Հիվանդասենյակից դիահերձարան. «Ա´յ մարդ, չէ՛, չե´մ վախենում, ինչի՞ց վախենամ»

Հիվանդասենյակից դիահերձարան. «Ա´յ մարդ, չէ՛, չե´մ վախենում, ինչի՞ց վախենամ»
Հիվանդասենյակից դիահերձարան. «Ա´յ մարդ, չէ՛, չե´մ վախենում, ինչի՞ց վախենամ»

Հայաստանի հարավային Քաջարան քաղաքի բնակիչները զարմանքով են նայում միրգ ու կաթնեղեն վաճառող Արմենուհի Սահակյանի հյուրերին, քանի որ 55-ամյա այդ համարձակ ու աշխատասեր կինը 25 տարի բուժքույր, ապա 8 տարի դիահերձող է աշխատել:

1998-ին էր, երբ Քաջարանը մնացել էր առանց դիահերձողի, ու քաղաքային հիվանդանոցի տնօրինությունը որոշել էր՝ ամենահամարձակը շտապօգնության ավագ բուժքույր Արմենուհի Սահակյանն է:

«Մենակ էի աշխատում դիահերձարանում, ոչ մի օգնող չունեի, պայմանների մասին էլ չեմ խոսում. սառած դուռը մինչև բացում էի, թվում էր՝մատներս կջարդվեն: Բայց անգամ էդ պայմաններում ոչ մի րոպե չեմ վարանել, աշխատանք էր, պիտի անեի,- սուրճը գազօջախին դնելով՝պատմում է նա: – Էդպես վախեցած մի´ նայեք ձեռքերիս: Տես հիմա ինչ համով սուրճ կեփեմ»:

«Ա´յ մարդ, չէ՛, չե´մ վախենում, ինչի՞ց վախենամ»,- 8 տարի շարունակ հետաքրքրասերներին պատասխանում էր Արմենուհին, ով մինչ այդ աշխատանքին անցնելը առաջին ու վերջին անգամ դիահերձարանում եղել էր ուսանողության տարիներին՝դասախոսի ուղեկցությամբ, երբ շատ քիչ աղջիկներ էին կարողանում դիահերձարան մտնել և չուշաթափվել:

Մանկուց Բայևիկ մականունով Արմենուհին նույնիսկ տղաներից ավելի «ռիսկով ու նախաձեռնող» է եղել: Մի անգամ անգամ Կապանում հայտնի Չերեմուշկա թաղամասի աստիճանները (Կապանում հայտնի է որպես ամենաերկար աստիճաններ ունեցող թաղամաս) բարձրանալ-իջնելուց հաշվել է՝ 601 աստիճան, ու քանի որ կլոր թիվ չէր, իրեն դուր չի եկել, կազմակերպել ու տղաների հետ քանդել են «ավելորդ» աստիճանը:

Սուրճը պատրաստ է, Արմենուհին սեղանին է դնում իր այգուց հավաքած տանձ ու խնձորը, ապա հիշում, որ դեռ դպրոցահասակ սիրում էր խնձոր հավաքել հատկապես գերեզմանոցի ծառերից:

«Հո մենակ խնձորի համար չէի գնում, ավելի շատ գնում էի, բարձրանում գերեզմանի ծառերից մեկը ու նայում, թե ո´նց են մարդ թաղում: Շատ հետաքրքիր էր մեռելի հետ կապված ամեն ինչը: Մի անգամ էլ տատս բռնացրեց, բարկացավ, թե ի´նչ եմ անում մեռելի գլխավերևի ծառին նստած, ես էլ նշան արեցի, որ սուս մնա ու թողնի մի կարգին ուսումնասիրեմ»:

Այն ժամանակ նա չէր էլ պատկերացնում, որ մահացած մարդուն ուսումնասիրելու մանկական հետաքրքրասիրությունը մի օր կդառնա աշխատանք, որը կօգնի երեք ուսանող պահել ու դժվարին պարտականությունն իրականացնել. «Դիահերձելը շատ կարևոր աշխատանք է, կարևորը այդ պահին ոչ մի բանի մասին չմտածես»:

