«Իմ նյութերը պատմում են հասարակ մարդկանց մասին». «Մեդիալաբի» լրագրող Արփինե Արզումանյանի նյութերն արժանացել են առաջին մրցանակի. Տեսանյութ

Քիչ առաջ ամփոփվեց 2019-2020 թվականների Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթը, որում «Մեդիալաբի» լրագրող Արփինե Արզումանյանի նյութերն արժանացան առաջին մրցանակի:

«Իմ նյութերը պատմում են հասարակ մարդկանց մասին, որոնք սակայն տարբեր են՝ ազգությամբ, մշակույթով, մաշկի գույնով, կրոնով։ Հոդվածներում ես պատմել եմ Հայաստան տեղափոխված հնդիկ երիտասարդների, հայ-հնդկական սիրո, մարդկանց կյանքի և նաև Հայաստանի հանդեպ ունեցած լավ տպավորությունների մասին։ Սակայն, այս հոդվածները միանշանակ չընկալվեցին մեր հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից, քանի որ ոմանք կարծրատիպային մոտեցում ունեն իրենցից տարբեր մարդկանց հանդեպ։ Նյութերի հրապարակումը սոցիալական մեդիայում մեծ դիսկուրս ստեղծեց, քննարկումների շղթա առաջացրեց։

Շատ կարևորում եմ այս հանգամանքը նյութերի ազդեցության առումով, քանի որ հենց այդ բուռն քննարկումների արդյունքում է, որ փոփոխություն կարող է լինել։ 

Մարդկանց կողմից ձևավորված համոզմունքները և կարծրատիպերը ինչ-ինչ հարցերի շուրջ այդ քննարկումների շնորհիվ կարող են վերանայվել, որը, կարծում եմ, կնպաստի այլոց հանդեպ այլատյաց վերաբերմունքի նվազմանը և հանդուրժող հասարակության ձևավորմանը»,- իր խոսքում նշեց Արփինե Արզումանյանը։

Մրցույթն անցկացվում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից՝ Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

Խրախուսական մրցանակի արժանացավ նաև «Մեդիալաբի» մյուս նախագծի՝  «Դափնեի» ««Եզդի համայնքում կրթված աղջիկ տեսնելով, ասում են` հպարտ ենք ձեզանով, բայց իրենց աղջիկներին արգելում են սովորել». Զուզան Խուբոյան՝ խիզախը» նյութը։

Հեղինակը Սոնա Մարտիրոսյանն է։

Համավարակի տարածման արդյունքում այս տարի միջոցառումն անցկացվում է տեսանյութի առցանց հեռարձակմամբ։

Ամենամյա մեդիա մրցանակաբաշխության 2019-2020 թթ․ մրցանակակիրներն են.

Հեղինակ՝ Արմինե Ավետիսյան (խրախուսական մրցանակ)

Ավելի լավ կյանքի որոնումներով. հնդիկները գալիս են Հայաստան
Լինել Բահայի Հայաստանում

Հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան (խրախուսական մրցանակ)

«Եզդի համայնքում կրթված աղջիկ տեսնելով, ասում են` հպարտ ենք ձեզանով, բայց իրենց աղջիկներին արգելում են սովորել». Զուզան Խուբոյան՝ խիզախը

Հեղինակ՝ Սուսան Բադալյան (առաջին մրցանակ)

Սովորե՞լ, թե՞ ամուսնանալ՝ որոշում է համայնքը

Հեղինակ՝ Արփինե Արզումանյան (առաջին մրցանակ)

«Հայրս իր վերջին խոսքն ասել էր՝ ես Հնդկաստան ուղարկելու աղջիկ չունեմ». Հասմիկ Սահակյանը՝ Հայաստանից Հնդկաստան՝ սիրով,
«Եթե հայ աղջկա հանդիպեմ և սիրեմ՝ կամուսնանամ և մշտապես կբնակվեմ Հայաստանում». հնդիկ Գուրին Փենջաբից՝ Երևան,
«Պարսիկները քիչ էին, հիմա էլ հնդիկներն են պղծում». ըստ հոգեբանների՝ օտարերկրացիների հանդեպ անհանդուրժողականության պատճառը վախն է

Հեղինակ՝ Սամսոն Մարտիրոսյան (երկրորդ մրցանակ)

Կարծրատիպերից անդին. հայաստանցի եզդիները

Հեղինակ՝ Տաթև Հակոբյան (երկրորդ մրցանակ)

Յաղդան. վերջին հույները

Հեղինակ ՝ Անուշ Թրվանց (երրորդ մրցանակ)

Մարեմյան ժպիտներ, մայիսյան աղոթքներ. Կանայք՝ կապույտ հագուստով

Հեղինակ՝ Լուսինե Սարգսյան (երրորդ մրցանակ)

Հրաժարվում են թոշակ-նպաստից ու ապավինում սեփական աշխատասիրությանը.Լերմոնտովոյի էթնիկ գույները

Հեղինակ՝ Մարինե Մարտիրոսյան (հատուկ մրցանակ)

Պատգամավորը մտածում է Հայաստանում իրաքյան եզդիների կրթությունը կազմակերպելու եւ բուժօգնություն ուղարկելու մասին

Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ և նպատակ ունի խրախուսելու Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը:

Այս տարի ԵՀՀ-ն ստացել է մրցութային 34 նյութ։ Հաղթողներին ընտրել է մասնագիտական հանձնաժողովը, որն ուսումնասիրել է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը: