Մի կողմից մտածում եմ՝ չարժի, որ Վահե Գրիգորյանը շարունակի պաշտոնավարել, մյուս կողմից էլ հասկանում եմ՝ անհատներն են փոխում ինստիտուտները․ Լուսինե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Իրավունքի Եվրոպա» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, Սահմանադրական դատարանը արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում ՍԴ նախագահ ընտրել։ Ի՞նչ տպավորություններ ունեք, ի՞նչ իրավիճակ է։

– Այս պահին պատկերը լավ չէ․ փաստորեն ունենք մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյան։ Մինչև այդ էլ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ հենց Երվանդ Խունդկարյանն է լինելու ՍԴ նախագահ, քանի որ իշխանությունները նման ծրագրեր ունեն, և նրան ՍԴ նախագահի պաշտոն է խոստացվել։

Եվ նրա ինքնառաջադրումը ավելի շատ այդ լուրերը հաստատում է, քան հերքում։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Ես հույս ունեմ, որ նա, այնուամենայնիվ, չի ընտրվի ՍԴ նախագահ, և, կարծում եմ, որ ճիշտը դա կլինի։

Թեև, անկեղծ ասած, ինչպես մեր հասարակության առողջ մասը, խոր հիասթափություն եմ ապրել ՍԴ դատավորների վերջին ընտրությունից, այդուհանդերձ, հույս ունեմ, որ Երվանդ Խունդկարյանը չէ, որ կդառնա Սահմանադրական դատարանի դեմքը։

– Հրայր Թովմասյանն էլ դուրս եկավ և հայտարարեց, թե իր տպավորությամբ՝ Երվանդ Խունդկարյանի ինքնառաջադրման գործընթացն ուղղորդված է․․․

– Ես չեմ ուզում Հրայր Թովմասյանին մեկնաբանել, իր անկեղծությանը չեմ հավատում։

– Ըստ էության, դուք էլ նման տպավորություն ունեք, վկայակոչեցիք նաև այդ մասին մամուլի հրապարակումները։

– Բայց ես չեմ բացառում, որ նա վերջին րոպեին կգնա ու կընտրի Երվանդ Խունդկարյանին։ Նրանք ի վերջո նույն թիմից են, նախկինների նույն համակարգից են։ Ես չեմ համարում, որ նա անկեղծ է այդ հայտարարություններն անում։

Ավելին, իմ պատկերացմամբ՝ սա նրա հերթական ինչ-որ խաղն է, և այդ խաղի նպատակն ու հետագա զարգացումը հետո կհասկանանք։

– Իշխանական ուժը քննարկումներում հայտարարում էր, որ իրենց պետք չի կամակատար Սահմանադրական դատարան․․․

– Եթե պետք չէր, թող նախկինների կամակատարին չտանեին այնտեղ։

– Վստահելի չէի՞ն նման հայտարարությունները ձեզ համար։

– Ո՛չ, ինձ թվում է՝ ոչ մի ողջամիտ մարդու համար նման հայտարարությունները վստահելի չէին կարող լինել։ 

– Տիկի՛ն Հակոբյան, Վահե Գրիգորյանը ձեր ընկերն է, նրա հետ երկար ճանապարհ եք անցել, համագործակցել, աշխատել։ Նրան ճանաչելով՝ ինչպե՞ս եք պատկերացնում նման իրավիճակում, արդյոք ըստ ձեզ, նա պե՞տք է շարունակի այդ միջավայրում աշխատել։

– Ես իհարկե կուզեի տեսնել Սահմանադրական դատարանի այլ կազմ, մանավանդ որ ճիշտ եք, Վահեին երկար տարիներ ճանաչելով, վստահ էի՝ այնտեղ նրա աշխատելով, նիստերին մասնակցելով՝ ՍԴ քննարկումների որակը կբարձրանար, արժեբանական մեծ փոփոխություն կլիներ։

Շատ կուզեի, որ այնտեղ տեսնեի նրա որակի մարդկանց, որոնք կան Հայաստանում։ Ես այն կարծիքին չեմ, որ մենք չունենք այդպիսի որակներ ու արժեքներ կրող անձինք, որոնք կարող էին աշխատել ՍԴ դատավորներ։

Ուղղակի ակնհայտ էր, որ իշխանությանն այլ որակ էր պետք, այլ՝ ավելի կառավարելի որակ էր պետք, հետևաբար իրենց ընտրությունն էլ այդ ցանկությունը շատ պատկերավոր նկարագրեց։

Մի կողմից մտածում եմ՝ չարժի, որ Վահե Գրիգորյանը այնտեղ շարունակի պաշտոնավարել, մյուս կողմից էլ հասկանում եմ, որ անհատներն են փոփոխություններ մտցնում ինստիտուտներում, մշակույթներում։

Այդ առումով ես նաև հույս ունեմ, որ, այդուհանդերձ, այդ արժեբանական հեղափոխությունը Սահմանադրական դատարանում նրա շնորհիվ տեղի կունենա։

– Դուք ասում եք, որ իշխանությանը այլ՝ ավելի կառավարելի որակի Սահմանադրական դատարան էր անհրաժեշտ։ Ըստ ձեզ՝ ի՞նչ խնդիր ուներ լուծելու իշխանությունը, ի՞նչ կկորցներ իշխանությունը, եթե ավելի կառավարելի չլիներ ՍԴ-ն։

– Սահմանադրական դատարանը կարևոր կառույց է ու շատ կարևոր հարցեր է լուծում։ Ես տեսնում եմ, որ իշխանությանը ցանկալի չէր ունենալ անկախ ու ուժեղ Սահմանադրական դատարան։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am