Խորհրդային Հայաստանի ուրվականը

Վահրամ Թոքմաջյան

1920 թ. այս օրը Հայաստանը փաստացի խորհրդայնացվեց։ Հայհեղկոմը Բաքվից հասավ Իջևան և Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր: Այսպիսով՝ նոյեմբերի 29-ը ընդունվեց որպես Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օր։

Ամրագրումը եղավ դեկտեմբերի 2-ին, բայց դա, ինչպես ասում են՝ թղթաբանության հարց էր։ Ի դեպ, ճակատագրի դառը հեգնանքով, Հայհեղկոմը եկավ արևելքից ու որևէ խոչընդոտ չուներ։ Սահմանները բաց էին։ Ինչ-որ բան հիշեցնո՞ւմ է ոչ վաղ անցյալից։

Պետությունը գտնվում էր ծայրահեղ սոցիալ-տնտեսական վիճակում, իսկ թուրքերը հասել էին Ալեքսանդրապոլ։ Ծրագրեր ունեին գրավել Երևանը։

Արևելքից՝ Տավուշի և Արցախի սահմաններից էլ կարմիր բանակն էր հարձակվում՝ ունենալով խորհրդային Ադրբեջանի աջակցությունը, որն ավելի վաղ էր ընդունել Մոսկվայի խաղի կանոնները։

Վրացիները, իհարկե մեզ հետ պայմանավորված, զորք էին մտցրել Լոռու «չեզոք գոտի»։

Բնակչությանը մեծ հաշվով այլևս ոչինչ հետաքրքիր չէր։ Չէին սգում անկախ պետականության կորուստը։ Ինչպես նկատում են ժամանակակիցները՝ մի զգալի մասը նույնիսկ ուրախ էր. ռուսները կփրկեն։

Եթե ես այս դեպքերը նկարագրելիս չհիշատակեի 1920 թ., սիրելի՛ ընթերցող, դու նույնիսկ կարող էիր մոլորության մեջ ընկնել ու իրադարձությունների կրկնությունն ընկալեիր 2020 թ. դիտանկյունից։

Ու դա հասկանալի կլիներ, քանի որ 100 տարի անց ճակատագրի նույն դառը հեգնանքը պատուհասեց մեզ։ Իսկ ինչո՞ւ։

Հարյուր տարի առաջ և հարյուր տարի հետո, մենք չհասկացանք, թե ովքե՛ր են տարածաշրջանում խաղացողները, ո՛ւմ հետ պետք է խոսել և ինչպե՛ս պետք է խոսել։

Ձեզ բուհերում և դպրոցներում կսովորեցնեն հպարտանալ Սարդարապատի հաղթանակով, բայց երբեք չեն փորձի բացատրել, թե ինչպես եղավ, որ Սարդարապատում ու Բաշ-Ապարանում հաղթած մարդիկ առանց մեկ կրակոցի տվեցին մինչև ատամները զինված Կարսը։

Ամոթ է, այդ մասին չեն խոսի։

Ձեզ կպատմեն, թե ինչպես «պիղծ Արևմուտքը», սրիկա թուրքերը և «քցող ռուսները» չթողեցին կյանքի կոչել Սևրը, բայց փոխարենը երբեք չեն խոսի մեր տմարդիությունից։

Չեն բացատրի, թե ինչպես եղավ, որ «Ստամբուլն արյան ծով» դարձնողներս կորցրեցինք 40.000 քառակուսի կիլոմետր, իսկ հետո արդեն, մեկ գիշերում, Ստալինի թեթև ձեռամբ՝ Արցախն Ադրբեջանին։

Իսկ ավելի ուշ՝ «Բաքվում չայ խմելով» հասանք այս հանգրվանին։ Երբեք դրա մասին չեն խոսի։ Իսկ դուք էլ հավես չեք ունենա վերլուծել, քննարկել ու քննադատել։

Այդ բաղադրիչների համար պետք է պատմական նյութ, պետք են ճշմարտություն ասողները։ Իսկ այդ ճշմարտությունը կորչում է աղմուկ-աղաղակի, ողբի, քցված լինելու, քցող բարեկամների, պիղծ եվրոպացիների և դավադիր թուրքերի հեկեկոցներում։

Բոլորը, բացառապես բոլորը մեղավոր են, բացի մեզնից։

Ճշմարտություն ասողներին էլ առժամանակ կխարանենք «դավաճանի» խարանով ու կշարունակենք հանդեսային հայրենասիրությունը, մինչև պատուհասի հաջորդ ողբերգությունը, և ևս մի քանի սերունդ կքած ապրի։

Խորհրդային Հայաստանը գոյություն է ունեցել 70 տարի։ 70 տարի մեր պապերն ու տատերը, հայրերն ու մայրերը, մեզնից ոմանք ապրել են այդ պետության մեջ։

Ստեղծել, արարել, կոտորվել, դատվել, բռնադատվել և այլն։ Իսկ ի՞նչ գիտենք մենք այդ պետության մասին։ Լենին, Ստալին, բռնաճնշումներ, «վաենտորգի լիմոնադ», «Լեննականի մյասկոմբինատի սերվելադ», «Սոչի սանատորիա» ու «տռիկոտաժ»։ 

Ինչպես առաջին հանրապետության պարագայում է, երբ մենք հիանում ենք Քաջազնունու վերարկուի պատմությամբ, բայց չենք սովորում հանրապետության էությունը, այնպես է Խորհրդային Հայաստանի պարագան։

Մենք ոչինչ չգիտենք այդ պետության էության մասին։ Հայը ոսկե միջինը չի սիրում։ Կա՛մ քրֆելու է, կա՛մ աստվածացնի։ Ու նույն մղումով սահմանափակվում ենք այս հարցում. տոտալիտար պետություն էր՝ բռնաճնշումներով լեցուն, կամ «սովետի վախտ» լավ էր՝ կյանքն ուրախ էր, ապրուստը՝ ձրի։

Իսկ միգուցե եկել է պահը, որ ստամոքսներս մի կողմ դնենք ու սկսենք ուղեղնե՞րս աշխատեցնել։ Ծայրահեղություններից դուրս գանք ու մեր դժբախտությունների պատճառնե՞րը հասկանանք։

Թե՞ նորից թույլ տանք նույն շրջափուլը կրկնվի, ու հետո հայտնվեն «ծակ իմաստուններ» հետին խելքով պնդելու՝ ասողներ կային, լսեիք։

Չէ՛, մերը ողբն է։ Մենք նույնիսկ Ավստրալիայի հրդեհներից ենք ողբում, իսկ Փարիզի Աստվածամոր տաճարի համար մազերս ենք փետում, բայց սեփական եկեղեցին պահել ունակ չենք, որովհետև երբեք ու ոչինչ չենք հասկացել։

Երբեք ու ոչինչ չենք վերլուծել։ Սկսենք վերլուծել, քանի դեռ խորհրդային Հայաստանի օրը շնորհավորելն էլ ավելի ակտուալ չի դառնա։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am