Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով ծանր վիճակ է, վարակվում են երեխաները, վարակը տարածված է հատկապես մարզերում

Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը մասնագետները գնահատում են լարված. կորոնավիրուսով վարակման թվերն աճում են, իսկ քաղաքացիները ո՛չ ցանկանում են պատվաստվել, ո՛չ էլ պաշտպանիչ գործողություններ են կիրառում:

«Մեր երկրում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը լարված է, դեպքերի համաչափ աճ է գրանցվում»,- «Մեդիալաբին»  ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Այսպես, ըստ մասնագետի, միայն վերջին 14 օրերի ընթացքում վարակման օրական աճը ավելացել է 55 տոկոսով, իսկ վերջին 7 օրվա ընթացքում`13 տոկոսով։ 

«Դրական թեստերի տեսակարար կշիռը 2.7 ցուցանիշից բարձրացել է՝ հասնելով 3.7-ի»,- «Մեդիալաբին» ասում է Ռոմելլա Աբովյանը:

Ավելին, վարակման աճ է արձանագրվում բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ մանուկների շրջանում։

«Օրինակ՝ 3-5 տարեկան երեխաների շրջանում բացահայտված դեպքերն աճել են 2,15 անգամ, 6-17 տարեկանների մոտ`1,89 անգամ: Հատկապես մարզերում է հիվանդացությունը աճել»,– շեշտում է ԱՆ պաշտոնյան:

Նրա խոսքով՝ վարակի տարածման առումով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևանում, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում։ 

Հարցին՝ հնարավո՞ր է ուսումնական տարվա սկզբին վերանայվի ուսումնական գործընթացի անցկացումը և դա իրականացվի հեռավար, Ռոմելլա Աբովյանն ի պատասխան նկատում է, որ դա կախված կլինի տվյալ պահին ստեղծված համաճարակային իրավիճակից: 

«Մենք ամեն օր իրականացնում ենք ուսումնասիրություն՝ հետևելով միջազգային փորձին, որ երկրում ինչ շտամներ են տարածված, գնահատում ենք ռիսկերը, հետևաբար չեմ կարող վստահ այդ առումով որևէ բան ասել»,- հավելում է նա:

Այս ամենին զուգահեռ Հայաստանում արդեն լայն տարածում է ստանում կորոնավիրուսի «դելտա» մանրէահիմքը (շտամ), ինչը նույնպես վարակի նման արագ տարածման պատճառ է համարվում: Առողջապահության նախարարությունն օրերս տեղեկացրել էր, որ ուսումնասիրված 30 նմուշներից 4-ը բրիտանական մանրէահիմքի առկայություն են ցույց են տվել, իսկ 25-ը`«դելտա» մանրէահիմքի։ Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ այս մանրէահիմքի առանձնահատկությունը դրա կրկնակի վարակիչ լինելու մեջ է։

Բացի այդ, ըստ Աբովյանի՝ վարակի տարածման պատճառ է նաև այն, որ մարդիկ շարունակում են թեթև վերաբերվել վարակին ու դադարեցրել են պաշտպանիչ միջոցներ կիրառել: «Կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում, անվտանգության միջոցառումներ չեն պահպանվում»,- նշում է ԱՆ մասնագետը:

Կորոնավիրուսի բոլոր մանրէահիմքերի դեմ միակ միջոցը Ռոմելլա Աբովյանը համարում է դրա դեմ պատվաստումը, ինչի տեմպերը Հայաստանում շարունակում են մնալ ցածր: ԱՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 171.890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120.285, երկրորդ դեղաչափ` 51605։

Մասնագետն ասում է, որ նախատեսում են փոփոխություններ իրականացնել անվտանգության կանոնները սահմանող իրավական ակտում, ինչի հիման վրա բոլոր կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, աշխատողները պետք է պատվաստվեն, իսկ եթե հրաժարվում են պատվաստվելուց, ապա 14 օրը մեկ անգամ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի հետազոտության պատասխան: Այդ հետազոտությունը պետք է կատարեն աշխատողներն իրենց ֆինանսական միջոցներով: 

«Իրավական ակտում այս փոփոխությունը դեռ նախագծի կարգավիճակ ունի, ներկայացվել է շահագրգիռ գեատեսչությունների կարծիքներին, և դրանք ամփոփելուց հետո կներկայացվի հաստատման»,- ընդգծում է Ռոմելլա Աբովյանը:

Նա ընդգծում է, որ տարբեր երկրներում հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստումային գործընթացում առավել մեծ ընդգրկվածությունը թույլ է տալիս կառավարել վարակի տարածումը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am