Սերժ Սարգսյանը՝ ագրեսոր

Սերժ Սարգսյանը՝ ագրեսոր
Սերժ Սարգսյանը՝ ագրեսոր

Հայաստանն արժանի չէր Սերժ Սարգսյանին, բայց «արժանացավ»: Հայոց լեզուն ավելի անհույս վիճակում է՝ այդ մարդը ստում է հայերեն: Սուտը բոլոր երկրներում հասկանալի է միայն ընտրություններից առաջ: Ստել կարող է և՛ընտրվելուն հավակնող քաղաքական գործիչը, և՛ ընտրողը:

Սերժ Սարգսյանի` միայն 2013-ի ընտրությունների ընթացքում ասված ստերով հնարավոր է 200 տարի ընտրողին«կերակրել»: Ընդ որում՝ ամենուր: Աշխարհը շատ մեծ է ստի համար, բայց ինքը ստի համար չէ: Մարդը ասում էր՝ մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ, չկա՛ այդպիսի բան:

6 ամիս անց ԵՄ գնացող Հայաստանը մտավ Մաքսային միություն ու մոռացավ ԵՄ-ի մասին: Խոստացավ լինել Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը: Դեռ 2011-ին: Թռիչքը չկա ու չկա: Իսկ օդանավակայանն արդեն մաշվում է:Մարդը 4 տարի առաջ դատախազությունում հոխորտում էր, թե գլխից պետք է բռնել կոռումպացվածներին:

Այսօր 1993-ից միայն պետական պաշտոն զբաղեցնող այս մարդու ունեցվածքը միջազգային կառույցները հաշվում են միլիարդավոր դոլարներով: Դեռ 2008-ին մարդն ասել էր՝ առաջիկա ամիսներին Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել: Թող տիեզերակայան էլ խոստանա կառուցել:

Սուտը մի քանի հագուստն է, բայց ոչ մարմնի վրա: Սուտը պատյան է: Ընդ որում,սուտը մի «բարոյական» հատկություն ունի՝ ինքն իրեն վերահսկել չի կարող, ինքը չի կարող մեկումեջ հնչել: Եթե մի անգամ ասվեց, միշտ է ասվելու: Սուտը դառնում է կենցաղ` հարբեցողության նման: Քեզ արդեն դեմքով են ճանաչում որպես ստախոսի: Ինչպես օղին է աղավաղում մարդու դեմքը: Այսինքն` քո մասին պատմում է սուտը: Ինքն արդեն հրապարակայնացվելու կարիք չունի: Ստելն արդեն պարտադիր չէ: Քեզ հետ հաշվի նստելն արդեն դիմացինի ողորմածության ոլորտից է: Կամ` պիտի կաշառես նրան, իսկ կաշառքը ստի գործիքներից է, դա ասելիք չէ, այլ գործողություն:

Որովհետև սուտն ինքնին չի աշխատում, դու բացահայտվել ես:

Ուրիշ է ճշմարտությունը, այն ծավալվելու տեղ չի թողնում: Ինքը ասվում է մեկ անգամ, ինքն իրենից բացառում է նույնիսկ մեկնությունը: Ստել կարող է ցանկացածը: Դա հեշտ է: Սակայն ինքն իրականում հարձակում է մարդու հավատի վրա: Սուտը ագրեսիա է, Սերժ Սարգսյանը Հայաստանի վրա առաջին ագրեսորն է, ցանկացած ադրբեջանցի կերազի լինել Սերժ Սարգսյան և Հայաստանի հետ անել այն, ինչ անում է նախագահի աթոռն զբաղեցրած այս մարդը: Եվ դա բնական է: Սուտը սիրում է ինքն իրեն ներկայացնել, նա լեգիտիմության պահանջ չունի, քանի որ իր իմաստը, էությունը դիմացինի հետ աշխատանքը չէ:

Սուտը միայն ագրեսիա չէ, այն նաև ծաղր է:

Սերժ Սարգսյանը ծաղրում է ՀՀ քաղաքացուն:

4 տարի առաջ ասում էր՝ վարչապետ չեմ դառնա, իսկ հիմա ասում է՝ հաջորդ տարի խորհրդարանական մեծամասնությունն է առաջադրելու վարչապետին:

Մեծամասնությունն այլ թեկնածու ունի՞:

Մեծամասնությունն ընդհանրապես կամք ունի՞ այլ թեկնածուի համար:

Հասկանո՞ւմ եք` այս մարդը Հայաստանի բոլոր 365 օրերը դարձրել է ապրիլի 1: Երբ դու ստում ես, բացարձակապես պարտավորված չես աշխատել: Սուտը պարտավորություններ չունի, կարելի է ստել ամեն օր` մարդկանց աչքերի մեջ նայելով: Բայց եթե դա մարդու էությունն է, ինքն ի՞նչ գործ ունի պետության գլխին:

Հիմա այս մարդն արդեն չի ստում: Որովհետև ստելն արդեն քիչ է: Հիմա ստել կարող եմ ես: Ընդ որում, առանց բյուջեից մի լումա վերցնելու: Իսկ մենք վճարում ենք պետության «գլխին», որ մեզ ամեն օր անգլուխ պատկերացնի, որովհետև ստել դիմացինին նույնն է, որ նրան համարես անուղեղ:

Մի խոսքով, որ կողմից նայում ես Սերժ Սարգսյանին, աչքիդ առաջ աշխարհի առողջապահության բոլոր նախարարությունների զգուշացումն է՝ վտանգավոր է առողջության համար:

Մհեր Արշակյան

MediaLab.am