«Հիմա, երբ քայլում եմ փողոցով, որ անցել եմ նրա հետ, ու զգում եմ՝ ինքը չկա, սարսափելի ա»․ Աննան եղբոր զոհվելուց հետո ասում է՝ իրականությունը մղձավանջ է թվում

18-ամյա Աննա Ալախվերդյանը իրենից 13 տարով մեծ միակ եղբոր կորստի հետ չի համակերպվում, ասում է՝ պատերազմից հետո իրականությունը մղձավանջ է թվում: 

«Մեկ-մեկ մտածում եմ, որ մինչև պատերազմը ես չեմ ապրել, կամ դա էնքան երանելի էր, որ չէր կարող իրական լիներ, կամ պատերազմից հետո չեմ ապրում, որովհետև էս մղձավանջ ա, որ չի կարող իրական լինել»,- ասում է Աննան։

Աննայի եղբայրը՝ Արտյոմ Բալայանը, ոստիկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։

Արցախյան պատերազմի առաջին օրվանից մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին։ Մեկ ամիս եղել է Քարվաճառում, այնուհետև՝ Վարդենիսում, հետո Շուշի է տեղափոխվել, որտեղ էլ զոհվել է գլխի բեկորային վնասվածքից։

«Նոյեմբերի 7-ի առավոտյան զանգել ա կնոջը, ձայնը տխուր ա եղել, բայց ոչ մի բան չի ասել։ Էնտեղ գտնվողները գրեթե բոլորն իրենց ընտանիքների անդամների հետ խոսել են, ասել են՝ երևի վերջին անգամ են խոսում, իսկ ինքը դա երբեք չէր ասի, ինքը միշտ թեթև էր նկարագրում, ասել է՝ ամեն ինչ կարգին ա»,- պատմում է քույրը։

Արտյոմ Բալայանի ընտանիքը նրա զոհվելու մասին իմանում է նոյեմբերի 8-ին, լուրը հետո հերքվում է, 10 օր ընտանիքը հույսով ապրում է՝ փնտրելով, սակայն չգտնելով նրան։

«Հարևանի երկու տղաներն էլ էին իրա հետ, հարևանի տղաների եղբայրը ասեց, որ զոհվել ա։ Ահավոր էր, նենց ձայներ եկան մեր տնից, որ սաղ գյուղը հավաքվեց: Հետո՝ արդեն կես ժամ անց, զանգեցին, ասեցին վիրավոր ա, զոհված չի, ու 10 օր հույսով սպասում էինք, որ ինչ-որ տեղից կգտնենք։ 

Շուշիում եղած տղաներից մեկը երևի սթրեսային վիճակից չէր էլ գիտակցում, ասեց՝ Ստեփանակերտի հիվանդանոցում ա Արտյոմը: էդ ժամանակ աննկարագրելի էր մեր ուրախությունը, որ մտածեցինք ողջ ա, զանգեցինք, ծանոթները գնացին, բայց էնտեղ էլ չէր։

Մենք 10 օր փնտրեցինք մինչև նոյեմբերի 17-ը, երբ զանգեցին, ասեցին, որ գնանք ճանաչելու,- հուզմունքով ասում է քույրը և հավելում,- հետո պարզեցինք, որ իրենց ամբողջ ոստիկանական խումբը զոհվել են, 43 ոստիկան իրենց զորամասից»։

Աննան ասում է, որ եղբայրը չափազանց աշխատասեր էր, շատ համբերատար ու մշտապես աջակցող։ Քույրն ընդգծում է, որ եղբոր բացակայությունը ահավոր զգացվում է:

«Ինքը բնավորությամբ շատ հանգիստ էր, միշտ աշխատում էր հանգիստ ամեն ինչ բացատրեր, շատ բարի էր, բոլորին հասնում էր, միշտ պատրաստակամ էր օգնելու։ 

Որպես եղբայր՝ մեր համար ինքը եղել ա միշտ հերոս, ինքը էդպիսինն էր իր ամեն արարքում, շատ կապված էինք իր հետ։ Իմ ու Արտյոմի մեջ 13 տարվա տարբերություն կա, բայց ես երբեք էդ տարիքային տարբերությունը չեմ զգացել, ես մի քիչ մեծանում էի, ինքը մի քիչ փոքրանում էր ու էդպես շատ լավ լեզու էինք գտնում իրար հետ»,- պատմում է Աննան և շարունակում, որ եղբայրն իր մշտական խորհրդատուն էր, օգնում էր բոլոր իրավիճակներում, հուսադրում ու խրախուսում:

Աննա Ալախվերդյանը եղբոր՝ Արտյոմ Բալայանի հետ

«Երբ նեղված էի լինում, հուսահատված, ասում էի՝ զանգում եմ, Տյոմը գա, ինձ տանի: Գալիս էր, իրենց տուն էր տանում, հատկապես երբ աշխատանքի չէր, դասից էր բերում կամ տանում, զանգում էր՝ տեսներ որտեղ եմ։ Ինքը տեղյակ էր իմ կյանքում տեղի ունեցող իրադարձություններից, երբեք չէր բարկանում, եթե ինչ-որ բան սխալ էի անում, բացատրում էր, ու անցնում էինք առաջ։

Հիմա, երբ քայլում եմ փողոցով, որ անցել եմ նրա հետ, ու զգում եմ՝ ինքը չկա, էդ դատարկությունը սարսափելի ա։ Ինքը մեր տուն չի գալիս, չի զանգում, չի խոսում, ահավոր զգացում ա»,- նեղսրտած ասում է 18-ամյա քույրը և ընդգծում, որ երբեք մտքով չէր անցնի, որ կարող է կորցնել եղբորը:

«Ես միշտ մտածում էի՝ ինքը միշտ լինելու մեզ հետ։ Երբեք չէի մտածի, որ էսպիսի բան կլինի, ես միշտ մտածել եմ, որ ինքը բոլոր դեպքում կողքիս ա լինելու»։

Աննան հիշում է եղբոր խորհուրդները, նշում է՝ փորձելու է ողջ կյանքում դրանք պահպանել և ուժեղ գտնվել․ «Որ դառնամ էն, ինչ ինքն ուզում էր տեսնել։ 

Ասում էր, որ մարդուն միայն մի բանով պիտի գնահատես՝ նպատակով։ Ասում էր՝ կապ չունեն ո՛չ բարձրագույն կրթությունը, ո՛չ ֆինանսական դրությունը, ոչինչ։ Եթե նպատակ ունենա, ուրեմն ամեն ինչի կհասնի։

Ինքը հենց էդպիսին էր, միշտ նպատակ ուներ։ Մի նպատակին հասնում էր ու դեռ հասնելու ճանապարհին մյուսն արդեն ուներ նախագծած։ Չափից դուրս աշխատասեր էր։ Ուզում էր լավագույնն անել ու ստեղծել բոլորիս ու հատկապես իր որդու համար»,- ասում է Աննան։

Արտյոմ Բալայանը՝ կնոջ և որդու հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Քույրն նշում է, որ հիմա ընտանիքի բոլոր անդամների կյանքի իմաստը կապված է եղբոր 2-ամյա որդու հետ․ «Էն ապագան, որ պատկերացնում էր ու մտածում էր՝ պետք ա տա որդուն, պետք ա այնպես անենք, որ երեխան ունենա, ուղղակի ամեն անգամ ցավ ա, որ ինքը չի տեսնում՝ ո՛նց ա մեծանում երեխան»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է Աննան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am