«Առաջնահերթության հարց կա. երեխաների պատվաստումները պետք է սկսել ռիսկի խմբին պատվաստելուց հետո». մանկաբույժ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանը ճիշտ է համարում դպրոցական արձակուրդը երկարաձգելը, բուհերում կրթությունը հեռավար կազմակերպելը: Սակայն, նրա պնդմամբ՝ կանխարգելումը պետք է համալիր լինի: 

«Հիվանդացության աճի տեմպերը ցույց են տալիս, որ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, հետևաբար նման որոշումը արդարացված է»,- «Մեդիալաբին» ասում է Դարակչյանը:

Սակայն դրան զուգահեռ, ըստ մասնագետի, պետք է սահմանափակումներ լինեն նաև ժամանցի կենտրոններում, որտեղ մարդկանց հոսքն ու կուտակումները շատ են: 

«Ես, իհարկե, իրավասություններ չունեմ և որոշում կայացնող չեմ, բայց որպես մասնագետ կարող եմ ասել, որ կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անհրաժեշտ, իսկ դա ենթադրում է ժամանցի կենտրոններում, մարդաշատ վայրերում սահմանափակումներ կիրառել»,- նշում է նա:

Մերի Դարակչյանի խոսքով՝ պատվաստումների ծածկույթն ավելացնելու դեպքում միայն կարող են թուլացնել սահմանափակումները: 

«Ճիշտ է, պատվաստումից հետո երկար ժամանակ է պահանջվում քովիդի դեմ ամբողջական պաշտպանություն ունենալու համար, բայց, միևնույն է, այդ ժամանակամիջոցում պետք է կիրառել կանխարգելիչ միջոցառումներ, ինչի մեջ մտնում է դիմակներ կրելը տրանսպորտում, ժամանցի վայրերում, փակ, մարդաշատ տարածքներում: Ամենք ինչ շատ պարզ է՝ կանխարգելումը պետք է լինի երկու ուղղությամբ՝ պատվաստումներ ու սանիտարահամաճարակային կանոնների պահպանություն:

Դրա արդյունքում է միայն հնարավոր թեթևացնել հիվանդանոցները, որպեսզի քովիդ հիվանդները մաքսիմալ սպասարկվեն»,- ասում է մասնագետը:

Երեխաները, ըստ մանկաբույժի, վարակի աղբյուր են, ուղղակի նրանք թեթև են տանում, քան մեծահասակները, հետևաբար, նրա խոսքով՝ անչափահասների շրջանում պատվաստումների մեկնարկի մասին կարելի է խոսել միայն խոցելի խմբի շրջանում պատվաստումներն ավարտելուց հետո:

«Գլոբալ, երբ արդեն ռիսկի խմբում պատվաստումներն ավարտվեն, ուժերը կարելի է կենտրոնացնել նաև երեխաների վրա՝ հաստատված պատվաստանյութի առկայության դեպքում: Բայց մինչ այդ պետք է ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստելուց հետո միայն անեն, իսկ ռիսկի խմբում մտնում են 60 տարեկանից բարձր անձինք և քրոնիկ հիվանդները: Առաջնահերթության հարց կա՝ ում համար օգտագործել վակցինան և անել պատվաստումն այն խմբերի համար, որոնց ավելի կարևոր է, որոնց շրջանում ավելի հնարավոր է կանխել մահերը: Փառք Աստծո, երեխաների մոտ հիվանդությունը նորմալ է ընթանում, և այժմ պետք է մտածել ռիսկի խմբի մարդկանց մասին»,- նշում է Մարի Դարակչյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am