«Ինչպե՞ս կարող են բնածին հյուրընկալություն ունեցող հայերը հյուրանոցներում, ռեստորաններում հյուրընկալ չլինել». Զարմինե Զեյթունցյանը՝ հյուրընկալության կրթության նոր ծրագրի մասին

Զբոսաշրջության ոլորտի անկախ խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հյուրընկալության ոլորտի կառավարման որակավորման վկայագրի դասընթացների ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, որը մինչև 2018-ի քաղաքական հայտնի իրադարձությունները ղեկավարում էր Զբոսաշրջության պետական կոմիտեն, հիմա արդեն զբոսաշրջության ոլորտի խնդիրները նկատում է նաև աշխատասենյակից դուրս, առօրյա շփումների ժամանակ և պնդում է՝ Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում շատ խնդիրներ կան:

«Ես օրերս եմ ականատես եղել, թե ինչպես են մատուցողին ռեստորանում աշխատանքի ընդունում: Ճաշում էի, և ուղիղ իմ կողքը ռեստորանի հավանաբար մենեջերը ոչ գեղեցիկ հայերենով թեկնածու տղային ասում էր, որ նա վաղը պետք է սպիտակ վերնաշապիկով ներկայանա աշխատանքի, ու կարծես դրանով ավարտվեց նրա թրեյնինգը: Նախ՝ նա իրավունք չուներ ռեստորանի մեջտեղում վարել այդ խոսակցությունը: Ես չգիտեմ՝ ովքեր և ինչպես են նրանց ուսուցանում, և արդյո՞ք ուսուցում, որպես էդպիսին, կազմակերպվում է ծառայություն մատուցողների համար, բայց համատարած սխալ մոտեցում է կիրառվում այս ոլորտում»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Զարմինե Զեյթունցյանը:

Ոլորտի նրբությունների վերաբերյալ մասնագիտական կրթության պակասը նա զգացել է ոչ միայն ռեստորանային, այլ նաև հյուրանոցային բիզնեսում: Ճիշտ է, 15-20 տարի առաջ երկրի զբոսաշրջային ոլորտում այն ժամանակվա իրավիճակի համեմատությամբ հիմա զգալի առաջընթաց կա, բայց, Զեյթունցյանի խոսքով, միևնույն է՝ կրթական մակարդակը ցածր է, չկա մասնագիտական փորձառություն:

«Օրինակ՝ մի քանի օր առաջ ես երևանյան լավագույն համարվող ռեստորաններից մեկի մասին սոցիալական ցանցի իրենց էջում արտահայտել եմ իմ բացասական կարծիքը, որովհետև միայն արտաքին ձևավորումը չէ, և շատ կարևոր է հատկապես իրական բարձրորակ հյուրընկալությունը: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, այդ բարձրորակ հյուրընկալության մակարդակը չկա»,- նշում է նա:

Զբոսաշրջության ոլորտի գիտակի համար անհասկանալի է՝ ինչպե՞ս է հնարավոր, որ անհատական մակարդակում բնածին հյուրընկալություն ունեցող հայերը ինստիտուցիոնալ մակարդակում՝ հյուրանոցներում, ռեստորաններում, չդրսևորեն իրենց այդ հատկությունը:

«Հայերը շատ հյուրընկալ են, և զբոսաշրջիկների մեծ մասը դրանից է գրեթե հուզված հեռանում, որովհետև կարծես սեփական տանն են իրենց զգում: Ես վստահ եմ, որ մեր երկրում անձնական հյուրընկալության մակարդակը շատ բարձր է, որովհետև մենք սպասումներ չունենք: Անձը, որ իր տանը կարող է քեզ ընդունել՝ ինչպես ասում են՝ իր գլխի վրա, բայց հյուրանոցում նրա մոտեցումը կարող է այլ լինել: Այսինքն՝ նա չի ընկալում, որ մոտեցումը պետք է նույնը լինի բոլոր դեպքերում»,- նշում է նա:

Մասնագետը խնդրի լուծումը տեսնում է պահանջկոտ սպառող ունենալու և թրեյնինգային կենտրոններ ստեղծելու մեջ: Նա ասում է՝ շատ երկրներում գոյություն ունեն լիցենզավորման հարթակներ, որոնց միջոցով պարտադրվում է, որ, օրինակ՝ հյուրանոցում աշխատանքի ընդունվողը կրթական որոշակի չափորոշիչներին համապատասխան գիտելիք ունենա: «Հայաստանի 30 ուսումնական հաստատություններում ունենք տուրիզմի կրթական ծրագրեր, բայց դուրս են գալիս ընդհանուր գիտելիքներով, որոնք սպասարկման ոլորտի հետ կապ չունեն: Այդ գիտելիքներն այսօր, ցավոք, պահանջարկ չունեն»,- նշում է Զարմինե Զեյթունցյանը:

