Չկայացած Մովսեսի պողպատե ցուպը

Ժողովուրդը ծնեց Նիկոլ։ Նիկոլ ծնեց պողպատե մանդատ։ Պողպատե մանդատը ծնեց պրոբլեմներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար։

Այո՛, այո՛, շշուկներ, չար լեզուներ, բամբասանքներ ու արդեն հրապարակավ մեղադրանքներ շեքսպիրյան անգլերենի գիտակ, մովսեսյան ցուպի դափնեկիր, կրթության և գիտության ազգաստեղծ ռեֆորմի հեղինակ, դաշնակցության վատ երազ Արայիկ Հարությունյանի կողմից։

Ինչպես ոսկեդարյան ժամանակի պատմիչներն էին գրում` քաջերը քաջերին են հանդիպել, և անգլիալեզու մեր նախարարը որոշել է զբաղվել նաև լիֆտաշինությամբ ու աղբահանությամբ։

Արայիկ Հարությունյանը փառքով ու պսակով, իր անունը ոսկե տառերով գրելով կրթության ու գիտության բազմաչարչար ոլորտում՝ հիմա էլ անցել է քաղաքային կյանքի ու մայրաքաղաքի կեցաղի կազմակերպման անդուլ հարցերին։

Անցել ու վհատեցրել Մարությանին ու բողոքել, թե իրենց թիմը հրապարակային աջակցություն չի ստացել քաղաքապետից, իրենք տարակուսած են ու ապշած պողպատե մանդատի հանդեպ այդօրինակ անհրապույր վերաբերմունքից։

Իսկապես, էլ ինչպե՛ս պետք է լիներ ազգային համաձայնության ու համերաշխության կառավարության ու դրա աշխատակազմի ղեկավարի վերաբերմունքը մայրաքաղաքի քաղաքագլխի նկատմամբ, եթե ոչ բարեկամական նեղացածությունը կամ ընկերական վերապահումները։

Դե, ախր, ճիշտ է ասում մեր արևելագետ բարեկամը, ուրեմն Նիկոլ Փաշինյանի վտիտ ուսերին նստած քաղաքապետ դառնաս, կուսակցական պատկանելությունդ շեշտադրես, զօր ու գիշեր աղբահանության հարցերը լուծես, քափ-քրտինք մտած մահվան վերելակները փոխես, մարդկանց քաղաքակիրթ հանրային տրանսպորտ հրամցնես ու չմասնակցես քարոզարշավի՞ն, չաջակցե՞ս սեփական թիմիդ։

Բա քանի՞ կոպեկ արժի էդ ամբողջ աշխատանքը, էդ ջանքն ու բուլդոզերները, էդ անօրինական բուդկայաշինության դեմ պայքարն ու չինական ավտոբուսների ներկրումը, եթե թիմին չես օգնում։

Թիմին ու թիմի հորը չես աջակցում, կրթության ալֆային ու գիտության օմեգային չես բավարարում, բա աղբով տուն չեն պահի, ավտոբուսով երկիր չեն կառուցի, բուդկայաշինությունն էլ, հավանաբար, դրականորեն է անդրադառնում պողպատաբանությանը։

Ինչևէ, վիճակը նետված է, ինչպես կասեին օլիմպոսյան աստվածները, ու մենք էլ նրանց խորհրդով Արարատյան բարձունքներից կհետևենք երկու քաջերի անհաշտ ու գաղափարական պայքարին, պայքար, որի նպատակն իհարկե երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի բարօրությունն ու հանգստությունն է՝ ի շահ պողպատի ու ի տապալումն թշնամական քաղաքագլուխների։ 

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am