«Այսօր Ֆրանսիայի բնակչության 81,7%-ը պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ ստացել է»․ Իզաբելլան՝ Ֆրանսիայում գործող սահմանափակումների մասին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բնակվող Իզաբելլա Գրիգորյանը «Մեդիալաբին» ասում է, որ չպատվաստված անձանց համար սահմանափակումները սկսել են գործել դեռևս օգոստոսի 15-20-ը ընկած շրջանից։

Իզաբելլան Ֆրանսիա է տեղափոխվել 5 տարի առաջ։ Ուսանող է, սովորում է իրավաբանական համալսարանում, ուսմանը զուգահեռ աշխատում է առևտրի ոլորտում։

Նրա խոսքով՝ առաջին սահմանափակումն այն էր, որ սրճարան, ռեստորան, մեծ առևտրի կենտրոններ մուտքը առանց QR կոդի՝ պատվաստման փաստաթղթի կամ թեստավորման բացասական պատասխանի արգելվեց։

Ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ Ֆրանսիայում գործում է մի ծրագիր, որը սքանավորում է ներկայացվող փաստաթղթի QR կոդը և ցույց տալիս՝ նա պատվաստվա՞ծ է, թե՞ թեստավորված։

65 միլիոն բնակչություն ունեցող Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ին հաստատվել է վարակման 5204 նոր դեպք, մահացել են 56-ը: Համավարակի սկսելու պահից այստեղ ընդհանուր գրանցվել է 7.013.432 վարակման և մահվան 116.713 դեպք։ 

Ֆրանսիայում կատարվում է երկու տեսակի թեստավորում՝ ՊՇՌ կամ հակամարմինների, ընդ որում՝ թեստերը պետք է ունենան 72-ժամյա վաղեմություն, որից հետո այդ կոդը դադարում է գործելուց։ Իզաբելլան ասում է, որ մինչ այս Ֆրանսիայում թեստավորումը անվճար է եղել, սակայն հոկտեմբերից դարձել է վճարովի և արժի 45 եվրո։

«Պատվաստվելը պարտադիր է միայն բուժաշխատողների համար, մինչև սեպտեմբերի 15-ը բոլորը գոնե 1 դեղաչափ պետք է ստացած լինեին, հակառակ դեպքում՝ չեն կարողանա շարունակել իրենց աշխատանքը»,- «Մեդիալաբին» Ֆրանսիայում գործող սահմանափակումներն է ներկայացնում ֆրանսաբնակ հայ ուսանողը։

Նրա խոսքով՝ մյուս ոլորտների աշխատակիցները պետք է կամ թեստ հանձնեն, կամ պատվաստվեն, այլապես կհեռացվեն աշխատանքից։ 

«Մի քանի օր առաջ էլ Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտարարեց, որ մոտ 3000 մարդ սեպտեմբերի 16-ից չի աշխատելու, որովհետև պատվաստված չեն։ Նրանք 1 ամիս ժամանակ ունեն, կամ պետք է պատվաստվեն, կամ հեռացվեն աշխատանքից»,- ասում է նա։

Պատվաստման կամ թեստի պարտադիր պահանջ կա նաև համալսարան, դպրոց և հիվանդանոց հաճախելու դեպքում․ 

«Եթե անհրաժեշտություն կա բժշկին այցելելու, այդ դեպքում ևս անձը պետք է պատվաստված լինի կամ ունենա քովիդի բացասական արդյունքով թեստ, որպեսզի կարողանա մուտք գործել հիվանդանոց»։

Իզաբելլայի խոսքով՝ այն մարդիկ, որոնք քովիդով վարակված են եղել, ստանում են պատվաստանյութի մեկ դեղաչափ, չվարակվածները՝ երկու դեղաչափ։

Ֆրանսիայում արդեն սկսել են պատվաստել նաև 12 տարեկանից բարձր երեխաներին․ 

«Չպատվաստվելու դեպքում նրանց թույլ չեն տա դպրոց մտնել, իսկ եթե դասարանում որևէ մեկը քովիդով հիվանդանա, չպատվաստված անձինք, ստիպված պետք է անցնեն հեռավար ուսուցման և այլևս չեն կարողանա գնալ դպրոց, քանի որ կհամարվեն խոցելի»։

