Սերժ Սարգսյան․ «Mein kampf»

Սերժ Սարգսյան․ «Mein kampf»
Սերժ Սարգսյան․ «Mein kampf»

«Ես պայքարելու եմ, որ աղքատությունը վերանա էս երկրից»։ 2013-ի նախագահի ընտրությունների քարոզարշավում հենց սա հռչակեց Սերժ Սարգսյանը։ Այդ ժամանակ աղքատությունը 27 տոկոս էր։ Հիմա 35 տոկոս է։ Համաշխարհային բանկը հաշվել էր 76 տոկոս աղքատություն։ «Ես պայքարելու եմ, որ Հայաստան վերադառնան արտագաղթածները»։ Այդ ժամանակ արտագաղթի պաշտոնական ցուցանիշը 200 հազարին մոտ էր։ Հիմա 380 հազար է։

Ինչպես հասկանում եք, Սերժ Սարգսյանն առանց աջ ու ձախ նայելու մտադիր է շարունակել է իր պայքարը։ Մեզ մնում է հետևել, թե Հայաստանում ուրիշ որտե՞ղ պայքարելու բան ունի այդ մարդը։ Շարունակենք ներկայացնել նրա պայքարը․

– Ես պայքարելու եմ, որ Հայաստանում համերաշխություն լինի Հանրապետականի շուրջ, որ ամեն դուրսպրծուկ չմտածի քաղաքականություն մտնելու և իշխանություն վերցնելու մասին։ Կորչե՜ն բոլոր կուսակցությունները։

– Ես պայքարելու եմ, որ ամեն մայր գիտակցի, որ իր որդին նժդեհյան զոհասեղանի սուրբ մատաղացուն է։ Ի՞նչ իմաստ ունի որդի լինելը, եթե չունի հանուն Հայրենիքի մեռնելու գիտակցումը։ Ես պայքարելու եմ, որ մահը խաղուպար դառնա յուրաքանչյուր մոր որդու համար։ Պայքարելու եմ, որ կամուրջներն ինքնասպանության վայր լինեն մայրերի համար, իսկ որդիներին սպասում են մեր սուրբ սահմանները։ Բոլորս դեպի զոհաբերություն մեր սուրբ սահմաններին։ Իսկ մնացած մահերի համար կանք մենք։ Դասալիքներն այլ Հայաստանի մասին երազելու իրավունք չունեն։ Կենդանի դուրս պրծնողները՝ նույնպես։

– Ես պայքարելու եմ, որ լրագրողները չխաթարեն Հայաստանի քաղաքացու կյանքը և չխցկվեն Հանրապետականի քիթը։ Ապագա Հայաստանում ամեն ոք և ամեն ինչ լինելու է Հանրապետականինը։ Այդպիսի Հայաստանում մի քանի լրագրողն էլ հերիք է, որ ասի այն, ինչ մենք նրան կթելադրենք։ Ես պայքարելու եմ, որ լրագրող լինելը դառնա նույնքան բաղձալի աշխատանք, որքան վարչապետի աշխատանքն է։

– Ես պայքարելու եմ ներքին թշնամու դեմ, լսո՞ւմ ես, դո՛ւ՝ քաղաքացիակա՛ն հասարակություն։ Դո՛ւ՝ թոշակառու, դո՛ւ՝ գիտնական, դո՛ւ՝ բանաստեղծ, դո՛ւ՝ գործազուրկ, դո՛ւ՝ ուսանող, որ հավակնում ես լինել ինքնուրույն։ Դուք բոլորդ ներքին թշնամիներ եք և տեղ չունեք ապագա Հայաստանում։ Դուք պետք է դուրս մնաք գոյության ՀՀԿ-ական տեսլականից։ Մենք ձեզ համար դիակիզարաններ չունենք, բայց մեր միտքը և մեր հողը ձեզ ընկալելու և կրելու ոչ մի բջիջ և սանտիմետր չունի։ Ազատե՛ք մեզ ձեզանից։

– Ես պայքարելու եմ, որ Հայաստանում իսպառ վերացվեն ընտրությունները։ Մենք արդեն որոշ հաջողություններ գրանցել ենք այդ ուղղությամբ։ Ես պայքարելու եմ, որ յուրաքանչյուր հայի և հայաստանցու գլուխը մտնի, որ հավերժական արժեքները չեն ընտրում, նրանք ձեզ հետ են միշտ։ Եվ այդ ճանապարհին մենք ոչնչի առաջ կանգ չենք առնի։ Այս Հայաստանում ընտրյալներ չպետք է լինեն։ Նույնիսկ Հրանուշ Հակոբյանն ի վերուստ է։

– Ես պայքարելու եմ, որ հայ ժողովրդի բառապաշարից դուրս գա «պայքարը»։ Պայքարել կարող են կանչվածները, որոնք վաղուց Հանրապետականում են։ Նրանք պայքարել են իրենց մի կտոր հացի համար։ Ուրեմն՝ կամ Հանրապետականով, կամ՝ Հանրապետականի տակ։ Բայց դա կորոշենք մենք։

– Ես պայքարելու եմ նաև Ղարաբաղի համար։ Եվ ամենևին պարտավոր չեմ ձեզ ասել, թե ի՛նչ նկատի ունեմ։ Սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում մենք հասել ենք ամենակարևորին՝ մենք այլևս ոչ մի պարտավորություն չունենք Հայաստանի և հայ ժողովրդի առաջ։ Իմ պայքարը հավերժ է։ Ինչպես ես։

Մհեր Արշակյան

MediaLab.am