«Շախմատի ձիու կառուցվածքով, անթրաշ, մարզազգեստով ու ծիծակ կոշիկներով». ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի նոր մտորումները

«Շախմատի ձիու կառուցվածքով, անթրաշ, մարզազգեստով ու ծիծակ կոշիկներով». ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի նոր մտորումները
«Շախմատի ձիու կառուցվածքով, անթրաշ, մարզազգեստով ու ծիծակ կոշիկներով». ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի նոր մտորումները

ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուկի իր անձնական էջում կրկին անգամ օգտատերերին զարմացրել է՝ կիսվելով իր մտորումներով: Այս անգամ փոխոստիկանապետն անդրադարձել է հայի կերպարին, ինչն է հարիր, կամ ոչ հարիր հային՝ վերնագրելով իր գրառումը «Հային հարիր չէ, իսկ ու՞մ է հարիր»:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Երկար ժամանակ մտածում էի գրել այդ թեմայով, թե՞ ոչ: Շատ լավ եմ հասկանում, թե ինչպիսի բարդ վիճակում եմ հիմա դնում ինձ , սակայն լրատվամիջոցներով, համացանցի կայքերով, ֆեյսբուք սոցիալական ցանցով, առօրյա խոսակցության մեջ այնքան է այդ թեման շահարկվում տեղին-անտեղին, օգտագործվում պատեհ-անպատեհ, որ որոշեցի գրեմ:
Որոշեցի, չնայած գիտեմ, որ շատ-շատերին դուր չի գա իմ մտքերը, իմ կարծիքը: Մարդիկ սովորաբար չեն կարողանում վերանալ այս կամ այն արտաքին հանգամանքներից եւ կենտրոնանալ բուն էության վրա:
Գիտեմ՝ կսկսվի դատապարտումի եւ պարսավանքի մի հեղեղ, հատկապես հարցերը պարզունակ ընկալողների, ձեւական, ցուցադրական հայրենասերների կողմից: Համենայն դեպս, իմ կարծիքով բարձրացվող հարցը ավելի կարեւոր է, քան թե այն, թե «Ազգային ժողովում ով ում աշխատասենյակում է լինում»,«ԱԺ ճաշարանում ով է մանրը վերցնում, ով ոչ»,«Այսօր Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է»,«Սեքսը շոգին»,«Քարահունջի եւ Սթոունհենջի» չարչրկված եւ նման այլ թեմաներ, որոնցով լցված են կայքերը:

Ես գիտեմ, որ մտքերս փշերով է ընդունվելու, որովհետեւ իմ կողմից շոշափվող թեման է. – հային հարիր չէ, հայ տղամարդուն հարիր չէ, հայ կնոջը հարիր չէ, հայ ընտանիքին հարիր չէ եւ համանման այլ բառակապակցություններ ու մտքեր:

Ի՞նչ է նշանակում սա կամ ինչ մտածելակերպ է… Ինձ կարող ե՞ք բացատրել Ապարանցի Հովհաննեսը ինչով է լավը Քութաիսցի Վանոից կամ ռուս Իվանից: Ինչ է ոստիկանական ամփոփագրերի այն գերակշռող խարդախությունները, «քցոցները», ծեծկռտուք- -դանակահարությունները, սրբապղծությունները, բռնություններն ու մանկապղծություններն այլամոլորակայիններն ե՞ն կատարում…

Հային հարիր չէ…

Հային հարիր է՞ «Նիվայով» աստիճաններով բարձրանալ ազատամարտիկների պանթեոն, ջիպով ֆռֆռալ եկեղեցու շուրջը: Կպնել քաղաքական ուժերին, բնապահպանական եւ այլ շարժումներին, իշխանության, ոստիկանության հետ միջադեպեր սարքել, ընդիմադիրի, պայքարողի կերպար ստեղծել,ընդհուպ «դառնալ» նաեւ միասեռական եւ լքել Հայրենիքը:

