Ամեն ինչ հանուն հողերը հանձնելու

Ամեն ինչ հանուն հողերը հանձնելու
Ամեն ինչ հանուն հողերը հանձնելու

«Սասնա ծռերի» տղաների դատավարությունը և փաստաբանների դեմ ծավալած արշավն այսօր Հայաստանի ամենակարևոր իրադարձություններն են, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի եկել առաջին պլան: Բացատրեմ ինչու: Ամեն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում հանուն հողեր զիջելու:

Սերժ Սարգսյանը բոլոր միջոցները պետք է օգտագործի, որպեսզի դա անցավ լինի: Այսինքն` ըմբոստություններ չլինեն: Քանի որ ինքը լեգիտիմ չէ, օրինաչափորեն, այսինքն` նույնիսկ իր կամքից անկախ, պետք են աշխատեն ռեպրեսիան, պատիժը:

«Սասնա ծռերի» տղաները Հայաստանում ամենամեծ հեղինակություն վայելող տղաները չէին, բայց բանակցությունների համար վատ «ֆյոն» (Ալպերում փչող զով քամի) էին: Նրանց ՊՊԾ գունդ ուղղորդելուց էլ սկսվել է ռեպրեսիվ մեթոդներով հողերը հանձնելու դեմ դժգոհության միջավայրի դեմ պայքարը: Հայաստանի իշխանությունն այսօր չունի ժողովրդի հետ երկխոսելու «բառապաշար»: Այդ պատճառով ինքը գնում է այլ ճանապարհով` ռեպրեսիա և սոցիալական վատ վիճակի խորացում: Առաջինը հարցից հեռու է պահում ըմբոստ ազգայնականներին, որոնց հացը բացարձակապես հետաքրքիր չէ, երկրորդը խեղճացնում է ժողովրդի մնացած հատվածին, որին ըստ այդմ կարող է հողերի հանձնումը չհետաքրքրել:

«Սասնա ծռերի» տղաները ՊՊԾ մտնելով կատարեցին կոպիտ սխալ` նրանք մարդ սպանեցին:

Թեպետ բացառված չէ, որ ուղղորդման սցենարի մեջ կար նաև այդ հրամայականը` անպայման սպանել, որպեսզի այդ տղաների հերոսականությունը չընկալվի:

Սակայն նույնիսկ այդ դեպքում ժողովուրդը ընկալեց նրանց: Ժողովուրդը համաձայն էր նրանց հետ: Սա Հայաստանում ժողովրդավարության և ընտրությունների միջոցով իշխանություն փոխել չկարողանալու գինն էր: Եվ Սերժ Սարգսյանը սա գիտեր ու գիտի: Հիմա նա փորձում է հասնել մեկ այլ անլուծելի խնդրի հաջողությանը: Դատավարության ժամանակ տղաների վրայից մաքրել հերոսականությունը: Հերոսներ են նրանք, թե ոչ` դա պետք է բացատրել ժողովրդին, որը դեռևս անդրդվելի է` այդ տղաները հերոսներ են: Կրկնում եմ` դա Սերժ Սարգսյանի ձեռամբ պետության զրոյացման գինն է: «Ծռերը» դարձել են պետություն չունեցող համայնքի հերոսներ:

Նրանք նմանվում են 19-րդ դարավերջի այն ֆիդայիներին, որոնք ազատագրական պայքար կամ տեռոր էին իրականացնում պետություն ունենալու մղումով: Դատավարությունն առայժմ նրանց սևացնելու ցանկալի արդյունքը չի տալիս: Տղաները դատարանում իրենց պահում են այնպես, ինչպես Թուրքիայի դատարաններում իրեն կպահեր ԱՍԱԼԱ-ի մարտիկը: Եվ պատահական չէ, որ ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկներն այսօր նույնպես «Ծռերի» կողքին են: Մի խոսքով, դատավարությունը նույնպես չի կարողանում այդ տղաներից հանցագործ սարքել, թեպետ նրանք մարդ են սպանել, և դրա համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա:

Սերժ Սարգսյանի թիմը խաղարկում է սցենարի երրորդ անհույս մասը` հրապարակում է մեղադրական եզրակացությունը:

Իսկ սա արդեն հանցագործություն է, և հաճույքով կբացատրեմ թե ինչո՛ւ:

Ենթադրենք` ես դատախազ եմ (հիշե՛ք, դատախազ եմ ոչ ժողովրդավարական երկրում, որտեղ ես, որպես դատախազ, անպատժելի եմ, քմահաճ և տականք լինելու քարտ բլանշ ունեմ, ինչպես բոլոր դատախազները և դատավորները Հայաստանում):

Պավլիկ Մանուկյանին մեղադրում եմ ՊՊԾ գունդ մտնելու նախորդ օրը Վայքում երեքամյա հաշմանդամ մի աղջնակի մահամերձ ծեծելու, նրա մորը հայհոյելու և կողոպտելու, ինչպես նաև նրանց տան բոլոր պատուհանները հարբած վիճակում կոտրելու մեջ: Սա մեղադրական եզրակացությունն է: Այսպիսի մեղադրանքով գործը մտնում է դատարան: Դատարանում կարող է պարզվել, որ Պավլիկ Մանուկյանը Վայքում երբևէ չի եղել, ավելին, Վայքում երեքամյա հաշմանդամ աղջիկ չկա, հետևաբար չէր կարող լինել նաև նրա մայրը: Բայց մեղադրական եզրակացությունն արդեն հրապարակվել է, և մեզ մնում է մտածել, որ Պավլիկ Մանուկյանը անդիմադրելի տականք է:

Հիմա իշխանությունը «Ծռերին» պետք է արատավորի մեղադրական եզրակացությամբ, որը դեռ դատարանում քննության առարկա էլ չի դարձել, նրանք պետք է երևան բանկոմատ թալանողներ, մարդասպաններ: Որպեսզի հողեր հանձնելիս նրանց ծպտունը գոնե չլսվի:

Հիշե՛ք` սա ժողովրդավարության բացակայության գինն է, երբ հնարավոր չէ երկխոսություն իշխանության և ժողովրդի միջև: Ուստի երկխոսության բացակայությունը պետք է փոխարինվի պետության ինստիտուտների ապականությունը խորացնելով:

Որպեսզի Սարգսյանը պահպանի իշխանությունը: Կամ` գոնե չպահպանելով` երաշխիքներ ունենա, որ անձամբ իր համար վատ չի լինելու:

Մհեր Արշակյան

MediaLab.am