Այս իշխանություններն էլ, ցավոք, մեկ անձից գնումներից չեն խորշում, իրենց բարեկամներին պաշտոնների նշանակելուց չեն խորշում. իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, օրեր առաջ խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվեց արտակարգ իրավիճակների նախարարը, և վարչապետը հայտարարեց, որ դա արվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այս երևույթը ինչպե՞ս եք գնահատում, կոռուպցիայի դեմ ռեալ պայքարի հույս կա՞:

– Իրականում հեղափոխությունից հետո իրադարձություններն ինձ սովորեցրել են ավելի համբերատար լինել: Եթե առաջ շատ արագ էի արձագանքում ու սպասումներ ունեի, ոգեշնչվում էի, հիմա սովորել եմ սպասել: Քրեական գործերով բարեհաջող կալանավորում էին, բայց հետո շատ գեղեցիկ ինչ-որ պահի բաց թողնում ու էլի գեղեցիկ ճանապարհում Հայաստանից դուրս: Հիմա ես համբերատար կսպասեմ, տեսնեմ, թե հաջորդ քայլը ո՛րն է լինելու, որովհետև ձերբակալելն ու կալանավորելը մեր երկրում դեռ ոչինչ չեն նշանակում:

Նախարարին կամ նախկին նախարարին, պաշտոնյաներին ձերբակալելը շատ լուրջ հիմքեր պետք է ունենա: Նշանակում է՝ կամ նախկին ձերբակալում-կալանավորումները հիմնավոր չեն եղել, կալանքները հարմարեցրել են՝ գործող իշխանություններին հաճոյանալու համար, կամ այլ խնդիր կա, որ ծանր հանցագործություններով նրանց հաջողվել է Հայաստանից դուրս գալ, լքել երկիրը:

– Ի դեպ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ մեղադրվում էր քրեական գործերով, և վերջերս էլ գրվեց, որ նա լքել է երկիրը: Ինչո՞ւ է ըստ ձեզ նման բան եղել:

– Ես միշտ ասել եմ, որ այս ոլորտում եթե չգնացին լուրջ խորքային փոփոխությունների, ուրեմն կա գործարք՝ կարող են տրված լինել խոստումներ, որ որևէ մեկը ռեալ պատասխանատվության չի ենթարկվի:

Պետք էր իրավական համակարգը փոխել: Իհարկե, ցույց տվեցին, որ կառուցվածքային փոփոխություններ եղան, ստեղծվեց, օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն: Բայց դա առաջին հայացքից. իրականում իրավական համակարգում կառուցվածքային իմիտացիոն փոփոխություններ են կատարվել, և այդ մարմինները բովանդակային փոփոխության չեն ենթարկվել, որովհետև այսօր այնտեղ նստած են նույն մարդիկ:

Գուցե նոր դատախազներ, քննիչներ են եկել համակարգ, բայց դրանք այն մարդիկ են, որոնք բավարար զտում չեն անցել:

Այսինքն՝ կատարված փոփոխությունները լրիվ ձևական բնույթ են ստացել, և, ամենակարևորը՝ չտրվեց գնահատական նախկինում կատարված նման հանցագործություններին: Անցյալին տրվելիք պաշտոնական գնահատականն ու իրական լյուստրացիան էին անհրաժեշտ համակարգը մաքրելու համար:

Իմ եզրակացությունը հետևյալն է. կա՛մ կա պայմանավորվածություն, որի արդյունքում համակարգային ոչ մի փոփոխություն չեղավ, կա՛մ համակարգն այն աստիճանի կոռումպացված է, որ կարողանում է իր խնդիրները լուծել ներքին կարգով, հին ձևերով, չմոռացված ավանդույթների համաձայն, ինչի արդյունքում մարդիկ, ովքեր պետք է լինեին անազատության մեջ, շատ գեղեցիկ ձևերով հայտնվում են արտասահմանում, վայելում կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերած իրենց փողերը:

– Դուք գործարքի մասին խոսեցիք, գործնականում դա ինչպե՞ս կարող է արտահայտվել:

– Ենթադրում եմ՝ կարող էր լինել պայմանավորվածություն, որ, այսպես ասած, կարկառուն դեմքերը չենթարկվեն պատասխանատվության: Որևէ մեկը պատիժ չի կրում: Հիմա կան քրեական գործեր, որոնք ավելի շատ նման են մահակի՝ որ պահին ուզում են՝ ակտիվացնում են այդ գործերը, որ պահին չեն ուզում՝ չեն ակտիվացնում:

Դա շատ նման է գործարքի, դա շատ նման է մանիպուլյացիայի:

– Տիկի՛ն Կարապետյանց, ես վերջերս շատ եմ տեսնում՝ դուք հանդիպումներ եք ունենում համակարգի պաշտոնյաների հետ, օրինակ՝ արդարադատության նախարարի: Ձեր այս ու մյուս մտահոգությունները բարձրացնո՞ւմ եք:

