«Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բարձրացնում է Հայաստանի հաղթանակի շանսերը». Ալեքսանդր Լապշին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը

– Պարո՛ն Լապշին, ինչպե՞ս եք գնահատում, որ Իսրայելը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին։

– Իսրայելական զենքի մատակարարումներն Ադրբեջան սկսվել են ոչ երեկ, այլ մի քանի տարի առաջ։ Խոսքը գործարքների մասին է, որոնք կնքվել են դեռևս 2017-2018 թվականներին, այս պատերազմից տարիներ առաջ։ 

Կարելի է հարց տալ, թե որտե՞ղ էր հայկական դիվանագիտությունն այն ժամանակ, երբ այդ գործարքները կնքվում էին։ Ինչո՞ւ այդ ժամանակ ոչինչ չի ձեռնարկվել, երբ դա հնարավոր էր փորձել կանխել։ 

Հայաստանը պետք է լոբբինգ աներ իր շահերը, պետք էր Իսրայելում դեսպանատուն բացեր շատ ավելի վաղուց, աշխատեր իսրայելցի գործընկերների հետ, ստեղծեր գործարար կապեր, համոզեր նրանց չտարվել Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ։ 

Եթե Հայաստանը չհայտարարի իր դիրքորոշման մասին, մշտական աշխատանքներ չիրականացնի դիվանագիտական ուղիներով, ոչ ոք չի էլ լսի Հայաստանի դիրքորոշումը։ Ցավոք, այդ ժամանակ հիշեցին այն ժամանակ, երբ պայթեց պատերազմը։

Ինչո՞ւ, իմ կարծիքով, այնքան էլ կոռեկտ չէ ասել, որ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին, որ աջակցի այդ երկրին այս պահին։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ ադրբեջանցիներն իրենք են իրենց տրանսպորտային օդանավերով դուրս բերում գնված զենքը, որի համար վճարել են մի քանի տարի առաջ։

Եվ երրորդ նրբությունն այն է, որ մենք մոռանում ենք, որ Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Իսրայելից, այլև առաջին հերթին Ռուսաստանից, Թուրքիայից և Բելառուսից։ 

Առնվազն Իսրայելի հետ Հայաստանը ինչ-որ դաշնակցային հարաբերությունների մեջ չէ, իսկ, օրինակ՝ ինչպե՞ս բացատրել զենքի մատակարարումները Մինսկից Բաքու հենց ռազմական գործողությունների ժամանակ։ Չէ՞ որ Հայաստանն ու Բելառուսը միասին ՀԱՊԿ-ի և ԱՊՀ անդամներ են։ Հետևաբար, կենտրոնանալով Իսրայելից զենքի մատակարարումների վրա՝ մենք մոռանում ենք, որ նա միակ և ամենամեծ զենքի մատակարարը չէ Ալիևի ռեժիմին։ 

– Հաշվի առնելով Թուրքիայի բացահայտ միջամտությունը այս պատերազմում՝ սա ի՞նչ նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում:

– Որքան էլ զարմանալի հնչի, բայց Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բարձրացնում է Հայաստանի հաղթանակի շանսերը։ 

Բանն այն է, որ ոչ ոք չի ուզում Էրդողանի դիրքերի ուժեղացում Հարավային Կովկասի տարածաշրջանում, և տվյալ հակամարտությունը Թուրքիայի մասնակցության շնորհիվ դուրս է եկել հայ-ադրբեջանականի շրջանակներից ու սկսել է լրջորեն սպառնալ առաջին հերթին Ռուսաստանի, բայց նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերին։ 

Ավելին, արժի ուշադրություն դարձնել, որ անսպասելիորեն նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի միջև, որի ընթացքում վերջինս խոստացել է շատ կարճ ժամանակում պարզել Ադրբեջանի զենքի մատակարարումների հարցը։ Ի՞նչ է սա նշանակում։ Իսրայելը՝ տեսնելով, որ թուրք-ադրբեջանական արկածախնդրությունը սկսել է լրջորեն նյարդայնացնել Ռուսաստանին և ԱՄՆ-ին, շտապել է, պատկերավոր ասած, հեռատեսորեն «թռչել գնացքից»։

Այսպիսով, այս պատերազմում Հայաստանի հաղթանակը կհարվածի Թուրքիային և դրա շնորհիվ այն կբխի մի շարք երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի շահերից։ Եվ եթե նախկինում կար ռիսկ, որ հայերին թույլ չեն տա հաղթել՝ նրա վզին փաթաթելով հրադադար, նախքան նա կվերցնի իրեն անհրաժեշտ ռազմավարական դիրքերը, ապա հիմա Երևանի առջև «կանաչ լույս» է վառվել։

– Իսրայելի նախագահը Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելը Ադրբեջանի հետ վաղուց է համագործակցում, և այդ համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ արդարացումը։

– Իսրայելի նախագահը շատ ճիշտ է ընդգծել հայտնի թեզը՝ սա պարզապես բիզնես է, ոչ մի անձնական բան։ Հենց այդպես էլ կա, Իսրայելը նպատակ չունի վնասել Հայաստանին, բայց կա նպատակ գումար աշխատելու Ալիևի հաշվին։

Բացի այդ, Իսրայելը լուրջ մտավախություններ ունի՝ կապված Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության հետ։ Հիմա Երուսաղեմում արագ փոփոխվող իրավիճակի հետ կապված ակտիվ վերագնահատում է կատարվում, և հնարավոր է, որ շատ մոտ ապագայում մենք տեսնենք լուրջ փոփոխություններ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում։

Մանե Հարությունյան

MediaLab.am