Այո՜. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին

Այո՜. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին
Այո՜. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին

Նոյեմբերի 12-ին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների` հայրենիք վերադարձի գործողությունը առանձնանում է հայկական ռազմարվեստի պատմության մեջ։ Գուցե նաեւ ոչ միայն հայկական ռազմարվեստի։

Գործողության կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականության որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մոտեցումներ են պահանջում։ Այս պահին պարզ է եւ հստակ, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ադրբեջանական ծուղակի չեզոքացումը, ադրբեջանցի զինվորների ոչնչացումը եւ հայ օդաչուների դիակի եւ մասունքների, ինչպէս նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերի տարհանումը բարդ, սակայն միաժամանակ կատարելագործության հասնող զինվորական միջամտություն է, եւ վեր է ամեն  գնահատականից։

Պետք չէ մոռանալ հայկական ուղղաթիռի խոցման առիթով նախորդող զգուշացումները, ՀՀ նախագահի՝ Արցախում կատարած հայտարարություններից մինչեւ ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանական համակարգերի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հաւաստիացումները։ Այո. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին, որոնք ցաւոտ, համաչափից մի քիչ էլ ավելի տարողությամբ պատասխան կստանան։

Ադրբեջանական կողմը չուզեց նկատել ո՜չ ՀՀ նախագահի եւ ոչ էլ հայկական երկու պետությունների պաշտպանական համակարգերի գերատեսչությունների զգուշացումները։ Բաքուն շարունակեց իր վարքագիծը։ Ադրբեջանական կողմը, անտեսելով մարդասիրական միջազգային նորմերն ու չափանիշերը, մերժեց վերադարձնել հայ զոհերի դիակն ու մասունքները եւ հոխորտաց գերեվարված ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակել օդաչուների մարմինները։

Ադրբեջանական մերժումն ու հոխորտանքը աննախատեսելի չէին։ Մերժումը սակայն միայն հայկական կողմին չէր ուղղված։ Միջազգային կարմիր խաչի դիմումներն ու ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների անպատասխան մնալը մերժում էր փաստորեն ոչ միայն միջնորդական առաքելության ներկայացուցիչներին, այլ նաեւ ընդհանրապես միջազգային ընտանիքին։

Այս դեպքում հայկական կողմը նախընտրությունը տվել էր նման իրավիճակներում գործող եւ մարդասիրական ու միջնորդական կառույցներին, առիթ տալով, որ նրանց հաջողվի Ադրբեջանի հետ համաձայնաբար տարհանել հայ օդաչուների դիակները։

Այս առիթը տրվեց միջազգային ընտանիքին եւ Բաքվին, գուցե քաջ գիտենալով, որ Բաքուն չպիտի ընդառաջի նման դիմումներին եւ հերթական անգամ խախտի միազգային համաձայնությունները։ Հայկական պաշտպանական համակարգը առիթի սպառումից հետո ի՜նքը ճշտեց հայ օդաչուների դիակ-մասունքները ազատագրելու 0 ժամը։

Մնացածն արդեն զինվորական գործողության փայլուն կատարողականության առարկայացումն է, հայ զինվորի պատիւը փրկելու վեհանձնագույն օրինակի կայացում։ Ռազմական արհեստավարժության նման բարձրորակ մակարդակի նվաճումը, հակահարվածի ժամանակահատվածի ճշտումը, ուղղաթիռի խոցման վայրի դիտարկումը, ծուղակի չեզոքացումը, առանց հայ զոհի գործողության կատարումը,  ու դիակների վերադարձի գործողության իրականցումը ուղերձ ունի ոչ միայն Բաքվին, որ հասկացավ, թե պատերազմական  ֆլեշմոբեր կազմակերպելը հայկական կողմի նկատմամբ բացառված է այլեվս, որ հասկացավ նաեւ, թե նման արկածախնդրություն կատարելը ինչ տեսակ ծանր հետեւանքներ կարող է ունենալ։

Բայց ոչ միայն Բաքվին է ուղերձը։ Ուղերձ կա նաեւ առիթ ու ժամանակ ունեցած միջազգային կառույցներին, որոնք Բաքվի մերժողականության պատճառով հայտնվեցին անաշխատունակ եւ անզոր իրավիճակում։ Սկզբունքով դրանք եւս պիտի գիտակցած լինեն, որ նման իրավիճակներում` հրադադարի խախտման, կացնահարման, դիվերսիոն գործողություններ կատարելու եւ անզեն  ուսումնավարժական առաաքելություն իրականացնող ուղղաթիռ խփելու միջադեպերի պատասխանատուն բացառապես մի  կողմն է. ալիեւյան Բաքուն. եւ թէ մանավանդ ֆլեշմոբերի կազմակերպման բացառման նման, վերջ պետք է գտնի պատասխանատվությունների  համահաւասարեցման միջազգային խաղը։

Այո՜. հայկական  հատուկ ջոկատայիններն արգելեցին ադրբեջանական ֆլեշմոբերի  կրկնությունը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

© Medialab.am