Մարգարիտա Սիմոնյան․ Վաստակը

Մհեր Արշակյան

Ռուսական RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում կիսվել է Соловьев live-ի հարցազրույցով ու գրել․ «Ուլտիմատում Փաշինյանին․ «սորոսիկները պետք է վտարվեն»»։ 

Շարունակության մեջ Ռուսաստանում աշխատող հայազգի տիկինը գրում է․ «Մենք պետք է մեր պայմաններն ասենք Փաշինյանին՝ վերաուղղորդվել դեպի ՌԴ՝ պետության կառավարման համակարգում տեղ հատկացնելով Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչներին»։ 

Էդ սփյուռքից մեկն ինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանը, որը երեկ Հայաստանին և Ադրբեջանի «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի անունից կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել»։ 

Մյուսն էլ Արա Աբրահամյանն է։

Մեկնաբանել պե՞տք է նրանց նմանների ներկայությունը վերջապես բոլոր առումներով անկախ Հայաստանի Հանրապետության կառավարման ղեկին։ 

Բայց մեզ հետաքրքրողը Մարգարիտան է։ Նա պատերազմում մեզ արդեն պարտված է պատկերացնում և վայելում է այն պահը, երբ Փաշինյանը վազում է Պուտինի մոտ օգնություն խնդրելու։

Բանն այն է, որ ոչ միայն պատկերացնում է, այլև այդպես էլ ուզում է՝ Մարգարիտան ուզում է, որ այս պատերազմում Ադրբեջանը մեծ առավելություն ունենա, որպեսզի գոնե եղածը պահելու համար մենք գնանք Պուտինի դուռը։ 

Մարգարիտան Արցախի պարտությունն է ուզում։ Նա ուզում է, որ հայաստանցին իր նման ստրկամիտ լինի, այսինքն՝ իրենից ոչնչով լավը չլինի։

Նրան հերիք չէ, որ ինքը վայելում է ռուսական հյուրընկալությունը՝ կորցրած արժանապատվությամբ, ուզում է, որ մենք իրենից ոչնչով լավը չլինենք։

Նա երկրորդ Հայրենիք ունի, որի պատճառով Հայաստանի վրա խաչ է քաշել, ուզում է, որ մենք էլ խաչ քաշենք մեր բնօրրանի վրա, որն ինքնիշխան է։ Նրան Ռուսաստանում ոչ ոք չի ասում՝ տիկին, դու կարիք չունես խոստովանելու, որ Հայրենիք չունես։

Տիկին Մարգարիտան ուզում է, որ Փաշինյանը նույնպես բղավի այդ մասին, որ ինքը՝ Փաշինյանը, Հայրենիք չունի կամ չունի առանց Ռուսաստանի։ Հայաստանի գոյությունը տիկնոջը հիշեցնում է, որ ինքն էությամբ հայատյաց է, ուզում է, որ մենք վազենք Ռուսաստանի գիրկը, և փակվի նրա հայատյացության թեման, չի ուզում միակ հայատյացը լինել գոյություն ունեցող Հայաստանի հանգույն, ուզում է, որ Հայաստան չլինի՝ չկա Հայաստան, չկա հայատյացություն։ Հայաստանի գոյությունը նրան հիշեցնում է, թե որտեղ ինքը մարդ չէ։ 

Սորոսը նրա հայրենատյացության отмазка-ն է։ Որովհետև մինչև Փաշինյանը Ռուսաստանում տիկինը հարմարավետ հայրենատյացություն էր վայելում։

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նրան չէին շփոթեցնում արժանապատիվ Հայաստանով։ Հիմա, երբ հեղափոխությունը Հայաստանը վերջապես դարձրել է ինքնիշխան ու հավասարադիրք աշխարհի գերտերությունների հետ հարաբերություններում, հայկական արյամբ այդ կնոջ երակներում ինչ-որ անհանգիստ բան է վազում՝ Հայաստանն ո՞վ եղավ, որ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի պես խոսի։

Մարգարիտան Ռուսաստանին չի սիրաշահում կամ, ավելի ճիշտ՝ չի կարող սիրաշահել առանց այդ հայրենատյացության։ Ու պատահական չէ, որ նույնիսկ Իլհամ Ալիևն է Մարգարիտայի պես համոզված, որ հեղաշրջման արդյունքում Հայաստանում իշխանության են եկել սորոսականները։

Երկուսն էլ տարբեր մեկնակետերից ուզում են, որ Հայաստանը չոքի ու հավասարվի իրենց։

Հլը լավ է, որ Սորոսն էլ կա։ Չլիներ Սորոսը, որին կվերագրեն ամենայն լավը Հայաստանում, սրտները կճաքեր հայաստանցու (արցախցու) էս «անհասկանալի» ինքնիշխանությունից։ 

Չէ մի չէ՝ պաշտոններ ռուսահայոց․․․

Մհեր Արշակյան

MediaLab.am