– Անպայման: Ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ ինձ կանչում են նման հանդիպումների, որովհետև գիտեն, որ ես անդրդվելի եմ իմ ասածի համար՝ իմ տեսակետը երբևէ չի փոխվում: Իսկ ես միշտ ասել եմ՝ համակարգը կարիք ունի խորքային բարեփոխումների:

Ինչո՞ւ եմ մասնակցում, եթե կարծում եմ, որ ռեալ փոփոխությունների չեն գնում: Մտածում եմ՝ պետք է փորձել օգտագործել բոլոր հարթակները, այդ թվում՝ միջազգային մեր գործընկերներին, տեղ հասցնել մեր հստակ դիրքորոշումը՝ այն, ինչ կատարվում է, բարեփոխումներ չեն բերի համակարգին:

Նախարարի հետ հանդիպումների ընթացքում փորձում ենք հասկանալ՝ ի՛նչ խնդիրների են բախվում նախարարները այդ բարեփոխումների ճանապարհին: Ես կարծում եմ՝ Անդրեասյանը փոփոխություններ կատարելու ցանկություն ուներ: Ես նրան նույնիսկ էն ժամանակ եմ ասել, որ եթե չլինեն քաղաքական կամք, ամբողջական ծրագիր, առաջընթաց չի լինելու, ավելին, օգտագործվելու է նրա բարի համբավը իշխանության կողմից, և ինքը տուժելու է: Իսկ պարոն Անդրեասյանն ասում էր՝ կկարողանա ռեալ փոփոխություններ անել: Դե ինչ, կապրենք՝ կտեսնենք:

– Տիկի՛ն Կարապետյանց, նաև խնդրում եմ գնահատեք ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, որը իշխանությունները շատ շեփորահարեցին: Օրինակ՝ այդ գործընթացի արդյունքում «Գոլդեն փելիս» հյուրանոցի համար գնորդ գտնվեց, որը պարտավորվել էր մաս-մաս վճարել գումարը, բայց հետո հայտնի դարձավ, որ նույն գնորդը գնել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը: Սա ի՞նչ է ցույց տալիս ձեզ, վստահություն ունե՞ք այս գործընթացի նկատմամբ:

– Ասեք, որ սյուռ է, նայեք, թե ինչպես է փոխկապակցված անձանց շրջանակներում շարունակվում շղթան: Այդ ինչպե՞ս Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ դրված առանձնատունը վաճառվեց, ինչպե՞ս է ստացվում, որ այդ ամբողջ պատմության մեջ ներգրավված են լինում շատ հանկարծակի հայտնված գործարարներ, բողոքարկման ժամկետներ են բաց թողնվում: Այդ ինչպե՞ս է այդպես ստացվում:

Մի բան այս իշխանությունների մոտ շատ լավ է ստացվում՝ ազդարարել, որ, օրինակ՝ 2000 գործ է հարուցվել, այսքան-այսքան գումար է վերադարձվել պետական բյուջե: Տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա են անում՝ խաղալով մարդկանց հոգեբանության հետ:

– Վերադառնալով ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ քրեական գործին, պաշտոնական հաղորդագրությունից դատելով՝ արժանահավատ համարո՞ւմ եք նման կոռուպցիոն դեպք, քանզի մի տեսակ անհամատեղելի են Ազգային հերոսի կոչումն ու, ասենք, 2000 դոլարի կաշառքը, ջեռուցման համակարգ անցկացնելը և այլն:

– Անկեղծ ասած, քրեական գործի նյութերին ծանոթ չեմ և կդժվարանամ ասել, թե որ հատվածը որքանով է հիմնավոր: Բայց այն, որ ընդհանուր առմամբ չեն խորշել նման մանր բաներ անելուց, փաստ է: Օրինակ՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը, երբ կադրերից երևում էր, որ նկուղներում նույնիսկ սանտավիկ կար: Եթե գեներալ մարդը չի խորշել, էլ ումի՞ց ինչ պահանջես:

ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի կառավարման ժամանակ այդ նախարարությունում նման բարքեր չկային, կոռուպցիայի մասին որևէ լուր չէր շրջանառվում, փրկարարները պակաս տեղ չեն ունեցել: Արմեն Երիցյանից հետո այդ նախարարությունում կոռուպցիայի մասին սկսեցին խոսել: Դա նշանակում է, որ եկողներն են իրենց հետ այդ բարքերը բերել:

Կոռուպցիոն բարքերը անտանելի երևույթ են, այս իշխանություններն էլ դրանցից անմասն չեն: Ցավոք, մեկ անձից գնումներից չեն խորշում, իրենց բարեկամներին պաշտոնների նշանակելուց չեն խորշում, իրենց նվիրյալներին՝ դպրոցի տնօրենից մինչև գյուղապետ, թաղապետ և այլն նշանակելուց չեն խորշում: Ու միշտ չէ, որ քաղաքական նպատակահարմարություն կա, ինչը քաղաքական իմաստով ընդունելի է: Այդ դեպքում զոռբայով իրենց ուզած անձին անցկացնելու, հին բարքերը կրողներին համակարգ ճխտելն է, զուտ այն բանի համար, որ իրենց հավատարմություն են հայտնել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am