ԱՊՀ կամ ԵՏՄ տարածքում դոլարով առևտուր անելուց հրաժարվելն անիրատեսական է

ԱՊՀ կամ ԵՏՄ տարածքում դոլարով առևտուր անելուց հրաժարվելն անիրատեսական է
ԱՊՀ կամ ԵՏՄ տարածքում դոլարով առևտուր անելուց հրաժարվելն անիրատեսական է

Վերջերս Ռուսաստանի Նախագահ Պուտինը հանդես էր եկել մի նախաձեռնությամբ, որով առաջարկում էր հրաժարվել ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտուրը դոլարով իրականացնելուց, փոխարենը հաշվարկներում օգտագործելով առևտուրն անող երկրների արժույթները։ Իսկ երեկ այդ նախաձեռնությունը սատարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Բելառուսում հայտարարեց, որ «Հարկավոր է քայլեր ձեռնարկել ԵՏՄ-ում ազգային արժույթներով կատարվող փոխադարձ հաշվարկների ակտիվացման եւ դոլարիզացիան նվազեցնելու ուղղությամբ»: […]

Վերջերս Ռուսաստանի Նախագահ Պուտինը հանդես էր եկել մի նախաձեռնությամբ, որով առաջարկում էր հրաժարվել ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտուրը
դոլարով իրականացնելուց, փոխարենը հաշվարկներում օգտագործելով առևտուրն անող երկրների արժույթները։ Իսկ երեկ այդ նախաձեռնությունը սատարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Բելառուսում հայտարարեց, որ «Հարկավոր է քայլեր ձեռնարկել ԵՏՄ-ում ազգային արժույթներով կատարվող փոխադարձ հաշվարկների ակտիվացման եւ դոլարիզացիան նվազեցնելու ուղղությամբ»:

Տեխնիկապես բավականին բարդ, բայց տեսականորեն առաջին հայացքից հնարավոր թվացող այս ծրագիրը, սակայն, բավականին ռիսկային է ու գործնականում շատ դժվար է իրականացնելը։ Համաձայնելու՞ է արդյոք Ռուսաստանը, որ, ասենք, գազի կամ նավթամթերքի դիմաց Հայաստանը իրեն վճարի ռուսական ռուբլով: Երբ ռուբլին արժեզրկվում է (իսկ այն, ակնհայտորեն շարունակելու է արժեզրկվել առաջիկա տարիներին), «Գազպրոմին» ձեռնտու է գազի դիմաց վճարը հենց դոլարով ստանալ (ինչը համարժեք կլինի ավելի շատ ռուբլու)։ Իսկ միգուցե Ռուսաստանը համաձայնի, որ իր գազի դիմաց Հայաստանը դրամո՞վ վճարի։ Այդ դեպքում մեր երկիրը դրամը աստիճանական արժեզրկելու (ու արժեզրկված դրամով ռուսներին վճարելու) լրացուցիչ խթան է ստանում, ինչը հասկանալով` դժվար թե ռուսները համաձայնեն դրամին:

Առաջին դժվարությունը կապված է արժույթի ընտրության հետ։ Ո՞ր դեպքերում ո՞ր արժույթով ներմուծողներն ու արտահանողները պետք է կնքեն պայմանագրերը։ Տրամաբանականն այն է, որ ընտրվի ամենակայուն՝ ամենաքիչ տատանվող արժույթը, հակառակ դեպքում գործարարների՝ կուրսի տատանումներից մեծ վնասներ կրելու ռիսկը չափազանց մեծ կլինի։ Եթե ազգային արժույթները տատանվում են, բայց առևտրային պայմանագրերը դոլարով են՝ գործարարները ռիսկերը շատ ավելի հեշտ են կառավարվում, քան թե եթե առևտուրը հենց տատանվող արժույթով է արվում։

