Արցախում ռուսաց լեզվին կարգավիճակ տալու քայլը մենք միգուցե պետք է ավելի վաղուց անեինք, 1990-ականներին. Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

– Արդեն երկու օր է՝ քննարկվում է Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Արդյոք դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ խոսվում է, որ սա ռուսական կողմի ցանկությունն է, թեև հեղինակները պնդում են, որ իրենց անձնական նախաձեռնությունն է: 

– Ես կարծում եմ, որ որևէ արտաքին միջամտություն այստեղ չկա, և, ընդհանրապես, երբ մենք խոսում ենք Արցախի պետականության մասին, բնական է, որ սա Ազգային ժողովի որոշ պատգամավորների առաջարկ է եղել: Ես չեմ ուզում և իրավունք էլ չունեմ միջամտելու օրենսդիր թևի աշխատանքներին, բայց ես ունեմ իմ կարծիքը:

Ներկա պայմաններում, առավել ևս՝ հիմա, պարտավոր ենք ամրապնդել մեր կապերը սփյուռքի հետ: Ընդհանրապես, հայկական միասնականությունը միշտ եղել և մնում է և՛ մեր արտաքին քաղաքականության, և՛ պետականաշինության հիմնասյուներից մեկը:

Եվ այստեղ առանձնակի կարևորություն ունի նաև սփյուռքը: Սփյուռքի հետ կապերի ամրապնդումը ոչ միայն հռչակագրային բնույթ է կրում, այլ նաև քայլեր են կատարվում այս ուղղությամբ:

Այդ քայլերից մեկն էլ այն է, որ մենք պետք է ամրապնդենք մեր կապերն այն երկրների հետ, որտեղ կա մեծ հայկական սփյուռք: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, այդ սփյուռքի մի պատկառելի մասը արմատներով արցախցի է:

Որոշ տվյալներով՝ մինչև 1 մլն մարդ: Նրանց համար ռուսաց լեզուն այսօր հիմնական լեզուն է: Հետևաբար ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տալը կարևոր է այս տեսանկյունից:

Ես չեմ ասում, որ փոխվում է պետական լեզուն: Արցախի պետական լեզուն եղել և մնում է հայերենը: Սա չի կարող հայերենի կարգավիճակին որևէ ձևով վտանգ ներկայացնել:

Հայերենը կա և կմնա մեր պետական լեզուն, մեր ինքնության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի կարևորագույն գրավականը:

Ընդհանրապես, լեզուն մեր ազգային ինքնության ամեն ինչն է: Այնպես որ, սա պետք է դիտարկենք նաև որպես սփյուռքի հետ կապերի կարևոր գրավական, կամուրջ:

Ես կարծում եմ, որ այդ քայլը մենք միգուցե պետք է ավելի վաղուց անեինք, դեռևս 1990-ական թվականներին, հատկապես այն ժամանակ, երբ Բաքվից, Սումգայիթից փախստականների մեծ հոսք եկավ Արցախ:

Նրանց մի մասը հետագայում թողեց Արցախը նաև լեզվական խնդիրների պատճառով: Մենք կորցրեցինք ոչ միայն քանակական առումով, այլև ներուժի մի պատկառելի մաս:

Այդ տեսանկյունից, կարծում եմ՝ դա որևէ կերպ մեր պետությանն ու պետականությանը վնաս չի հասցնի, ընդհակառակը՝ օգուտ կբերի: Չպետք է մոռանալ նաև, որ Արցախի անկախության հռչակումը, փաստաթուղթը առաջին անգամ եղել է ռուսերենով:

Կան նաև տեսանյութեր: Բացի դրանից, հայ ժողովրդի մեծերի մի պատկառելի մասը, հատկապես նորագույն պատմության մեջ, ստացել է ռուսական կրթություն՝ սկսած Թումանյանից, Դրոյից, Նժդեհից, Արամ Մանուկյանից, Մարշալ Բաղրամյանից մինչև Շիրազ ու Պարույր Սևակ և այլն: Ռուսերենը որևէ ձևով չի խոչընդոտելու մեր ազգային ինքնությունը:

