Արհավիրքները և դավադիր մառազմը

Վահրամ Թոքմաջյան

Այսօր Երևանը ցնցվեց անակնկալ երկրաշարժից։ Թվում էր, թե պատմական ոչ վաղ անցյալում ավերիչ ու ողբերգական հետևանքներով երկրաշարժ տեսած հասարակությունը պետք է առնվազն պատրաստ լինի բնության պատուհասին կամ գոնե ունենա տարրական գիտելիքներ։ Բայց ինչ պարզվեց։ 

Տեքստի մեջ բանալի բառն անակնկալն է։ Բնական աղետները սովորաբար հենց այդպես են գալիս՝ անակնկալ։ Որևէ մեկին չեն հարցնում։ Իհարկե, գիտության վերջին զարգացումները հնարավորություն են տալիս որոշակի կանխատեսումներ անելու, սակայն մոտ ապագայում «Կովկասի Սիլիկոնային հովիտ դարձող» Հայաստանին դրանք դեռ չեն «սպառնում»։ 

Սակայն բնական արհավիրքների անակնկալ լինելը չի խանգարում, որպեսզի հոծ զանգված նեղսրտի պատկան մարմիններից, թե` «Գոնե մի հատ զգուշացնեիք, էս ինչ շնորհք է, մասկա էի դրել»։

Սա մոտավորապես այն զանգվածն է, որը մեղադրում է բոլորին տաք փետրվարի համար, քանի որ չի կարողացել ցուցադրել վերջերս գնած մուշտակը։ Սրան մենք կանվանենք անդառնալի անգետների համախումբ։

Երկրորդ խումբն ամենակարևորն է, քանի որ բնության երևույթները մեկնաբանում է սեփական գիտական հիմնավորումների ու թվերի կուռ համակցմամբ։ Չենք ծանրանա, քանի որ ամսի 13-ը և երկրաշարժի ուժգնությունը՝ 6 բալ, որևէ փաստարկի չեն դիմանում։ Սատանայի ձեռքի գործն է։ Իսկ մաթեմատիկական հիմնավորումը կարող եք տեսնել կից նկարում։ 

Մարդկանց հանգստացնելու է գալիս մի հոգեորս Ֆրանսիայից ու հորդորում աղոթել, քանի որ աղոթքի մեջ է երկրաշարժի ալիքների թափը կոտրելու գաղտնիքը։ Իհարկե առավել քան հիմնավոր փաստարկ է և ունի աջակիցների մեծ խումբ՝ բալզակյան տարիքի ֆեյսբուքահայուհիներից։

Բայց էլ ի՛նչ երկրաշարժ առանց թուրքերի, ադրբեջանցիների ու ռուսների։ Դա հնարավոր չէ, կուլմինացիա չկա։ Ուստի այդ բացը ևս լրացնել է պետք։

Սակայն դա չի կարող անել սովորական մարդ կամ շահառու։ Հայտնի մեկն է պետք, որի խոսքն անվիճելի հեղինակություն կունենա, մարգարտաշաղ հայերենը կգերի ընթերցողի տատասկ հոգին այս անգոյության խորշալից ոլորաններում, իսկ դրված բազմակետերի տակ որքան հոգեկռինչ ճշմարտություններ կթաքցվեն։

Ու բինգո… այդ ծանր պարտավորությունն իր վրա կվերցնի հայոց աստղային երկնակամարի ամենախելացին, ականավոր երկրաբան և սեյսմոլոգ, աստղաֆիզիկայի բնագավառի ծագող գիսաստղը։

Նրբազգաց խռովքով լեցուն այս գրառումը թերևս կարող էր վերջակետ դնել, եթե ԱԻՆ-ը չհայտարարեր, որ իրավիճակը վերահսկվում է։ Հենց այդպես, սիրելի՛ ընթերցող. ԱԻՆ-ից մի քանի հոգի գնացել-կանգնել են էպիկենտրոնում ու սպառնացել են երկրաշարժի ալիքներին՝ մի հատ էլ եք ցնցվել՝ գլուխներդ կջարդենք։

Իհարկե այս ամենին կարող ենք գումարել երկրաշարժի ընթացքում լայվ մտածներին, ՏիկՏոկի հոլովակ նկարողներին, մասոններին, ինչու ոչ՝ Տաճարականների միաբանությանը և մի կին ատամնատեխնիկի։ 

Ու ամեն ինչ իրոք սատիրիկ կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Կրթությունը և գիտությունն անկյունում լուռ ծխում են։ Ծխում են, որովհետև անժամկետ արձակուրդի մեջ են։ Եվ դա շատ վաղուց։ 

Ծխում են, որովհետև մեր դպրոցների, մանկապարտեզների դռների մի զգալի մաս դեռ ներս է բացվում։ 

Այն, ինչ մարդիկ հասկացել էին Հին Հռոմում, դժվար են հասկանում 21-րդ դարի Հայաստանում։ Ծխում են, որովհետև մարդկանց զգալի մասը չգիտի, որ բարձրահարկ շենքում, երրորդ-չորրորդ հարկերից սկսած, ինչ վարքագիծ պետք է դրսևորել։ 

Որտե՞ղ կանգնել տան մեջ, օգտվե՞լ վերելակից, թե՞ խուսափել, վազե՞լ աստիճաններով ներքև, թե՞ դա կավելացնի խուճապը։ 

Մարդիկ անգամ չգիտեն, որ շենքերից դուրս գալուց հետո չպետք է հավաքվեն պատերի, պատուհանների, առավել ևս՝ էլեկտրական սյուների տակ, բայց հավաքվում են։ 

Ինչո՞ւ. որովհետև այս պարզունակ բաները մարդկանց ոչ ոք չի սովորեցրել։ 

Հայաստանի կրթական իրականությունը 30 տարի մարդուն չի ծառայել։ Այն ծառայել է չեղած իրականությանը, որի արդյունքում ծնվում են վերոհիշյալ դավադրությունների տեսությունները։ 

Եվ ապրում ենք գոհ ու երջանիկ, հերթական ֆեյք նյուզից ուրախացած, թե Արարատի լանջին երկրաշարժի հետևանքով թուրքական ռազմաբազա է ավերվել։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am