Մենք բարեկամներ չունենք

Վահրամ Թոքմաջյան

Մեր առօրյա խոսակցական լեզվում, գրականության մեջ, պատմության դասագրքերում հաճախ կարող ենք հանդիպել «հայ ժողովրդի մեծ բարեկամ», «հայասեր գործիչ», «մեծ մարդասեր և հայանպաստ գործիչ», «բարեկամ պետություն» ու այլ նմանատիպ ձևակերպումների։ Այս ձևակերպումները հաճախ վերաբերում են առանձին անհատների, խմբերի, երբեմն՝ պետությունների։ 

Ընդհանրապես մեզանում «բարեկամ» բառի գործածությունը շատ երկիմաստ է։ Մենք գրեթե բոլոր ազգականներին անվանում ենք բարեկամներ։ Բայց եկեք համաձայնենք, որ ոչ բոլոր ազգականներն են երբեմն բարի կամեցող։ Եվ անձնական մտածողության այս ձևը, հանրային գիտակցումի մեջ կերպարավորումը տարածում ենք նաև պետությունների հետ հարաբերությունների վրա։ 

Իսկ դա նշանակում է, որ մենք պատմությունից ոչինչ չենք սովորում։ Առաջնորդվում ենք այսրոպեական շահերով ու սկսում ենք ստեղծել «նոր բարեկամներ», «նոր հրեշներ», «նոր ակնկալիքներ»։

Անգամ Հին աշխարհում, երբ շատ դեպքերում պետությունը նույնացվում էր թագավորի անձի կամ արքայատոհմի հետ, ու մոդայիկ էին արքայական ընտանիքների միջև խնամիական կապեր հաստատելը, մենք բարեկամներ չունեինք։ Այո՛, պարզապես չունեինք։

Պետությունների, միջազգային կառույցների հետ հարաբերությունները կառուցել բարեկամության սկզբունքի վրա ոչ այլ ինչ է, քան միամիտ տղայություն։ Հասկանալի է, որ «բարեկամի» միֆը մեկընդմիշտ արմատացած է մեր գիտակցության մեջ։

Ուստի վտանգի կամ նեղ կացության պահերին քո ստեղծած «բարեկամներից» օբյեկտիվ օգնություն ես պահանջում։ Իսկ չստանալու կամ սրտիդ ուզածը չլսելու դեպքում հայհոյանքը կա ու կա։ Եթե դա նորմալ ու ընդունելի է ֆեյսբուքյան միջավայրում, ապա չի կարող նույնչափ ընկալելի լինել պաշտոնական հարաբերություններում։

Սա շատ լավ գիտակցում են որոշ նեղ շահեր հետապնդող խմբեր և առիթը բաց չեն թողնում հասարակական մակարդակում սերմանելու հակառուսականություն, հակարևմտականություն կամ հակավրացականություն։

Խաղաղ ժամանակներում ինչ-որ առումով այս պարապ զբաղմունքը, որն իրականում բավականին վտանգավոր է, կարող է գաղջ առօրյային որոշակի հետաքրքրություն հաղորդել, բայց պատերազմական ժամանակներում այն խստիվ վտանգավոր է։ 

Դաշտ են նետվում հին «հերոսները»՝ նոր թարմացումներով։ Հասարակությունը, բնականաբար, դյուրագրգիռ է ու «մեղավորների» կարիք ունի։ Շատ «մեղավորների»։ 

«Մեր միակ բարեկամը Ռուսաստանն է, որովհետև զենք է տալիս»։ «Եվրոպա, Եվրոպա, դե խոսե՛ք, է՞, էս չի՞…» հաջորդ պահին այդ նույն խումբը՝ «Հալա՛լ ա Մակրոնին, տղա ա, իսկական բարեկամ»։

Սրան գալիս է լրացնելու՝ «էս պատերազմը ռուսին է ձեռնտու, մենք պետք ա պայքարենք մեր սուվերենության համար»։ Դե իսկ Պուտինին ու Սորոսին բոլորդ գիտեք, չծավալվեմ։

Սուվերենություն. որքան շուտ մենք հասկանանք, որ աշխարհում մինչև վերջ որևէ սուվերեն երկիր չկա, այդքան վաղ կվերադառնանք իրականություն։ Որքան շուտ մենք հասկանանք, որ որևէ կենտրոնի կողմից քարոզվող արժեք բացարձակ չէ, երբ այն սկսում է հակասել այդ կենտրոնի կամ պետության շահերին, այդքան շուտ կհասունանանք։ 

ԵՄ ինչ-որ խումբ դատապարտեց Գանձակի հրթիռակոծումը (մենք չենք արել)։ Հայհոյեցինք ԵՄ-ին։ Իսկ ինքներս մեզ հարց տվեցինք, թե ինչո՞ւ չկարողացանք ԵՄ-ի աչքը մտցնել Ստեփանակերտը, Հայաստանի խաղաղ բնակավայրերը։

Մեզ հարց տվեցի՞նք, թե նույն հարևան Վրաստանում երբ ներքաղաքական ճգնաժամ էր տիրում, արդի հայերենով ասած՝ Հայաստանի նախագահին էին «աբրաշչատ» լինում։ Ինչպե՞ս ստացվեց, որ այսօր այդ նույն Վրաստանը քամակ է խաղացնում հայկական բեռների տեղափոխման հարցում։

Ինչպե՞ս ստացվեց, որ քթներիս տակ վրաց-թուրք-ուկրաինական բևեռ է ձևավորվում, ինչպե՞ս ստացվեց, որ տարիներ շարունակ բոլոր կարևոր ճանապարհները, կենսական հանգույցները, երկաթուղիները, խողովակները շրջանցեցին Հայաստանը։ Հայհոյելը հեշտ է, իսկ հասկանալը՝ բարդ։

Մակրոնը մեր թախծոտ աչքերի համար չէ, որ հավակնոտ հայտարարություններ է անում։ Պուտինը մեր սիրուն աչքերի համար զենք չի տալիս։ Պետությունների հարաբերություններում չկան բարեկամներ։

Կան շահի վրա հիմնված դաշնակիցներ։ Դա երևի միայն մենք ենք, որ հյուրասեր խասիաթի համաձայն՝ շատերին ենք համարում բարեկամ ու գլխներիս վրա տեղ տալիս։ Եվրոպան կամ Ռուսաստանը խաբեցի՞ն։ Չխաբվեիր։ Խելացի լինեիր ու չխաբվեիր։

Ունե՞ս ուժ՝ քեզ կհարգեն, քեզ հետ կաշխատեն։ Խնդրո՞ղ ես, լալահառա՞չ, սպասիր, թե երբ կգթան։

Նորից կրկնենք՝ պետությունների հարաբերություններում չկան բարեկամներ։ Կան փոխադարձ շահեր։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am