Այսօր տեսանյութի մի դրվագով շատ պատկերավոր ցուցադրվեց մեր բանակի № երկրորդ խնդիրը հակառակորդի ու զենքի գործոնից հետո։ Այդ խնդիրը կոչվում է վայրենի, անկիրթ, անգրագետ, ամբարտավան ու վտանգավոր սերունդ, որին մենք ուղեգրում ենք բանակ։ Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սկզբում փորձում է կանգնեցնել «հայաթի էլիտան»՝ իրենց ընկերոջը «ըստ արժանվույն» հրաժեշտ տալու վեհ նպատակով։ Չի բացառվում, որ այսօր երեկոյան նրանց ծնողները հպարտությամբ մի քանի անգամ նայեն տեսանյութը՝ իրենց չստացված ժառանգներով հպարտ։
Սա նույնիսկ համար երկրորդ խնդիրը չէ բանակի, այլ՝ համար մեկ։
Հիմա սրանց նայենք բանակի հրամանատարական կազմի դիտանկյունից։ Չէ՞ որ ավտոբուսի ներսի զինակոչիկը երեկ ճանապարհողներից մեկն էր, նրանց նմանակը, նրանց հոմանիշը, նրանց հետ նույն վարքով ու գիտակցությամբ ապրողը։ Հիմա այդ և այդպիսի տղաները հասնում են բանակ։
Աշխարհը այսպես ընկալող տղաները հայտնվում են բանակում։ Ո՞վ է լինելու այն հրաշազինվորականը կամ հրաշառեժիմը, որ բանակում առաջին օրից կարողանալու է վերափոխել աշխարհը, ճիշտը, լավը, ուժը, վեհը այսպես ընկալող «հայաթի էլիտայի» բնույթը։
Չկա՛ այդպիսի հրաշագործ։ Նրանք բանակում «կարանտին» կոչվածի մի քանի օրը դեռ սսկվելու են, դեռ «ավտոբուս չեն կանգնեցնելու», վարորդի վրա չեն հարձակվելու, ոտքերով չեն խփելու, բայց ոտքի տեղն անելուց հետո անմիջապես սկսելու են հաշիվ պահանջել։
Հաշիվ են պահանջելու կողքի կիրթ ու համեստ տղայից, կողքի ֆիզիկապես թույլից, լռակյացից, որոնք անհամեմատ համարձակ կարող են լինել լարված իրավիճակում, ավելի արագ կարող են կողմնորոշվել, ավելի հայրենասեր են, հաստա՛տ։ Փորձելու են չենթարկվել, փորձելու են հիշել ավտոբուսի դռանը հարվածող փոքրուղեղ, բայց իրենց կարծիքով՝ «ճիշտ տղայի» վարքը, որ ընդօրինակեն։
Հետո, պատկերացրեք, որ նրանց ձեռքին ավտոմատ է հայտնվելու։ Ու այդ ժամանակ արդեն ոտքով չեն զարկելու զինկոմիսարիատի ավտոբուսի դռանը, այլ զարկելու են իրար, ու մենք ահաբեկված կարդալու ենք հերթական լուրը ինքնասպանության կամ զենքի հետ անփութորեն վարվելու մասին։
Այս՝ «հայաթի էլիտայի» դեմ նույնիսկ բանակը անզոր հաստատություն է։ Որքան էլ կատարյալ լինի բանակը, իր հրամկազմը, որքան էլ իդեալական լինեն սպաները՝ սա խնդիր է, առայժմ՝ անլուծելի։
Հաստատ պատերազմ անցած, անտանելի կորուստներ ունեցած այդ հրամանատարների համար մի մեծ խնդիր են դատարկ հայացքով, վախկոտ համարձակությամբ, վայրի բնազդներով այս զինակոչիկները։ Սրանք են փակ հաստատություններում կարգ թելադրողները՝ թաքուն, ստվերային, սրանք են համար մեկ և համար երկու խնդիր ստեղծողները։ Իսկ եթե փորձեք պարզել, թե որտեղի՛ց են ծնվում այսպիսիք, պիտի գանք կրկնվող ցիկլի՝ ո՛վ ծնեց, ո՛վ դաստիարակեց, ինչո՛ւ չկա դպրոց, ինչո՛ւ չկա ուսուցիչ…
