Այդ «անխուսափելի» ինքնասպանությունը

Այդ «անխուսափելի» ինքնասպանությունը
Այդ «անխուսափելի» ինքնասպանությունը

Մայրը դստեր հետ նետվել է Դավիթաշենի կամրջից։ Սա փաստ է։

Ասում են՝ ԱԻՆ-ում ամուսնալուծված մորը զրկել էին աշխատանքից և ավելի ցածր աշխատավարձով մի գործ առաջարկել։ Ես պատկերացնում եմ որևէ հենարան չունեցող մոր առջև փակված բոլոր ճանապարհները։ Տեսնում եմ ներկայի խցանումը նրա հոգում։ Ինքը կյանքին առաջարկելու ոչինչ չունի։ Պետք է պատկերացնել այն պահը, երբ կյանքը փախչում է նրա մտքերից ու հոգուց։ Պետք է վերծանել «ընկերովի» մեռնելու որոշում կայացնելիս նրա մեկուսացվածությունը։ Պետք է նրա անցյալը հավաքել հատիկ առ հատիկ։ Ինչպե՞ս է, որ 9 տարի խնամում էր դստերը և հանկարծ մի ակնթարթում որոշեց վերացնել նրան։

Պարզ է, որ մայրը կողքին չունի մեկին, որին դիմելիս «կվերականգնի» կյանքը։ Մեղադրել որևէ մեկին կարծես չի պատրաստվում։ Չկա մեկը, որը կասի՝ ինքը տեսնում էր այդ պահը։

Երեխան թեմա չէ, ինքը անձնական որևէ որոշում չի կայացրել։ Նա չի ասել՝ մայրի՛կ, իսկ ե՞րբ է ավելի լավ լինելու։ Նա հնազանդությունն է։ Նրա փոխարեն կայացված որոշման մեջ ինքն այլևս մարդ չէ։ Նույն հաջողությամբ մայրը կարող էր տեղում խեղդել երեխային։ Պատկերացնել մեռնելու ձևերի միջև մոր ընտրությունը՝ նետվել կամրջի՞ց, հրդեհել տո՞ւնը, ծակող գործիքով կտրել երեխայի և իր կոկո՞րդը։ Եվ այդ ամենը ոչ միայն իր, այլև՝ դստեր անունից, որը մոր նման ոչ մի հարցի պատասխանը չունի, բայց, ի տարբերություն մայրիկի, չունի նրա հուսահատությունը։

Մայրը դստերը չի ասում՝ այսպես ապրել չենք կարող։ Նա չի ասում նաև՝ մենք գնում ենք մեռնելու։ Հաստատ ճանապարհին կատակելու տրամադրություն չի ունեցել։ Չի քաջալերել՝ բալե՛ս, ամեն ինչ լավ է լինելու։ Անմեղության ձեռքից բռնած քայլել դեպի նրա ոչ կամավոր մահը։ Պատկերացնել փոքրիկ աղջկա աչքերը գահավիժելիս։ Այս նատուրալիզմը,- դերասանություն չանենք,- մի քիչ ներքին խաղաղություն է ուզում, որպեսզի կարողանանք միջով անցնել։ Այլապես ինչո՞վ ենք պակաս փոքրիկ աղջկա մայրիկից։

Ինքնասպանության հակված մարդիկ կորցնում են ոչ միայն կյանքի զգացումը, նրանք դադարում են իմաստավորել իրականությունը: Եթե իմաստը ծամես, դնես բերանը, չի աշխատի, որովհետև ներսում կտրվել է կապը շրջակա միջավայրի և ներքին աշխարհի: Որովհետև էդ կապը կտրվել է խզումից: Ինքնասպանության մղումը սարսափելի է հենց ներսում վտանգի ազդանշան չունենալով, այն կլանում է թեթևորեն, ինչպես մահվան թմբիրը: Այդ մղումին հանձնվում ես, առանց ագրեսիվ ինքնահռչակման: Ինքնասպանության մղումը նախնական դեմք չունի, որով կարելի է ճանաչել ապագա մեռնողին: Փողոցում հանդիպող մարդը կարող է նայել աչքերիդ մեջ և բացարձակապես չենթադրել, որ քայլերդ տանում են մոտակա կամուրջ` այն էլ 9-ամյա դստեր ձեռքը բռնած:

Մայրը չարտագաղթեց, մայրը երեխային մանկատուն չհանձնեց:

Ինչպե՞ս է սա հնարավոր դարձել։ Այս անմարդկայնության մեջ որտե՞ղ է պետությունը։ Պետությունն իր որոշումների մեջ է։ Ինքը մոր սիրտ չունի։ Եթե պետք է փող խնայել ԱԻՆ-ում, որտեղ աշխատում էր այդ կինը, ինքը խնայում է։ Պետությունը որևէ մեկի մահը չի տեսնում։ Ասել, որ մեր պետությունը հանցանք ծնող մտակերտվածք ունի, նշանակում է ոչինչ չասել։ Եվ հիմա ո՞վ պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Պետությունն այն մարմինն է, որին քո փոխարեն չես վերացնի։ Պետությունն արդարացումներ չունի, որովհետև ինքը երբեք որևէ մեկի աչքերի մեջ նայելուց չի կայացնում այս կամ այն որոշումը։ Ինքը դատավճիռն է, որը յուրաքանչյուրի հոգում դառնում է ապրելու կամ մեռնելու կամք։ Պետությունն այսպիսի դեպքերի համար հումորի շշմելի զգացում ունի՝ հարուցվել է քրեական գործ։ Գուցե քննիչն սկսի հանգուցյալ մոր հետ զրուցելո՞ւց։

Մհեր Արշակյան

MediaLab.am