Գլխավոր պողոտայի սկզբնամասում Համազգային թատրոնի շենք կառուցելու նախագծի շուրջ աղմուկը գնալով թանձրանում է: Այս անգամ նախագիծը դարձել է ճարտարապետների միությունում մի խումբ ճարտարապետների քննարկման առարկան: Ճարտարապետները ներկայացրել են իրենց դիրքորոշումը Գլխավոր պողոտայի սկզբնամասում`Սարյան փողոցին հարող հատվածում, Համազգային թատրոնի շենք կառուցելու նախագծի մասին և քննադատել այն:
Ճարտարապետները նշել են, որ 20-ամյա պատմություն ունեցող Համազգային թատրոնը, անշուշտ, պետք է սեփական շենք ունենա, սակայն նրանք պնդում են, որ տարածքը սխալ է ընտրված, իսկ նախագիծը խախտում է բազմաթիվ քաղաքաշինական նորմեր:
«Իսկապես ցավ եմ ապրում, որովհետև այդպիսի գլխավոր ճարտարապետի հետ, որը տոգորված է բարդույթով՝ քանդել Երևանը, չի կարող որևէ քաղաքապետ ինչ-որ լավ բան անել քաղաքաշինության համար: Պատահական չէ, որ այդ անձը նորից վեր հանեց Գլխավոր պողոտայի թունելի առաջ փակելու հարցը՝ այս անգամ թատրոն կառուցելով: Սրա հետևանքն է՝ ըմբոստացնել թատերական աշխարհի, կինոյի մարդկանց, արվեստագետներին ճարտարապետների դեմ և հակառակը:
Այսինքն՝ կռիվը սկսվել է, այսինքն՝ ճիզվիտի հնարած այս ահավոր, այս կեղտոտ սցենարն սկսեց աշխատել: Երեկ չէ առաջին օրը ինչեր ասես մեր մասին չգրեցին, քննարկման ժամանակ Լևոն Իգիթյանը ճարտարապետների միությունը համարեց հիվանդ մարդկանց որջ: Մեզ կռվեցնում են, տղերք ջան, ես այդ կուտը չեմ ուտելու, այդ ճիզվիտը, որ գրել է այդ սցենարը, ես չեմ գնա այդ խաղերի մեջ»,- «Հրապարակի» հաղորդմամբ`քննարկման ժամանակ վրդովված ասել է ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը:
Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը նշել է, որ քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովն արդեն 5-6 նիստում քննարկել է Համազգային թատրոնին տարածք տրամադրելու հարցը և «ոչ մի որոշակի եզրակացության չի կարողացել գալ»:
Ըստ ճարտարապետների` թատրոնի շենք կառուցելու համար ընտրված տարածքը, որ Մաշտոցի պուրակի շարունակությունն է և թունելով միանում է Հրազդանի կիրճին, չի կարելի որևէ կառույցի հատկացնել: Նրանք նշել են, որ վիճահարույց տարածքը բազմիցս մերժվել է տրամադրել կոմերցիոն նպատակներով հյուրանոց, առևտրի կենտրոն և այլն կառուցելուն, սակայն եթե խոսքը արվեստի կամ մշակույթի օջախի է վերաբերում, «չի նշանակում, թե պետք է տեղն անպայման զիջենք»:
Քննարկմանը ներկա Ճարտարապետներն ընդգծել են, որ ինչպես այս, այնպես էլ քաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարող բազմաթիվ նախագծեր ու կառույցներ նյութականանում են Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի «թեթև» ձեռքով:
«Այս քայլը, որ արվել է և մատուցվում է Սոս Սարգսյանին, արջի ծառայություն է ոչ միայն նրան, նաև բոլորիս: Մինչև ե՞րբ պետք է մատուցվի այս արջի ծառայությունը: Արդեն 14 տարի է, հոգնել ենք»,- հայտարարել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Սակայն այս մոտեցումներն անհասկանալի են Համազգային թատրոնի ղեկավար, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի համար:
«Աղբանոցում ուզում ենք թատրոն կառուցել, պարզվում է` չակերտավոր խելոքներ կան, որ դեմ են թատրոն սարքելուն»,- Hayeli.am-ին տված հարցազրույցում ասել է Սոս Սարգսյանը:
Նախագծի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ով արդեն կազմել է Համազգային թատրոնի նոր շենքի մակետային նախագիծը, ասել է, որ կառուցվող շենքը կունենա շուրջ 2 հա տարածք և չի խոչընդոտի դեպի Հրազդանի կիրճ տանող թունելային ճանապարհը և բնակչության երթևեկությունը:
© Medialab.am