Այսօրվա դրությամբ հրաշալի հնարավորություն է բացվել օրենքի ուժ ցույց տալու։
Ահա թե որտեղ պետք է ասել՝ «կփռեմ ասֆալտին», «չշշկռվեք հանկարծ»։ Որովհետև հիմնավոր ու անհիմն բանակի փառքը երգող հասարակությանը պետք է ցույց տալ, որ օրենքի ուժով պատժվելու է «հայաթի էլիտան» զինակոչիկներով ավտոբուսի երթևեկությունը խանգարելու, ավտոբուսը կանգնեցնելու, ավտոբուս մտնելու, ավտոբուսի դռներին խփելու, վարորդին հայհոյելու համար։
ՊՆ-ն արդեն հայտնել է իր մտահոգությունը, հավանաբար կկիրառվեն քայլեր, մենք պիտի հայտնենք մեր լուրջ մտահոգությունը մեր պոտենցիալ զինակոչիկների մասին։ Բանակը միայն խրամբջիջը չէ, հենց այս ավտոբուսն արդեն բանակ է, բանակ է ներխուժել հայաթի խուժանը, անտեսել է զինվորական կարգը։
Այդ ավտոբուս նստած պատանիներն արդեն գտնվում էին բանակի պատասխանատվության տակ, և եթե նրանցից որևէ մեկին որևէ բան պատահեր, պատասխանատուն դարձյալ բանակն էր լինելու, քանի որ նրանք արդեն զորակոչված են։ Ի՞նչ հիմնավորում էին գտնելու լրատվականի տեքստը պատրաստելիս, ասելու էին՝ «ոչ կանոնակարգային մի քանի թերզարգացած ուղեղների պատճառով վնասվել են մի քանի ժամվա զինակոչիկ այսինչյանն ու այնինչյա՞նը»։
Այս դեպքը հենց այն տեղն է, որ պետք է ցույց տալ պետության և օրենքի ուժը և ասել՝ «չշշկռվե՛ք հանկարծ», «ասֆալտին կփռեմ»։
Չէ՛, վերջինը նույնիսկ այս դեպքում պետք չէ։ Բայց ոճը հենց այսպիսին պիտի լինի, որովհետև ինչքան էլ մենք՝ բանակով մտահոգ, հաղորդագրություն կարդացող ու հուզվող երևանաբնակներս, քննարկենք բանակի բացթողումները, ամենամեծ, ամենագարշելի ու վտանգավոր բացթողումը սա է, սրանք են այդ նույն պանծալի, անվեհեր, հզոր, հաղթական բանակի կոնտինգենտի մի մեծ մասը, ու սրանցից են ստիպված լինում մարդ ստեղծել երկու տարվա ընթացքում, ու հաճախ չի ստացվում, սրանք են ինքնասպանության ու սպանության հեղինակները, և վեհ նախադասություններ ասելուց առաջ միշտ հիշեք, որ հենց սրանցից են լինում կանգնած նաև սահմանին, որի մասին ասում ենք՝ «մեր տղաների ամուր ու վստահելի ձեռքերում է»։ Մեր հասարակության ողնաշարը փտախտ ունի, և բանակը չի կարող լինել ազնվազարմ դյուցազունների հաստատություն։
Հասարակությունը սպասում է «չշշկռվե՛ք հանկարծ» արտահայտությանը և օրենքի ուժին, որովհետև բանակի ավտոբուսի դռներին ոտքով զարկողին պետք է ասել՝ «չշշկռվե ՛ք հանկարծ, սա պետության բանակի ավտոբուսն է»։
Ու հանկարծ չասե՛ք, որ լոկալ դեպք է, պատահար։ Ո՛չ, սա հենց հասարակության ճնշող մեծամասնությունն է, տասը հազարանոցով ընտրություն կեղծող, ապա՝ ապրիլի քսաներեքից հետո միայն, ո՛չ դրանից առաջ, այլ ապրիլի քսաներեքից հետո միայն հպարտ քաղաքացու հոդվածով այլակերպվածները, որոնք, օրինակ՝ իմ այս նյութի տակ կգրեն՝ «կախել սրան, վառել, էս ո՛վ ա, դո՞ւ պիտի ասես մեր տղեքին ոնց ճամփենք բանակ»։
Լուսինե Հովհաննիսյան
MediaLab.am