«Ֆեյսբուք» սոցիալական ուռկանը, մեր գրածներն ու Մեծ Պահքի 34-րդ օրվա խորհուրդը

«Ֆեյսբուք» սոցիալական ուռկանը, մեր գրածներն ու Մեծ Պահքի 34-րդ օրվա խորհուրդը
«Ֆեյսբուք» սոցիալական ուռկանը, մեր գրածներն ու Մեծ Պահքի 34-րդ օրվա խորհուրդը

«Ֆեյսբուք» սոցիալական ուռկանը բերում է այն, ինչ կա՝ մանրը բաց թողնելով, խոշորը թպրտացնելով ցանցի մեջ։

Մեր երկրում կատարված ու կատարվող բոլոր բարդ ու սարսափելի իրադարձություններին երբեք ուղղակի դիտորդ չեմ եղել, միայն երեք անգամ եմ ինձ հուսահատ ու պարտված զգացել՝ 88-ի երկրաշարժի օրն ու դրանից հետո, մի անգամ իննսունականների պատերազմի ժամանակ ու 2016-ի ապրիլին։ Մյուս բոլոր դեպքերում դժվարությունը շարունակություն ուներ։ Չորրորդ պարտվածությունը «Ֆեյսբուքի» մեկնաբանություններում հայրենակիցներիս հետ ծանոթանալու առիթով էր։

Այս սոցիալական ուռկանը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նման ի ցույց դրեց ինչ կա-չկա, ինչ տասնամյակներով թաքուն էր, ինչ քողարկվում էր քաղաքակիրթ երևալու կարճաժամկետ նպատակով։

«Ֆեյսբուք» սոցիալական ուռկանը ափ բերեց մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Ու տխրություն իջավ Արարատյան դաշտի լուսապայծառ տարածքի վրա, որովհետև այդ խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում մարդիկ չար են։ Ասեմ, որ «խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտը» իմ բառերը չեն՝ չհանեք աչքերս ու չգցեք ոտքերիս տակ ու չտրորեք հանած աչքերս երկու ոտքով, ինչպես ամեն սովորական օր անում եք իրար հետ։ Այս բառերը Չարենցինն են։ Իսկ ընդունված հանճարներին մենք սիրում ենք կաթոգին սիրով։ Ա՛յ, որ դեռ ընդունված չէր՝ դա ուրիշ՝ մատնեցինք, կրակեցինք, սպանեցինք։

Հիմա վերադառնանք բուն նյութին։ Երեկ, երբ Հայկական լեռնաշղթան քաջարի վիկինգի ինքնամոռացությամբ ոտքի տակ էր տալիս տրանսգենդեր Լիլիթին, «Ֆեյսբուք» սոցիալական ուռկանի լրահոսը բերեց մի այսպիսի նյութ․ «Մեծ Պահքի 34-րդ օրվա խորհուրդը»։ Հիշեցի, որ հայրենակիցներիս մեծ մասը Մեծ Պահքի մեջ է ու ձու և միս չի ուտում։

Մեծ Պահքի 34-րդ օրը քրիստոնյա հավատավոր ժողովուրդը սատկացրեց սեռափոխված մի կնոջ։

Հևիհև շտապեմ ասել, որ ես ծնվել, մեծացել, ապրում եմ սովորական հայկական ընտանիքում, չեմ ուզում օգտագործել «ավանդական» բառը, թեև իրականում ավանդական ընտանիք է, իսկ չեմ ուզում օգագործել, որովհետև ածականն իր մեջ, ինչպես պարզեցի կյանքի ճանաչողական գործընթացում, ներառում է շատ թաքուն բաներ, որոնք թեև արատավոր են, բայց հրապարակավ պախարակելի չեն, քանի որ մանրակրկիտ գաղտնի են պահված ու գաղտնազերծված չեն:

Այսպիսով, մեծացել եմ սովորական հայկական ընտանիքում՝ հայր, մայր, եղբայր, տատ, պապ, բազում ընկերներ, քավոր, քավորկին, կնքավոր և այլն։ Բավական լավ ընտանիք էր՝ ջերմ, աղմկոտ, ազնիվ, թաքուն բաներ չունեինք իրարից, բռնակալներ չկային, ազատությունը՝ սովետական էր։ Տրանսգենդեր գաղափարը ինձ համար նախքան մասնագիտական գրականությանը հաղորդակից լինելը՝ անհասկանալի մի բան էր։ Առաջին անգամ տեսել եմ մի գեղարվեստական ֆիլմում ու ընկալել եմ իբրև լկստվելու մի ձև՝ ոչ ավելին։ Չեմ ասի, թե հիմա հասկանում եմ, որովհետև դա միայն զգալու դեպքում կարելի է հասկանալ, ինչքան էլ գիտական գրականություն կարդաս և ըմբռնես իբրև իրողություն։