Արմենուհին որքան էլ փորձում է իր աշխատանքը թեթև ներկայացնել, չի կարողանում չխոսել ծանր դեպքերի մասին, որոնք խոր հետք են թողել նրա սրտում, որոնցից ամենածանրը գործընկերուհու մահն էր:

«Միշտ ինձ ասում էր՝ ա´յ քաշկա, նայի` ինձ չհերձես, հա, էդ գործիքներով ինձ չկտրտես, ասում էր, որ վախենում է ինձնից: Ես էլ ասում էի՝ ձե´նդ կտրի, աղջի՛, ջահել ես, բայց հենց այդպես ջահել էլ մահացավ, ու, ցավոք, ես պիտի նրան հերձեի: Չեմ կարող բառերով ասել՝ ի´նչ էի զգում այդ պահին, մի դիակ էլ ես էի: Շատ ծանր էր ծանոթներին հերձելու պահը. եթե մտերիմ մարդ էր լինում, գլխին շոր էի գցում, որ դեմքը չտեսնեի, ցավ չզգայի ու հերձում էի»:

Տևական լռությունից հետո Արմենուհին կրկին ժպտում է. «Մարդիկ շատ հետաքրքիր են, ամեն օր ամուսնուս հարցնում էին, թե արդյոք չի՞ վախենում դիահերձող կնոջ հետ քնելուց, ամուսինս էլ պատասխանում էր, թե ձևը գտել է՝գլուխը գցում է վերմակի տակ ու մոռանում, որ կողքին դիահերձող է պառկած»:

Արմենուհի Սահակյանը հիվանդանոցային աշխատանքային կյանքի մասին այժմ միայն անցյալով է խոսում: 2006-ին Քաջարանի հիվանդանոցի տնօրինությունը փոխվեց, նոր գլխավոր բժիշկը տղամարդ դիահերձող բերեց «ոչ կանացի այդ պաշտոնին», իսկ կնոջը հետ չվերցրեց աշխատանքի` թեկուզ նախկին՝բուժքրոջ հաստիքով:

«Նոր տնօրենն իրեն ծանոթ մարդիկ վերցրեց աշխատանքի, ինձ հետ միասին ևս 9 մարդու էլ աշխատանքից ազատեց: Հետո էլ ասում էր` եթե խնդրենք, գուցե հետ վերցնի աշխատանքի: 9-ը գնացին խնդրելու, ես չգնացի, նախընտրեցի չխնդրել, պարզապես չհասկացա, թե ինչո´ւ որոշեցին 33 տարվա փորձը հաշվի չառնել ու ազատել աշխատանքից»:

Հաշմանդամություն ունեցող ամուսնու ու տղայի խնամակալն այսօր իր տան առջևում այգի է տնկել ու մշակում, անասուն է պահում, կով կթում, ամեն աշխատանք էլ անում է: Արմենուհին ասում է՝ գուցե ճակատագիր է, որ ամուսինն ի վիճակի չէ աշխատելու, իր հույսը որդին էր, ով, սակայն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելիս խեղում է ստացել ու այժմ չի աշխատում.

«Ծակ ուլունքը գետնին չի մնում, ես իմ ձեռքերով ամեն ինչ կարող եմ անել՝ դիակ հերձելուց մինչև տանձ ու խնձոր հավաքել: Հարսս տանը երկու թոռնիկներիս է մեծացնում, ես էլ օր ու կեր եմ անում, գրեթե մի տղամարդու աշխատավարձի չափ կարողանում եմ վաստակել,- ասում է նա: – Քանի կարող եմ, պիտի անեմ, որ հետո թոռներս մեծանան ու իրենց հորն ու մորը սատար կանգնեն»:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am