Ֆրանսիան հասկանալի ու դիվանագիտական լեզվով ցույց է տալիս, որ Արևմուտքը լուրջ հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ. Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է դիտարկելու Հայաստանի հայտը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիայի այս ակտիվությունը ինչո՞վ եք բացատրում, ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայի այս պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության պաշտպանության հարցում:

– Սա առանձին վերցրած ինչ-որ հայտարարություն չէ՝ տեսնում ենք, որ Ֆրանսիան բավականին հասկանալի ու դիվանագիտական լեզվով, երբեմն էլ՝ այդ լեզուն անցնելով, ցույց է տալիս, որ Արևմուտքը լուրջ հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ: Չեմ կարծում, թե սա Ֆրանսիայի առանձին նախաձեռնությունն է, դեսպանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Արևմուտքը լուրջ շահագրգռվածություն ունի և պատրաստ է որոշակի անվտանգային խնդիրների լուծմանը մասնակցելու Հայաստանում: 

Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ Ֆրանսիան ներկայացնում է Եվրամիությունը, իսկ Եվրամիությունն անվտանգության սպառող է, ոչ թե անվտանգության արտադրող, ինչից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիայի դեսպանի հայտարարության հետևում կանգնած է ոչ այնքան Ֆրանսիան կամ Եվրամիությունը, որքան այլ ուժեր, որոնք անվտանգություն արտադրող են, նկատի ունեմ ԱՄՆ-ին: 

Սա Հայաստանի համար իհարկե հնարավորություն է, որը պետք է անպայման օգտագործել, որովհետև դա չօգտագործելը մեզ թողնում է այն անվտանգային համակարգի հույսին, որի արդյունքը մենք տեսանք 2020-ի աշնանը:

– Ձեր ասած այս հնարավորությունը ճիշտ օգտագործելու համար Հայաստանն ի՞նչ պետք է անի, և արդյոք այդ քայլերը չե՞ն բերի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման կամ որոշակի լարման:

– Իհարկե կարող են բերել խնդիրների Ռուսաստանի հետ հարաբերություններում, դա պետք է նկատի ունենալ, և բոլոր քայլերը պետք է հաշվարկված լինեն, անհրաժեշտ է գտնել մեխանիզմներ, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները համադրվեն նման գործընթացների հետ և, ամեն դեպքում, անհրաժեշտ է առաջնահերթ դիտարկել ՀՀ-ի շահը: 

Իսկ այս պահին այդ շահը խոսում է այն մասին, որ մենք այլ տարբերակ չունենք, քան այդ առաջարկներին գոնե որոշ չափով համաձայնելու, դրանց ուղղությամբ աշխատելու: 

Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով պետք է անել առավելագույնը, որպեսզի դրանք չվատանան, հնարավորինս քիչ տուժեն, իսկ դա արդեն պետք է անեն հնարավոր պատասխանատուները: 

Անհրաժեշտ է ընտրել այնպիսի արտգործնախարարության կամ պաշտպանության նախարարության կազմ, որը կկարողանա համադրել այդ երկու մոտեցումները:

– Ֆրանսիայի դեսպանը նաև կարևորել է Մինսկի խմբի դերակատարումը՝ նշելով, որ բոլոր հարցերը պետք է լուծում ստանան հենց այդ ձևաչափի միջոցով: Ձևաչափի ակտիվության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Հաշվի առնելով, որ Ալիևը հայտարարում է, որ Արցախի հարց, կարգավիճակի հարց գոյություն չունի, հասկանալի է, որ Ադրբեջանն ամեն կերպ ձգձգելու է Մինսկի խմբի աշխատանքները և ձգձգելու համար նա ունի բավական ռեսուրսներ, այդ թվում՝ Ռուսաստանինը, թեև վերջինս հայտարարում է, որ կողմ է խմբի աշխատանքների վերսկսմանը: Այնուամենայնիվ, հաշվի առնենք, որ Ռուսաստանը Ադրբեջանից մեծ ակնկալիքներ ունի, առաջին հերթին՝ ԵԱՏՄ ծրագրերում ներգրավվելու առումով:

Ադրբեջանն ունի լծակներ, որպեսզի հնարավորինս երկար ժամանակ թույլ չտա Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը: Այստեղ կրկին առաջ է գալիս խնդիրը, թե ինչպես կաշխատի Հայաստանը, որպեսզի կարողանա կանխել Ադրբեջանի՝ բանակցային գործընթացը խոչընդոտելու գործողությունները:

– Պարո՛ն Ղևոնդյան, արձանագրո՞ւմ եք, որ Արևմուտքն ի դեմս Ֆրանսիայի Հայաստանին առաջարկում է անվտանգության պաշտպանության այլընտրանք:

– Ակնհայտ է, որ Հայաստանն ունի անվտանգության հետ կապված շատ լուրջ խնդիրներ, որոնք որևէ կերպ չեն լրացվում այն անվտանգային միջոցներով, որոնք մինչ օրս Հայաստանը ունեցել է: Խոսքը ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական համատեղ համաձայնագրերի, Հայաստանի բանակի մասին է, որը փաստացի իր ուժերով չի կարողանում խնդիրները լուծել: Եվ այստեղ է, որ Արևմուտքն այդ անվտանգային անբավարարությունն առաջարկում է լրացնել իր միջոցներով: 

Այստեղ ունենք նաև անվտանգության ռազմավարության խնդիր, քանի որ մեր ռազմավարությունն իրականում, կարող ենք ասել՝ գոյություն չունի: Պետք է ընդունվի նոր ռազմավարություն, որի հիման վրա հնարավոր կլինի ավելի առարկայական խոսել Արևմուտքի անվտանգային հնարավորությունների և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետ փոխկապվածության համադրության մասին:

Իսկ ինչու՞ է Արևմուտքը Ֆրանսիայի միջոցով աջակցություն հայտնում Հայաստանին:

– Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկիր է և Արևմուտքում Հայաստանը մշտապես ամենասերտ հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի հետ, և, բնական է, որ ընտրությունը կանգ է առել Ֆրանսիայի վրա՝ որպես Հայաստանին ամենաշատ հասկացող և Հայաստանի հետ սերտ շփումներ ունեցող երկիր, եթե այդպիսի ընտրություն եղել է: 

– Պարո՛ն Ղևոնդյան, Արևմուտքի ակտիվությունը դեպի Հայաստան ինչո՞վ եք պայմանավորում, և այդ ակտիվությունը, կարծում եք, մինչև վերջ կշարունակվի՞:

– Խնդիրն այն է, թե որքան ժամանակ Արևմուտքի շահերը կհամընկնեն մեր շահերի հետ, և ինչքանով մենք կկարողանանք այդ համընկնող շահերն օգտագործել ի նպաստ Հայաստանի: Հայաստանի աշխատանքից և աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված, թե Արևմուտքը մինչև ուր կգնա: Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ է մեզ համար, մնում է մենք ճիշտ ձևով աշխատենք և օգտագործենք այդ հնարավորությունները:

– Այսինքն՝ Արևմուտքը Ֆրանսիայի միջոցով օգնության ձե՞ռք է մեկնում, և զարգացումների հետագա ընթացքը մեծ մասամբ կախված կլինի Հայաստանի քայլերի՞ց:

– Այո՛, իհարկե: Արևմուտքը ներկայացնում է առաջարկներ, նրա շահերը համընկնում են մեր շահերի հետ, եթե Հայաստանը կարողանա ձևավորել այնպիսի օրակարգ և իրականացնել դա, կարծում եմ՝ չի ուշանա Արևմուտքի կողմից իրենց առաջարկների իրականացումը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am