«Հայաստանի չծնված աղջիկները». Կարծրատիպեր, որոնք հազարավոր կյանքեր են արժենում

«Հայաստանի չծնված աղջիկները». Կարծրատիպեր, որոնք հազարավոր կյանքեր են արժենում
«Հայաստանի չծնված աղջիկները». Կարծրատիպեր, որոնք հազարավոր կյանքեր են արժենում

Թեև Հայաստանում սելեկտիվ աբորտների շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակը մեղմելու համար կառավարությունը փորձում է իրավիճակը վերահսկողության տակ առնել` օրենսդրական փոփոխությունների միջոցով առաջարկելով արգելել տեղեկություններ տրամադրել պտղի սեռի վերաբերյալ, այնուամենայնիվ իրավիճակը մեծ հաշվով չի փոխվում:

Դեկտեմբերի 6-ին Երեւանի կենտրոնում`Հյուսիսային պողոտայում, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կազմակերպած «Հայաստանի չծնված աղջիկները» անվանումով  ազդեցիկ ակցիան կրկին անգամ խնդիրը լսելի դարձնելու նպատակ ուներ:

«Խնդրի մասին վերջի մի քանի տարում խոսվում է, նույնիսկ ուսումնասիրություններ կան, բայց հասարակությունը լուրջ չի նայում այս հարցին, այդ իսկ պատճառով կոալիցիան որոշեց խնդիրն այս մոտեցամամբ  ավելի տեսանելի դարձնել,-«Մեդիալաբին» ասում է կոալիցիայի անդամ, «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը:

Թեև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր երկրում ընտրովի աբորտների առկայությունը, այնուամենայնիվ, 2011-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտությունն ավելի ակնառու ցույց տվեց, որ հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին լույս աշխարհ գալու՝ նախընտրելով տղա երեխա ունենալ:

Այս ամենի հետևանքով 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 100 աղջկա դիմաց կազմելով 114 տղա (2012) այն դեպքում, երբ նորմայի դեպքում պետք է 102-106 լիներ:

«Իրականացված հետազոտությունը հաստատեց, որ նորածինների սեռերի շեղված հարաբերակցությունը նախածննդյան փուլում երեխայի սեռի ընտրության հետևանք է,-նշված է «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ, և այն ցույց տվեց, որ Հայաստանը տարեկան կորցնում է շուրջ 1400 աղջիկ, ինչը մեծ հարված է Հայաստանի` առանց այն էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդագրական իրադրությանը»:

 «Սա աբորտի հարցը չի, այլ կոնկրետ աղջիկ երեխաների նկատմամբ ունեցաց կարծրատիպերի ու հայրիշխանական համակարգի ստեղծած աղետն է,-վստահ է Մամիկոն Հովսեփյանը,- հասարակությունը դեռևս սեռով պայմանավորված հղիության ընդհատման վտանգը չի գիտակցում»:

Ուսումնասիրությունների համաձայն, եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռը կանխորոշող կամ, այսպես կոչված, սելեկտիվ, աբորտները, ապա մինչև 2060 թվականը 93 000 մայր չի ծնվի:

Ակցիայի լուսանկարներն` այստեղ:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=8eJfw-LMbr0