Շախմատի ձիու կառուցվածքով, անթրաշ, մարզազգեստով ու ծիծակ կոշիկներով զվռնել ամբողջ աշխարհով մեկ: Հային հարիր է՞ սրբապղծի նման թալանել գերեզմանաքարերը, գերեզմանների ցանկապատերը, արձանները: Շենքերի վրայից պոկել մեր մեծերի հուշատախտակները, բարելյեֆները եւ այլ մետաղյա պարագաները, թալանել եկեղեցին, գողանալ հանգանակված փողերը:

Մահմեդական երկրներում ապրած մեր հայրենակիցները կհաստատեն, որ նրանք նման սրբապղծություն՝ պղծել գերեզմանները, մզկիթները, իրենց թույլ չեն տա, իսկ իրեն քրիստոնյա համարող հայը իրեն թույլ է տալիս: Թույլ է տալիս, որովհետեւ շատ-շատերի պատկերացմամբ քրիստոնյա լինել նշանակում է եկեղեցում մոմ վառել, մատաղ անել, վզից մեծ խաչ կախել եւ դիետիկ պաս պահել:

Մինչդեռ քրիստոնեությունը դա փիլիսոփայություն է, աշխարհայացք, կենսակերպ, արժեհամակարգ, պարտավորություններ եւ ինչու՞ չէ նաեւ ինքնազրկանք: Իսկական քրիստոնյան չի պղծի գերեզմանները, սրբությունները…

Պայքարում, սուր եք ճոճում կրոնական աղանդների դեմ, մինչդեռ ճիշտ կլիներ նաեւ, որ պայքարեիք քրիստոնեական արժեքները ոտնահարող, այդ արժեքները չիմացող սրբապղծերի, սուտ, քրիստոնեական արժեքներից հեռու վայ քրիստոնյաների դեմ:

Հայ կնոջը հարիր չէ, հայ ընտանիքին հարիր չէ… Հայ կնոջը հարիր է՞ էմիրաթներում, թուրքիաներում քարշ գալ, որպես կավատ՝ երիտասարդ աղջիկներ հավաքագրել, տանել շահագործել: Հայ ընտանիքին հարիր է՞ մի կտոր հողի, բնակարանի կամ կենցաղային հարցերով իրար կոկորդ կռծել, կռվել, դանակահարել: Էլ չեմ ուզում թվարկեմ, դուրս եկեք փողոց ամեն քայլափոխի այդ տեսակ հայությունը զգացնել կտա, կմխրճվի Ձեր աչքը, կհիշեցնի իր գոյության մասին…

Ռումինիայում իրենց տեսակով եզակի ու հետաքրքիր քարեր կան: Տրովանտներ՝ այսպես են դրանց անվանում տեղացիները: Այս քարերը պարզվում է ոչ միայն կարող են աճել, այլեւ բազմանալ: Յուրաքանչյուր անգամ, անձրեւից հետո անհասկանալի ու զարմանալի «իրադարձություն» է տեղի ունենում՝ այս քարերը աճում են սնկերի նման:

Մեր կյանքում էլ , մեզ մոտ նույնպես անհասկանալի ու զարմանալի սնկի նման աճում են այն «նոր», հաստավիզ,անդեմ հայերը, հայի այն տեսակը, որոնց տեսնելիս, որոնց հետ շփվելիս մտածում ես, երանի ես հայ….

Կարծում եմ այսքանից հետո որեւէ մեկի մոտ հարց չի առաջանա, թե ինչ տարբերություն կա Ապարանցի Հովհաննեսի, Քութաիսցի Վանոյի, ռուս Իվանի մեջ, ինչով ենք մենք առավել, ինչ առանձնահատկություններ ունենք:

Այո, ճիշտ եք, ոչ մի, որովհետեւ բոլորս էլ Աստծո ստեղծածն ենք: Այստեղ տեղին է հիշել Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպես լավ հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կյանքում նյութակրոն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Չի կարելի անկատար մարդ, բայց կատարյալ Հայ լինել: Միայն մարդ կոչվելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչվել»:

© Medialab.am