք համաեվրոպական անուն և քաղաքաշինական հսկայական փորձ ունեն»,- նշում է Բալյանը:

Հայկական ճարտարապետությունը, նրա գնահատմամբ, այսօր ամենացածր մակարդակի վրա է գտնվում վերջին հարյուր տարիների համեմատ: Իսկ ամենացավալին ճարտարապետն համարում է այն, որ մենք, անկախություն և ազատություն ստանալով, կորցրեցինք մեր ուղենիշը:

«Մենք կարծես կողմնացույց չունենք, մագնիսական դաշտի մեջ ենք: Ստալինյան կարծրացած վիճակից մենք գլուխգործոցներ ստեղծեցինք` Օղակաձև զբոսայգին ստեղծվեց, բացվեց Օպերան: Մենք այսօր փակել ենք այն, Օպերան կարելի է դիտել միայն Կասկադի վերևից: Երբ Օպերային նայում ես, խեղդված է, կարծես մի հին ազնվական, մի մտավորական լինի, որին նեղել են: Օպերային նայելով ես պատկերացնում եմ Չարենցին Երևանի բանտում, իմ պապին, որը մահացել է Մագադանում»,- ասում է նա:

Նա ասում է, որ անցյալ դարի 60-կաններին նոր սերունդը կարողացավ խզել անցյալի հետ կապերը, և ծնվեց ազգային մոդեռնիստական ոճը, այժմ նման փոփոխություն տեղի չի ունենում հայրենասիրության պակասի պատճառով: «Հիմա ամեն մեկն իրենն է անում, որ նայում ենք, դա ճարտարապետությունից շատ լավ երևում է: Այդպես եղել է նաև միջնադարում, փոքրիկ հատվածներով են մարդիկ կառուցել միջնադարյան քաղաքները, բայց այն ժամանակ կանոններ կային, մենք կանոն էլ չունենք»,- նշում է Բալյանը:

Ճարտարապետի խոսքով` 21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհը խոսում է ժողովրդավարությունից, կանաչ ճարտարապետությունից, մենք զբաղված ենք ստալինյան ձևերի վերամշակումով, այն էլ` վատագույն ձևով, իսկ մյուս կողմից` իբրև էպիգոն, ընդօրինակում ենք Արևելքի ձևերը` Դուբայի ճարտարապետությունը, որը մեզ բնորոշ չէ ոչ գաղափարական, ոչ մշակութային առումով:

Կարեն Բալյանին «ինչո՞ւ է հարկավոր հրապարակի վերակառուցում» հարցից զատ հետաքրքրում է մեկ հարց ևս. «Ինչո՞ւ ենք դա անում այն ժամանակ, երբ մենք շատ թույլ ենք: Հասկանում եք, ոնց որ հիվանդ մարզիկը դուրս գա մրցումների, բնական է, նա կպարտվի: Հիվանդ է մեր ճարտարապետությունը»:

Ճարտարապետը վստահ է`այսօր պետք է միայն մի բան անել` ձեռնպահ մնալ այս ամենից:

«Հասկանո՞ւմ եք, ամբողջ աշխարհի հայերը գալիս, կանգնում են այդ հրապարակում, մեկը գորգ է վաճառել, մյուսը բիզնես ունի, երրորդը ոչինչ չունի, փող է հավաքել, որ գա Հայաստանը տեսնի: Հիմա մենք ռեպրեսիայի ենք ենթարկում այն, ինչ ամբողջ ազգն է պահել: Դա նաև տագնապ, հիասթափություն է մտցնում հասարակության մեջ: Մի բան, որը ձգում էր, հիմա պետք է հետ աշխատի, վանի»,- «Մեդիալաբին» ասում է Կարեն Բալյանը:

© Medialab.am