Ես չգիտեմ՝ ի՛նչ է զգում կինը, երբ ուզում է տղամարդ լինել, և ի՛նչ է զգում տղամարդը, երբ ուզում է դառնալ կին։ Բայց այդ նույն, հավասար չափով ես չեմ հասկանում ձեզ, որ ստեղնաշարի վրա հատ-հատ տառերը հավաքելով կարող եք գրել այն, ինչ դուք եք գրում մարդու մասին, և կարդում են հազարավոր մարդիկ։ Ձեզ կարդում են հազարավոր մարդիկ, ձեր գրածը չէ՝ ձեզ։ Ձեր գրածը կարդալով նույնիսկ ամենահիմար մարդը կարող է հասկանալ, որ եթե մի օր, ինչ-որ հարցում դուք համաձայն չլինեք իր հետ, եթե մի օր անի մի բան, որ ձեզ դուր չգա՝ դուք սրախողխող կանեք իրեն, մորը, հորը, աչքերը, որովայնը, սիրտը, թոքերը։ Բայց քանի դեռ իրեն չեք անում, այլ տրանսգենդեր Լիլիթին՝ նա ձեզ լայքում է։ Բայց, հավատացեք, այդ լայքը ահաբեկված լայք է։ Դա ամեն լայքողի ԱՊՊԱ-ն է Ֆբ սոցիալական ուռկանի մեջ։

Ես չգիտեմ՝ ի՛նչ է զգում կինը, երբ ուզում է դառնալ տղամարդ, և ի՛նչ է ուզում տղամարդը, երբ ուզում է կին դառնալ, բայց եթե ես չգիտեմ, բոլորովին չի նշանակում, որ ես գիտեմ, թե ինքը ինչպես պիտի վարվի։

Ես չեմ փորձի գիտական բացատրությամբ ծանրաբեռնել ընթերցողին տրանսգենդեր երևույթի, նույնասեռականության ու սեռական նույնականացման թեմաներով, որովհետև հաստատ ինձից խելացի մարդիկ ու ավելի լուրջ մասնագետներ կարող են կարդալ գրածս, որոնք դա ավելի լավ կանեին։ Բաց ենք թողնում գիտական մասը, անցնում ենք մարդկային կողմին։ Մարդու հանդեպ ագրեսիվ վարքը միմիայն սեփական վախերից է լինում։ Դուք ձեր միջի ճնշած վախերն եք դրանով արտահայտում։ Դա ես չեմ ասել, ինձնից շատ առաջ, շատ հայտնի գիտնականների գյուտ է, այնպես որ, չհանեք աչքերս, չթափեք գետնին հանած աչքերս, չտրորեք աջ ոտքով։

Ամեն մարդ ունի վախեր։ Ցավոք, ոչ մեկը կամ երկուսը։ Վախերը շատ են։ Դրանք կուտակվում են կյանքի ընթացքում, թեև իշխող ու գլխավոր վախեր կան։ Այդ վախերը պետք է նախ՝ չթաքցնեք ինքներդ ձեզնից, պետք է հասկանաք, թե ինչի՛ց եք վախենում, մտածեք՝ ինչպե՛ս դրանցից կարող եք ազատվել, ու հենց զգաք, որ, ենթադրենք, ձեր սովոր բնակության վայրը թողնելու դեպքում կազատվեք վախերից՝ մի՛ ծուլացեք, փոխե՛ք բնակության տեղը։ Իսկ գիտե՞ք՝ ինչու է ձեր բնակության վայրը փոխելը ձեզ ազատում վախից. որովհետև ձեզ պես ձեզ ծաղրողների պոտենցիալ բանակից ազատվում եք։

Ձեր վախերը դուք ավելի խորն եք ներս տանում, անլուծելի դարձնում, տոքսիկ սարքում, խցանումներում կորցնում նրանց պոչը, երբ ծաղրում եք ուրիշին։ Այդ գիշատիչ քրքջոցի մեջ, որ դուք արձակում եք որևէ մեկին ծաղրելիս, դուք խեղդում եք ձեր վախը։ Այդ քրքիջը ձեր ահի ձայնն է։