Իսկ սպառողը պետք է պահանջի, որ իրեն լավ սպասարկեն, մինչդեռ, նրա խոսքով, հայերն օրինակ ռեստորանին վերաբերում են որպես օբյեկտ և ուշադրություն չեն դարձնում, որ տվյալ հաստատությունում վատ երաժշտություն է հնչում, վատ սպասարկում է մատուցվում:

«Մարդիկ սովորական են դրան վերաբերվում և պահանջներ չեն ներկայացնում, շատ հաճախ վատ սպասարկմանը ուշադրություն չեն դարձնում: Օրինակ՝ մեզ մոտ շատ բան փոխվեց, երբ սկսեցին սփյուռքահայեր գալ Հայաստան, երբ ռեստորաններում, հյուրանոցներում պահանջներ ներկայացվեցին: Սպառողի կողմից պետք է պահանջ լինի, որպեսզի ծառայություն մատուցողը հասկանա, որ բացեր ունի: Քանի չկա այդ պահանջարկը, մարդիկ կարծում են՝ այդպես էլ պետք է լինի»,- ասում է Զեյթունցյանը:

Ստանա՞լ հյուրընկալության կրթություն, թե՞ ոչ

Այս օրերին հյուրընկալության կրթական բացը փորձում է լրացնել Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որտեղ Հյուրընկալության ոլորտի կառավարման ծրագրերի շրջանակներում ոլորտի մասնակիցներին մատուցվում են համապարփակ գիտելիքներ հյուրանոցային բիզնեսի կառավարման, հյուրընկալության, մարքեթինգի, սպասարկման, հանրային կապերի, ստրատեգիկ, ֆինանսական կառավարման մասին:

Հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարման որակավորման մագիստրոսային վկայագրի դասընթացները 2021-ի մարտից ՀԱՀ-ում իրականացվում են «Մանուկեան Սիմոն» հիմնադրամի միջոցներով. ուսման վարձի 50-60 տոկոսը սուբսիդավորում է հիմնադրամը, մնացածը՝ ուսանողը: Այս տարվա վերջին դասընթացը կավարտի 22 ուսանող, որոնց 30%-ը մարզերից է:

Զարմինե Զեյթունցյանը, որը մշակել է ծրագիրը և նաև ծրագրի ղեկավարն է, ասում է՝ դասընթացը մեծ հետաքրքրություն է առաջացրել երևանյան և մարզային խոշոր հյուրանոցների, ինչպես նաև փոքր ու միջին հյուրատնային բիզնեսի հիմնադիրների շրջանում:

«Ուսանողների 70 տոկոսը հյուրանոցների ղեկավարներ են, հյուրանոցի ադմինիստրացիայի տարբեր օղակներում աշխատողներ, 30 տոկոսը նրանք են, ովքեր ինչ-որ չափով աշխատում են այլ օղակներում և ուզում են իրենց ստանալիք կրթության վրա հիմնել իրենց հյուրընկալության բիզնեսը»,- ներկայացնում է նա:

Ծրագիրն սկսելուց առաջ կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ հյուրընկալության ոլորտում աշխատողներից շատերի կարիերայի աճը կատարվում է ըստ աշխատանքային փորձի և ոչ թե՝ ըստ ստացած մասնագիտական կրթության: Մինչդեռ, մասնագետի խոսքով, ոլորտում ակադեմիական կրթության անհրաժեշտություն կա:

«Երբ մեր հարցազրույցները վարում էինք, պարզեցինք, որ հյուրընկալության ոլորտում աշխատողների մեծ մասը հումանիտար կրթություն ունի, չունի ֆինանսական, տնտեսագիտական, հաշվապահական, մարքեթինգային որևէ կրթություն: Սա մենք համարում ենք խնդիր և մտածեցինք՝ գուցե ծրագրի շրջանակներում կարողանանք առաջարկել մագիստրոսական կրթություն, որն իր մեջ պարունակում է բոլոր գիտելիքները՝ մաթեմատիկա, հաշվապահության հիմունքներ, գործառնությունների կառավարում հյուրընկալության ոլորտում, մարքեթինգ հյուրընկալության ոլորտում, հանրային կապեր (PR) և ստրատեգիկ, ֆինանսական կառավարում»,- նշում է նա:

Մասնագետն ասում է՝ մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու արդյունքում հյուրանոցային բիզնես ունեցող, այն հիմնել ցանկացող կամ պարզապես կարիերայում առաջընթացի համար ուսանողներն ունենում են համապարփակ գիտելիքներ: Շուտով մեկնարկելու է 2022 թվականի ընդունելությունը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am