Կորոնավիրուսի բարձր մահաբերությամբ հնդկական շտամը շատ ինտենսիվ տարածվում է, գնացեք պատվաստվեք. համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվերը նվազում են, հունիսի 7-ի տվյալներով՝ երկրում արձանագրվել է 32 դեպք։ Ինչպե՞ս կբացատրեք այս նվազման միտումը այն դեպքում, երբ տեսնում ենք, որ քաղաքացիները դիմակ չեն դնում, հակահամաճարակային կանոնները խստորեն չեն պահպանվում։ Արդյոք պատվաստումները կարևոր դե՞ր ունեցան իրավիճակի մեղմման համար։

– Պատվաստումները միանշանակ դեր չեն ունեցել, որովհետև բնակչության պատվաստումային ընդգրկվածությունը 1 տոկոսի կարգի է, որը թվերի նվազման իմաստով որևէ դեր ունենալ  չի կարող։ Սա բնական համաճարակային պրոցես է, որը մենք տեսել ենք երկու անգամ՝ անցյալ տարվա օգոստոսին և հունվար-փետրվար ամիսներին, և սա երրորդ ալիքի բնականոն ավարտն է:

– Այսինքն՝ կանխատեսվում է, որ այս համեմատաբար հանգիստ վիճակին կարող է հաջորդել վարակի բռնկման հաջո՞րդ փուլը։

– Կարծում եմ՝ այո՛, եթե շարունակենք պատվաստումային գործընթացում էսպիսի ցածր ընդգրկվածություն ունենալ։ Մեզ մոտ պատվաստման տեմպերը շատ դանդաղ են, և սա միանշանակ ակնկալում է չորրորդ, հինգերորդ ալիք: Հաշվի առնելով այլ շտամների առկայությունը՝ այսօր խոսում են ալֆա, դելտա շտամների մասին, որոնք ունեն թե՛ ավելի բարձր տարածվելիություն և թե՛ ավելի ծանր ընթացք։

– Հայաստանում մինչ օրս իրականացվել է 46503 պատվաստում, որը, ձեր գնահատմամբ՝ գոհացուցիչ չէ։ Բնակչության քանի՞ տոկոսը պետք է պատվաստվի, որ համաճարակաբանական տեսանկյունից դրական պատկեր ունենանք։

– Առնվազն 30 տոկոս արագ ընդգրկվածություն է պետք, որ ասենք՝ որոշակի ծածկույթ ունենք։ Շատ կարևոր է, որ պատվաստվումը միաժամանակ լինի՝ ոչ թե ժամանակի ընթացքում, երկար մտածելով, կողմնորոշվելով, այլ արագ ընդգրկվածություն պետք է ունենանք, որը մենք փաստորեն չունենք։ Արդեն երկու ամիս է՝ մեզ մոտ պատվաստումները ընթանում են, այդ տոկոսը շատ փոքր է։

– Ինչո՞վ եք պայմանավորում պատվաստվել ցանկացող մարդկանց դիմելիության ցածր տոկոսը։

– Նախ՝ քիչ իրազեկվածությամբ, երկրորդ՝ հակապատվաստումային քարոզչությունը, որն անընդհատ սոցիալական մեդիայով շրջանառվում է: Դրանք պարունակում են սխալ տեղեկություններ, այսպես կոչված, բարդությունների մասին, անգամ սխալ բովանդակությամբ հոլովակներ են պտտվում, օրինակ՝ հենց պատվաստվեց, ձեռքը կորցրեց, ոտքը կորցրեց, չգիտես ինչ հնարավոր ու անհնար տարբերակ ասես, տեսնում ենք։ 

Եվ, իհարկե, հետպատվաստումային փաստացի այն անբարեհաջող դեպքերը, որոնք կան, և դրանց բացակայությունը էսպիսի լայնածավալ պատվաստման պարագայում անհնար է, չի նշանակում, որ մարդիկ պետք է հրաժարվեն պատվաստվելուց։

Երբ գնահատում ենք ռիսկ-օգուտ հարաբերակցության մեջ պատվաստանյութի օգուտը, անառարկելի է ու, հաշվի առնելով այդ մի քանի դեպքը, չպետք է պատվաստվելուց հրաժարվել:

– Պատվաստվելուց հետո հիմնականում ի՞նչ նշաններ են ի հայտ գալիս։ Հայաստանում պատվաստված անձանց մոտ արդյոք եղե՞լ է, որ օրգանիզմը չընդունի պատվաստանյութը, պատվաստվելուց հետո ինքնազգացողությունը վատանա։

– Ինչքան ես եմ տեղեկացված, մենք ծանր հետպատվաստումային դեպք չենք ունեցել, իսկ աշխարհում արձանագրվել են 300-ից ավելի թրոմբոզի և թրոմբոէմբոլիայի դեպքեր: Սա արդեն արված միլիարդավոր պատվաստումների մեջ ցանկացած դեպքում սպասելի է պատվաստանյութի ներարկումից հետո։

– Պատվաստվելուց առաջ ի՞նչ է կարևոր իմանալ։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, որոնք ուզում են պաշտպանված լինել վիրուսից, սակայն պատվաստանյութերի հետ կապված տարբեր իրարամերժ լուրերից հետո չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել։

– Վստահ պետք է գնալ պատվաստվելու՝ հաշվի առնելով, որ հիվանդությունից մահվան ռիսկը հարյուրավոր, հազարավոր անգամ մեծ է, քան պատվաստումից ենթադրյալ անբարեհաջող ելքը։

200 հազար պատվաստվածից մեկի մոտ է հնարավոր այդպիսի ելք, այն էլ՝ որոշակի տարիքային խմբում: Սովորական դեղամիջոցից, որ առօրյայում կիրառում ենք, անգամ սննդից կարող են նման դեպքեր լինել: Էսպիսի մի հարաբերակցություն էլ կա, որ կայծակից մահվան հավանականությունը ավելի մեծ է, քան պատվաստվելուց: Սա էն հավանականությունը չէ, որ մենք ֆիքսվենք դրա վրա ու չպատվաստվենք։

– Այսօր մեկնարկել է քարոզարշավը, առաջիկայում ընտրություններ են, արդյոք կանխատեսո՞ւմ եք, որ այս իրադարձությունների ֆոնին վարակվածների թիվը կբարձրանա։

– Ես կարծում եմ՝ այո՛, որովհետև մեզ մոտ վարակի տարածման առումով, այսպես կոչված՝ լուսավոր շրջանը տևում է 8-10 շաբաթ, հնարավոր է՝ հաջորդ բարձրացումը ունենանք էդ շրջանում ևս՝ նաև հաշվի առնելով ակտիվ շփումը։

Խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին, որ վստահ գնան պատվաստվելու: Այսօր էլ կարդում էի այն տեղեկությունը, որ հնդկական շտամը շատ ինտենսիվ տարածում ունի, իսկ դրա մահաբերությունը ավելի բարձր է։ Խոսվում էր սև և դեղին բորբոսասնկերի մասին՝ որպես երկրորդային վարակ, որն ուղեցում է այդ ինֆեկցիային։

Ես ընդհանրապես չէի ցանկանա, որ մենք ունենայինք այդպիսի չորրորդ ալիք, որ բերեր ավելի շատ մահվան դեպքեր։

Արփինե Արզումանյան

MediaLab