Կրկնում եմ՝ մեր մեծերի, որոնք հարստացրել են մեր գրականությունը, տնտեսությունը, մի պատկառելի մասը ստացել է ռուսական կրթություն: Ես այստեղ որևէ վտանգ չեմ տեսնում: 

– Շատերը նշում են, որ սա Ռուսաստանին հաճոյանալու քայլ է: Արդյոք ռուսական կողմից ի՞նչ արձագանքներ եք ստացել, նրանք ինչ-որ կերպ արձագանքե՞լ են։

– Ինչքան գիտեմ՝ ոչ: Մենք ՌԴ-ում ունենք 3 մլն-ից ավելի հայկական սփյուռք, որոնցից մոտ 1 միլիոնը արցախցի են:

Մենք պե՞տք է այդ մարդկանց հետ կապ հաստատենք, թե՞ չպետք է հաստատենք: Ի՞նչ հաճոյանալու մասին է խոսքը, եթե դա այդ մարդկանց հիմնական լեզուն է:

Մենք այսօր էլ մեր սուբյեկտայնությունը, աշխարհաքաղաքական կայունությունը պետք է պահպանենք, իսկ դա նշանակում է, որ Արցախը պետք է ամուր դիրքեր ունենա ինչպես Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ սփյուռքի:

Սա ամենակարևոր գործոններից մեկն է, սուբյեկտայնության և աշխարհաքաղաքական գործոն լինելը պահելու գրավականներից: Արցախը արժեք է և այդպիսին պետք է մնա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Արցախի խոսքը պետք է շատ ծանրակշիռ և վճռորոշ լինի: Իսկ այս տեսանկյունից այս քայլը միայն կուժեղացնի մեր դիրքերը: 

– Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների առկայությունն ապահովո՞ւմ է ժողովրդի անվտանգությունը, որքանո՞վ է անվտանգ Արցախը:

– Եթե չլինեն խաղաղապահ ուժերը, Արցախ չի լինի: Ես դա ասում եմ հստակ: Խաղաղապահների առկայությունն է ամենակարևոր գրավականը, որ այս պահին Արցախը կա և խաղաղ է ապրում: 

– Հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց ռուսական դպրոցներ բացվեն Արցախում: Դա որքանո՞վ ճիշտ կլինի:

– Խորհրդային տարիներին, լինելով Ադրբեջանական ԽՍՀ կազմում, ժողովուրդը չի թրքացել: Այո՛, ռուսական կրթություն ստացել ենք, բայց Ստեփանակերտում եղել է 12 դպրոց, որոնցից միայն 2-ն են ռուսական եղել: Ճիշտ է, ռուսականները ամենաուժեղ դպրոցներն են եղել:

Քանի՜-քանի պետական գործիչ, քանի՜-քանի հերոս հանդիսացել են հենց այդ ռուսական դպրոցների շրջանավարտներ:

Մենք ռուսացե՞լ ենք, հայ ենք մնացել, և Արցախը միշտ եղել է հայոց պետականության բնօրրանը: Ի՞նչ կապ ունի լեզվի դասավանդման կամ լեզվի տեղն ու դերը:

Ընդհակառակը, այս քայլը միայն կուժեղացնի մեր դիրքերը: Այդ շահարկումներից արդեն հոգնել ենք: Արցախը պետք է վերականգնվի, պետք է ապաքինվի, և մենք անելու ենք ամեն ինչ այս ուղղությամբ: 

– Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու որևէ հիմք չկա: Փաստորեն կա՞ հակասություն պաշտոնյաների միջև, թե՞ ոչ:

– Դա նրա կարծիքն է, ես հայտնում եմ իմ կարծիքը և համարում եմ, որ իմ կարծիքը հիմք ունի: Արցախում բնակչության մեծ մասն այդպես է մտածում:

Մանե Հարությունյան

MediaLab.am