«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ չեն ուզում ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ-ով, իրենց ցանկությունը ընդամենը ԵՄ-ում ավելի շատ ապրանք վաճառելն է: Այս հայտարարությունից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ դիրքորոշման փոփոխություն կա:
– Չեմ կարծում, թե Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, լինի Պապոյանը, թե նրա նախորդները, աշխարհաքաղաքական ընտրության հարցում որևէ տեսակետ են ունեցել, որ հիմա էլ ասեն՝ իրենք դիրքորոշում են փոխում: Ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում ոչ լավ օրից, սա տեղի է ունենում, քանի որ Ռուսաստանը փաստացի չկատարեց այն պարտավորությունները, որ պիտի կատարեր Հայաստանի նկատմամբ, նույնիսկ՝ փաստաթղթերով ամրագրված էին պարտավորությունները, բայց չկատարեց, ինչի հետևանքով առաջացավ դիվերսիֆիկացման անհրաժեշտություն, ինչը չի նշանակում, որ ինչ-որ բան փոխարինելու ենք ինչ-որ բանով:
Սա նշանակում է, որ մենք գնալու ենք այնտեղ, որտեղ մեր շահերը համապատասխանում են այդ հատվածի շահերին: Եթե մեր արժեքային համակարգը համապատասխան է ԵՄ-ին, ապա մենք կգնանք ԵՄ, այլ է հարցը, որ այդ ճանապարհին մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից, քանի որ համատեղելը անհնար է, բայց այս ամբողջը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներին: Իսկ ինչ ասել է Պապոյանը, բխում է ուղիղ իր գործառույթներից, նա ունի խնդիր՝ ավելացնել Հայաստանի առևտրային ծավալներն ու ավելի շատ հնարավորություններ ստեղծել հայ տնտեսվարողների համար:
– Ես նկատի ունեի հենց ձեր ասած արտաքին քաղաքականության պատասխանատուներին:
– Հայկական կողմում դիրքորոշման փոփոխություն չկա, որովհետև այդ հայտարարությունը չի արել արտաքին գործերի նախարարը, իսկ էկոնոմիկայի նախարարը իրավասու չէ նման հայտարություն անելու, որովհետև դա իր լիազորությունը չէ:
– Եթե փոխարինելու միտք չի եղել ի սկզբանե, ապա ինչո՞ւ է ռուսական կողմը ընտրության առաջ կանգնեցնում Հայաստանի իշխանությանը:
– Փոխարինելու միտք չի եղել Պապոյանի մոտ, բայց դա չի նշանակում, թե նման միտք չկա վարչապետի, արտգործնախարարի մոտ: Իսկ Ռուսաստանը ճնշումները շարունակում է, որովհետև Հայաստանի իշխանությունը չի փոխել իր դիրքորոշումը, նրանք շարունակում են դիվերսիֆիկացնել իրենց հնարավորությունները, ու հետո կհարցնի Հայաստանի ժողովրդին, ու ժողովուրդը կարտահայտի իր ցանկությունը:
– Պարո՛ն Ղևոնդյան, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ այցելելու է Ռուսաստան, կարո՞ղ ենք ակնկալել, որ հարաբերությունների լարվածությունը մի փոքր կմեղմվի:
– Լարվածությունը մեկ կետով չէ, որ այդ կետը հարթեցվի, ու հարցերը լուծվեն, կողմերի միջև այդ լարվածությունը համակարգային բնույթի է և ունի աշխարհաքաղաքական նշանակություն, ինչը նշանակում է, որ կողմերը կարող են մի շարք հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել, բայց դա չի նշանակում, թե լարվածությունը վերանալու է: Այդ համակարգայնությունն ու աշխարհաքաղաքական փոփոխությունները շարունակվում են, ու քանի դեռ Ռուսաստանում իշխանության է Պուտինի քաղաքական ուժը, Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվելու՝ անկախ Փաշինյանի քաղաքականությունից:
Ռուսաստանի մոտեցումն ուղիղ հակասում է Հայաստանի շահերին, նա ուզում է, որ Հայաստանը դառնա իր պրոտեկտորատը, ինչպես եղել է մինչև 2022 թվականը: Այս գործընթացին վերջ չկա, քանի դեռ Ռուսաստանում իշխանության է Պուտինը, որը փորձում է հետ հավաքել կայսրությունը ու դառնալ բևեռ: Այսինքն՝ այս ճգնաժամը բավական երկար ժամանակ չի կարող լուծվել, ու դա կախված չէ Փաշինյանի այցերի քանակից կամ կամքից, դա կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից ու Ռուսաստանի հավակնություններից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