Ես լսել եմ հազարավոր պատմություններ, որոնք տեղավորվել են ավանդական ընտանիքի դռների, պարիսպների, ճաղերի հետևում։ Դրանք ուրիշ մարդիկ չեն, նույն «Ֆեյսբուք» ուռկանի օգտատերերն են։ Պատմությունները սկզբում անհավանական էին թվում, ամենաշարքայինից մինչև ամենաոչշարքայինը՝ ալկոհոլիկ հայր, ծեծող տղամարդ, մորը գազանաբար ու պարբերաբար ծեծող հորը նայող սարսափած երեխաներ, որոնց ուղեղը այդ պահին ցրիվ է գալիս ահից, երեխաների վրա լիցքաթափվող մայրեր, որոնք այս կամ այն աստիճանի խանգարումների պատճառով հանդարտվում են միայն, երբ «սատկացնում» են սեփական երեխաներին, սեռական ոտնձգություններ ընտանիքի ներսում՝ շատ, խորապես ավանդական ընտանիքների, ու մի՛ զարմացեք ու իբր զայրացեք, որովհետև երբ դա, ենթադրենք, «32 ատամի» հումորի տեսքով եք նայում՝ դուք ծիծաղում եք, հետևաբար չեք ժխտում։

Այդ վախերը հսկայական չափերի են հասնում զսպված ցանկություններից ու չստացած սիրուց, այդ վախերը կրկնապատկվում են ստացած, բայց արգելված սիրուց, թաքուն պահվող սիրուց։ Ու վախերի այդ բազմերանգ պնակը բերում եք «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, գրում եք դաժանորեն, հուժկու, ա՛յ այստեղ դուք անհարմար չեք զգում, որ ավանդական հայկական ընտանիքում երբեք չեն հայհոյում կնոջ ու երեխայի ներկայությամբ, երեխայի ներկայությամբ հորն ու մորը չեն վիրավորում, հազար տարվա ընկերությունը ոտքի տակ չեն դնում, ուրիշի կնոջ արտաքինը չեն ծաղրում հայկական ավանդականում։ Բայց այստեղ ավանդականը ձեզ հարմար չէ, դուք այստեղ ազատ ու անկախ քաղաքացի եք՝ ազատ ինքնարտահայտման իրավունքով։

Ինչպես հաղթահարել վախերը վերնագրով շատ գրքեր կան աշխարհի բոլոր լեզուներով, այդ թվում՝ հայերենով։ Բայց ամեն մտածող մարդ, քիչ թե շատ մտածող մարդ, եթե անգամ չի կարդացել ու չի կարդալու այդ գրքերը,եթե չի գնալու հոգեբանի մոտ, որովհետև թանկ է, կամ որովհետև չի հավատում՝ լավ է անում, որովհետև ինքը բոլորից լավ գիտի՝ ինչի՛ց է վախեցել կյանքում շատ, ինչի՛ց է վախենում հիմա ու ի՛նչը կազատեր իրեն վախից։ Այդ պարզագույն հարցի պատասխանը գտնելուց հետո ուղղակի չպետք է ծուլանալ ու սկսել անել այն, ինչից հետո ձեր վախերը կնվազեն։ Մի հարց էլ տվեք ձեզ՝ ի՞նչը կավելացնի վախերը։ Ու կզգաք, որ առաջին տեղում հանրության ծաղրն է։ Ուրեմն մի՛ արեք այն, ինչից ամենաշատն եք վախենում, դրանից վախերը չեն անցնում ՝քառապատկվում են։

Իսկ տրանսգենդեր թեմային վերադառնալով՝ անկախ ԱԺ-ում էր ելույթը, թե չկար ելույթ առհասարակ, վստահ եմ, որ հարցի արմատն այն է, որ սեռական թեման իրականում տաբու է դեռ, ամոթ է դեռ ու իրականում՝ Սովետական Միությունում դեռ սեքս չկա։ Ամեն ինչ կա՝ բոլոր ձևերն ու ամեն տեղ, բայց դեռ արգելք կա այս մասին խելացի, մասնագիտական, հանգիստ, սովորական խոսակցության։ Հենց խոսել սովորենք այս մասին, միասեռական ընկերներ ու ծանոթներ ունեցող տղամարդը, որը շատ լավ ընկերություն է անում նրանց հետ կյանքում, վախեցած չի գրի «Ֆեյսբուքում», թե բա «սրանք …»։

Մի՛ վախեցեք վախենալ, բարձրաձայն վախեցեք, ու կանցնի։ Միանգամից չէ, բայց կամաց-կամաց կանցնի։

Խնդրում եմ՝ այս նյութի տակ տգեղ ու չար բաներ գրելուց առաջ հիշեք մի պահ, որ բացի վախից, ձեր գրածը նաև ձեր մայրիկի բաց թողած դաստիարակության և ձեր բաց թողած հազար կտոր գրքի հետևանքն է նաև։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am