Արժույթը

Մինչև 2014-ի սկիզբը թվում էր, թե Ղազախստանի արժույթն ամենակայուններից է (այս երկիրն իրականացնում էր ֆիքսվածին մոտ փոխարժեքի քաղաքականություն), սակայն վերջին մեկուկես տարում երկու անգամ այս արժույթը կտրուկ արժեզրկվեց (55 տոկոսով)՝ 1 դոլարի դիմաց նախկին մոտ 160-ից հասնելով 240-245-ի։ Ռուբլու մասին խոսելն արդեն ավելորդ է, քանի որ վերջինս ամենաանկայունն է: Պակաս վատ վիճակում չէ վերջին մի տարում 50 տոկոսով արժեզրկված բելառուսական ռուբլին:

Իսկ ահա ԵՏՄ-ին նոր անդամակցած Ղրղզստանի ազգային արժույթը՝ Սոմը, թեև մի տարում արժեզրկվել է ընդամենը 22 տոկոսով, սակայն այն հաճախակի է տատանվում:

Համեմատաբար կայուն է ԵՏՄ տարածքում հայկական դրամը, որը վերջին 6 տարում 2 անգամ է կտրուկ արժեզրկվել, մի դեպքում` 25%-ով, մյուսում` 18%-ով։ Սակայն, դրամի դեպքում էլ գործ ունենք փոքր տնտեսության և առևտրի փոքր ծավալների հետ, ինչը ևս բարդացնում է խնդիրը։ Բացի այդ, ԵՏՄ անդամ մյուս պետությունները հազիվ թե համաձայնվեն անցնեն դրամի` նաև քաղաքական նկատառումներից ելնելով:

Հետևապես ԵՏՄ տարածքում չկա որևէ մի արժույթ, որը կարողանա իր վստահելիությամբ և կայունությամբ փոխարինել Դոլարին, Եվրոյին և այլ միջազգային արժույթներին:

Հունական հիվանդության ուրվականը

Հաջորդ խնդիրը կապված է երկրների եկամուտների տարբերությունների հետ։ Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4 անգամ պակաս է Ռուսաստանի համապատասխան ցուցանիշից, 2 անգամ՝ Ղազախստանի ցուցանիշից։ Առևտուրը տեղական արժույթներով անելը (եթե իհարկե այն հաջողվի) ի վերջո, տանելու է ԵՏՄ տարածքում միասնական արժույթ ստեղծելու անհրաժեշտությանը: Բայց ստեղծել միասնական արժույթ այն երկրների համար, որոնց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն էականորեն տարբերվում է, նշանակում է ապրանքների արտահանման էական աճի հեռանկարից զրկել քիչ եկամուտներով երկրներին: Դա է պատճառը, որ անգամ ԵՄ 28 երկրներից 9 (համեմատաբար ցածր եկամուտներով երկրները) չեն մտել եվրոգոտի: Հունաստանի պարտքային ճգնաժամի պատճառներից մեկն էլ այն է, որ ունենալով համեմատաբար ցածր եկամուտներ` մտավ եվրոգոտի ու վատացրեց իր ապրանքների արտահանման պայմանները:

Այսպիսով` ԱՊՀ երկրների միջև առևտրում դոլարից հրաժարվելու Պուտինի նախաձեռնությունը շատ խնդրահարույց է: Ամենայն հավանականությամբ այն զուտ քաղաքական-քարոզչական նպատակներ է հետապնդում` Ռուսաստան-Արևմուտք ներկայիս առճակատման ֆոնին: Դոլարից հրաժարվելուն, ամենայն հավանականությամբ, դեմ կլինեն ԵՏՄ անդամ մյուս երկրները, որոնք չեն ցանկանա, որ իրենց ազգային արժույթը փոխարինվի ռուսական ռուբլու պես անկայուն միասնական արժույթով, իսկ տնտեսությունները կանգնեն «հունական հիվանդության» եզրին:

Հրայր Մանուկյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»