Վարորդների պահանջը՝ «սև» եկամտի մասով, անօրինական է, իսկ մյուս մասերով՝ արդարացված. Նարեկ Ներսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կոլեկտիվ աշխատանքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Նարեկ Ներսիսյանը

– Պարո՛ն Ներսիսյան, երեկ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիների վարորդներ բոյկոտել էին աշխատանքն ու պահանջում էին իրենց աշխատանքային պայմանների բարելավում, այդ թվում՝ աշխատավարձի բարձրացում: Արդարացված համարո՞ւմ եք վարորդների պահանջն ու բողոքը:

– Խնդիրը նախևառաջ պետք է դիտարկել վարորդների տեսանկյունից, թե ինչ աշխատանքային պայմաններում են նրանք աշխատում: Այն, ինչ վարորդները նկարագրում էին, ու եթե դա իրականությանը համապատասխանում էր, ապա դրանք աշխատանքային իրավունքի կոպիտ խախտումներ են ու վտանգավոր են նաև ուղևորների համար, որովհետև այդ հոգնածության պայմաններում՝ ժամը 5-ից մինչև 14.00-ը կամ 8-ից մինչև 24:00-ը, անընդունելի աշխատաժամ է, թեկուզ եթե հերթափոխով է արվում, ապա էլի վտանգավոր է, ու պետք է աշխատաժամերը փոխեն: 

Աշխատավարձի մասով չեմ ցանկանում մեկնաբանություն անել, որովհետև եթե համեմատենք ՀՀ-ում տրվող այլ աշխատավարձերի հետ, իրականում վարորդներին տրվող աշխատավարձը կարելի է համարել միջինից բարձր, բայց այն բավարար չէ, որպեսզի իրականում հոգաս քո նվազագույն ծախսերը: Քանի որ Հայաստանում չկա արժանապատիվ աշխատանքի ինստիտուտը, ու նվազագույն աշխատավարձն ուղղակի սահմանվում է առանց որևէ հիմնավորման, ապա տեսանելի է, որ այն չի հերիքում ոչ միայն վարորդին, այլ նաև ցանկացած անձի, որն ուզում է արժանապատիվ ապրել ու արդարացի վարձատրվել: Այլ հարց է կողքից ստացվող եկամուտը, ինչի մասին ասում էին վարորդները, ինչն արդեն անօրինական պահանջ է:

Այսինքն՝ աշխատանքային պայմանների բարելավման, աշխատավարձի մասով նաև արդարացված էր բողոքը, բայց այդ «սև» եկամտի պահանջը անարդարացի է: 

Իսկ եթե համակարգից դուրս դիտարկենք աշխատավարձի բարձրացման պահանջը, օրինակ՝ համեմատենք ուսուցչի կամ մեկ այլ մասնագետի աշխատավարձի հետ, արդեն հարց է առաջանում՝ արդարացի՞ է այդ պահանջը, թե՞ ոչ: Բայց համակարգային մոտեցմամբ, իհարկե, 260000 դրամը քիչ է:

– Ձեր գնահատմամբ՝ վճարման նախկին «պլանային» համակարգին անցնելը ճի՞շտ կլինի:

– Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե այդ «պլանային» համակարգի լավը ո՛րն է: Կարծում եմ, որ այն, ինչ միջազգային փորձն է ներդրել, ավելի արդյունավետ ու լավ է, բայց այստեղ էլ կան հարցեր, որոնք կրկին կապված են ընդհանուր համակարգի հետ: Տրանսպորտի համակարգը, ընդհանուր առմամբ, վատ վիճակում է՝ սկսած վարորդների գիտելիքներից: Սա լուրջ խնդիր է Հայաստանում, ու այս համակարգի խնդիրները համակարգից կտրելով առանձին-առանձին ներկայացնելը բերելու է ավելի մեծ սխալների, ընդհանուր համակարգը պետք է փոխել: Երբ չկա աշխատող համակարգ, իսկ դու փորձում ես այդ համակարգում մի լավ բան անել, այսպես է լինում:

– Ձեր նշած համակարգային փոփոխություններից որո՞նք են, որ չեն արվել տարիների ընթացքում, քանի որ հասարակական տրանսպորտից բողոքողներ միշտ եղել են, ընդ որում՝ բողոքում են և՛ վարորդները, և՛ ուղևորները:

– Տեսեք՝ այն ժամանակ, երբ տրամվայները հանեցին, հանրային տրանսպորտի հերն անիծեցին: Այդ ժամանակ մտցրեցին երթուղային տաքսի գծեր հասկացությունը, բայց եթե նայենք ամբողջ աշխարհին, ապա այդ երթուղային տաքսին չէ հանրային տրանսպորտի հիմնական միջոցը: Այդ երթուղային տաքսիները բերեցին մի իրավիճակի, երբ ամեն բան թողտվության մատնվեց: Գծերն ու՞մ էին պատկանում, ո՞նց էին պատկանում՝ ոչ ոք չգիտեր, ու այդ վատ նախապայմաններով էլ սկսեցին առաջ շարժվել: Այսինքն՝ այս ամենը համակարգային խնդիրներ են, որոնք մինչ օրս առկա են, պետք է և՛ սրանք բարեփոխել, և՛ ոստիկանության համակարգը: Պետք է փոխվեն նաև և՛ վարորդական վկայականներ տրամադրելու, և՛ երթևեկության որոշ հարցեր, և՛ վարորդների աշխատանքային պայմանները, ու պետք է սկսի ձևավորվել հանրային պահանջ, թեկուզ ամենամինիմալից, որ վարորդը վարելու ընթացքում հեռախոսով չխոսի, կոկիկ լինի, բայց դրան զուգահեռ պետք է ապահովեն վարորդների աշխատանքային պայմանները, որպեսզի այդ պահանջներն արդարացի լինեն:

 – Պարո՛ն Ներսիսյան, նոր բերվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները որքանո՞վ կնպաստեն հանրային տրանսպորտի բեռնվածության թեթևացմանը:

– Մասնակի կլուծեն այդ խնդիրը, բեռնվածությունը թոթափելու համար պետք է զարգացնել ամբողջ ենթակառուցվածքների համակարգը, դա վերաբերում է թե՛ տրոլեյբուսներին, թե՛ մետրոպոլիտենին: Այսօր տիրող ծանրաբեռնվածությունը հետևանքն է այն բանի, որ ժամանակին հանեցին տրամվայներն ու հիմք դրեցին ցանցի քայքայմանը, ու այդ քայքայվածի վրա ներդրեցին երթուղային տաքսիների համակարգը:

– Վարորդների աշխատանքային պայմաններն ինչպիսի՞ն պետք է լինեն ձեր պատկերացմամբ, որ և՛ իրենք գոհ լինեն, և՛ գործատուները:

– Նախ՝ պետք է կրճատվի աշխատաժամանակը, երկրորդը՝ պետք է ընդմիջման հնարավորություն տրվի նրանց, բայց կանոնակարգված ընդմիջում լինի, ինչպես, օրինակ՝ բանկերում է: Պետք է լուծել նաև գիշերվա ուշ ժամին վարորդների տուն գնալու հարցը, որ վարորդը չասի, թե գիշերվա ժամը 2-ին գումար չունի, որ տուն հասնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am