«Ցավոք, բայց պետք է քանդվի». Ըստ Ռոբերտ Մելքոնյանի, Աֆրիկյանների շենքը «չի խոսում» հարակից «այլանդակ ոճերի հետ»

«Ցավոք, բայց պետք է քանդվի». Ըստ Ռոբերտ Մելքոնյանի, Աֆրիկյանների շենքը «չի խոսում» հարակից «այլանդակ ոճերի հետ»
«Ցավոք, բայց պետք է քանդվի». Ըստ Ռոբերտ Մելքոնյանի, Աֆրիկյանների շենքը «չի խոսում» հարակից «այլանդակ ոճերի հետ»

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադարձել է Աֆրիկյանների շենքի շուրջ ստեղծված իրավիճակին: Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: Հիշեցնենք, որ Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի տան շուրջ վերջին օրերին իրադրությունը չափազանց լարված էր: 130-ամյա պատմություն ունեցող հին Երեւանի հայտնի շենքերից մեկը, որն ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների շարքում, կանգնած է ոչնչացման վտանգի առջեւ, շենքը քանդում են: Շենքի պահպանության եւ պաշտպանության համար օրեր շարունակ քաղաքական ակտիվիստները պայքար են տանում, «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը փորձում է փրկել հին Երեւանի բացառիկ շենքերից մեկը: Ռոբերտ Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Որ Աֆրիկյանների տունը որպես պատմամշակութային հուշարձան, որպես հնություն, որպես գեղեցիկ շենք պետք է պահել, դրա երկրորդ կարծիքը չկա…

Պետք է պահել միանշանակ, բայց երբ նայում ես կողքի այլանդակ շենքերին, աղավաղված կառույցներին, ապա նկատում ես, որ այն բացարձակ «չի խոսում» ստեղծված այդ այլանդակ «ոճերի» հետ… Ուստի բնականաբար պետք է քանդվի…Ցավո’ք, բայց պետք է քանդվի…

Այս թեմային էլի եմ անդրադարձել ու ցավալի է, որ Հին Երևան գոյություն չունի, այն ձևախեղվել է դեռևս խորհրդային իշխանության վերջին տարիներին և վայրենաբար շարունակվել անկախության տարիներին:

Նախանձով ես նայում այլ քաղաքներին, որտեղ պահպանվել է տվյալ բնակավայրի պատմությունը, պահպանվել է հինը, պատմականը, որտեղ շատ ճաշակով և համաչափ գրեթե ամբողջությամբ պահպանվել կամ զուգակցվել է հինն ու ժամանակակիցը:

Երևանի ճարտարապետությունը, քաղաքաշինությունը հեռու է բոլոր խելամիտ կանոներից ու ամեն ինչ հարմարեցվել և հարմարեցվում է անձերին, նրանց «ճաշակներին»…

Ես սիրում եմ Երևանը, բայց սիրում եմ իմ Երևանը` 1970-80-ականների Երևանը, որտեղ գոնե ինչ-որ բան պահպանվել էր և հնարավոր էր դեռևս պահպանել…

Եվ ինչ խոսք գեղեցիկ էր և ուներ իր ուրույն դեմքն ու թաղված էր անտառների, ծառ ու ծաղկի մեջ…Հարկավոր էր պահել, դողալ յուրաքանչյուր հնության կամ հուշարձանի համար, պահել ու փայփայել և ոչ թե ավիրել բարբարոսի նման…

Իսկ Աֆրիկյանների տան դեպքում քաղաքացիական ակտիվիստները վստահ չեն, որ քանդելիս, տեղափոխելիս քարերը չեն ջարդվի, կամ չեն կորի…Որ անպայման կվերականգնեն, որ հերթական մի չինովնիկ կամայականորեն չի խաթարի վերականգնման աշխատանքներն ընդհանրապես: Մինչդեռ նման դեպքերում, երբ շենքը շատ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ պահպանել, այլ անհրաժեշտ է վերակառուցել այլ վայրում, ապա պետք է լրջորեն քննարկել, որոշել տեղը, այդ գործընթացների պատասխանատուներին, կոնկրետ նախագիծ կազմել և ներկայացնել մասնագետների, հանրության քննարկմանը:

Եվ հերիք եղավ, «Հայաստան» հիմնադրամի, զանազան բարեգործական և այլ հիմնադրամների, այլ միջոցների շնորհիվ վերջապես հարկավոր է սկսել իրագործել «Հին Երևան» նախագծի իրականացման աշխատանքները, սկսել նախկինում քանդված շենքերի գույքագրման, ճշգրտման աշխատանքները…

Մեզ Երևանի աղավաղված դեմքը վերականգնել է պետք ու հնարավորինս արագ…

Եվ Աստված կսիրեք, պահեք-պահպանեք գոնե Գյումրիի հին շենքերը, թաղամասերը, Գյումրիի առաջվա գեղեցիկ կոլորիտը…»

© Medialab.am