Իզաբելլան պատմում է՝ երբ հաճախորդը մտնում է ռեստորան, մուտքի մոտ ռեստորանի աշխատակիցը ստուգում է նրա QR կոդը, հետո միայն թույլ տալիս ներս մտնել։ 

«Եթե հանկարծ որևէ ռեստորան թույլ տա հաճախորդին QR կոդի բացակայության դեպքում ներս մտնել, ապա տվյալ հաստատությունը 45 օրով փակվում է, իսկ սեփականատերը՝ մոտ 9-15 հազար եվրոյով տուգանվում։ Բայց եթե հաշվի առնենք, որ քովիդի պատճառով ռեստորանները բավականին տուժել են, դա նրանց բացարձակապես ձեռք չի տա»,- ասում է Իզաբելլան։

Իզաբելլայի խոսքով՝ Ֆրանսիայում բողոքներ և ցույցեր նույնպես լինում են. 

«Դժգոհողների մեծ մասը հիմնականում օտարերկրացիներ են, մեծ մասամբ՝ ռուսներ։ Ցուցարարները ոչ թե դեմ են պատվաստմանը, այլ դեմ են QR կոդերին, քանի որ կարծում են, որ այն սահմանափակում է իրենց ազատությունը»:

Իզաբելլան պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացել է հուլիսին և համարվում է լրիվ պատվաստված։

«Այսօր Ֆրանսիայի բնակչության 81,7%-ը պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ ստացել է, իսկ ամբողջությամբ պատվաստված է 47 մլն մարդ. ամենայն հավանականությամբ, բնակչության մեծ մասը հավատում է պատվաստանյութի արդյունավետությանը»,- ասում է նա և հավելում, որ առհասարակ մարդիկ պատվաստանյութերի առումով բավականաչափ ինֆորմացված չեն և ամեն մի նոր բան դժվարությամբ են ընդունում։

«Չիպավորում, դավադրական տեսություններ, մեր ԴՆԹ-ն ուզում են փոխեն, կանանց վերարտադրողականությունը փորձում են նվազեցնել՝ այդ խոսակցությունները միայն Հայաստանում չեն, այստեղ էլ կան մարդիկ, որոնք հավատում են այդ տեսություններին և դեմ են պատվաստմանը։ Նրանք նշում են՝ քանի որ պատվաստանյութը նոր տեխնոլոգիայով է ստեղծված, այն կարող է ինչ-որ հետևանքներ առաջացնել»,- ասում է Իզաբելլան և հավելում, որ իր կարծիքով՝ այդ տեսությունները իրականությանը չեն համապատասխանում: 

Նրա խոսքով՝ ճիշտ է, պատվաստանյութերը շատ արագ ստեղծվեցին, բայց այսօր ժամանակները փոխվել են, այժմ ամեն բան արագ է տեղի ունենում. «Բացի այդ էլ, ծայրահեղ իրավիճակները պահանջում են արագ լուծումներ, ու լավ է, որ կարողացան արագ լուծում գտնել»:

Իզաբելլան ասում է՝ հակահամաճարակային կանոնները Ֆրանսիայում դեռևս պահպանվում են։ Դիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածքում, ընդ որում՝ դա պարտադիր է բոլորի համար՝ անկախ նրանից՝ անձը պատվաստված է, թե՝ ոչ։

Նա նշում է նաև, որ այնտեղ բավականին լավ իրազեկման արշավներ են կազմակերպվում, որի ընթացքում հրավիրում են այն մարդկանց, որոնք դեմ են պատվաստումներին, նրանց հետ խոսում են, բացատրում և քննարկում։

Ֆրանսիայում ամեն օր գրանցվում է միջինը 5100 վարակման նոր դեպք: Մինչ այժմ Ֆրանսիայում կիրառվել է պատվաստանյութի առնվազն 94.771.408 դեղաչափ։

Մերի Մաթևոսյան

MediaLab.am