«Հայաստանի հինգ խոշոր ջրամբարներում այս պահին 45 մլն խմ-ով պակաս ջուր կա». ի՞նչ գյուղատնտեսական տարի սպասել

Հայաստանում օդի ջերմաստիճանը դեռևս ցածր է, և դրանով պայմանավորված երկրի ջրամբարները դեռ լցված չեն: Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Լևոն Ազիզյանն ասում է՝ դրանց լցվելու ժամկետը մինչև մայիսի վերջն է:

«Անցյալ տարի այս ժամանակահատվածում ջերմաստիճանն ավելի բարձր էր, ինտենսիվ հալք էր տեղի ունենում, քան հիմա, ահա թե ինչու նախորդ տարի այս ժամանակահատվածում ջրամբարներում լցվածություն կար: Հիմա լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը եղել է – 15 աստիճան, ու այդ պայմաններում հալք տեղի չի ունենում»,- «Մեդիալաբին» ասում է Ազիզյանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի հինգ խոշոր ջրամբարներում՝ Ախուրյան, Մարմարիկ, Ազատ, Արփի լիճ, Ապարան, ջրով լցվածությունը 45 մլն խմ-ով պակաս է:

Գյուղացիական տնտեսությունները ամռանը ջրի սակավության մտավախություններ ունեն, ինչպես անցյալ տարի, ինչի հետևանքով շատ ցանքատարածություններ մնացին անջրդի:

Չնայած գյուղատնտեսների թերահավատություններին, կառավարությունում հույս ունեն՝ տարին ջրառատ կլինի: «Տարին վիզուալ խոստանում է գյուղատնտեսական առումով բարենպաստ լինել: Եթե իհարկե, մեր սիրելի գյուղացիները մաքսիմալը անեն ջրախնայողության ռեժիմը պահելու համար, այսինքն՝ ջուրը արդյունավետ օգտագործեն, մենք կունենանք լավ գյուղատնտեսական տարի»,- այսօր կառավարության նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնագետների կանխատեսումները այս տարվա հետ կապված նույնպես լավատեսական են: «Ընդհանուր առմամբ կարելի է լավատես լինել: Լավատես նաև բերքի առատության տեսանկյունից: Բայց խոսքը պտուղների, խաղողի մասին է: Նշեմ, որ երեկ ցրտահարություն է եղել, և գոգադիր բարձրություններում ծիրանենին, դեղձենին լուրջ վնասվել են: Լավ տարի ենթադրում եմ, կլինի կարտոֆիլի համար»,- «Մեդիալաբին» ասում է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:

Լևոն Ազիզյանն ասում է՝ այժմ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինեն ամռան ամիսները, սակայն կան կանխատեսումներ, որ առնվազն երկու ջրամբար՝ Մարմարիկը և Ազատը, 100 տոկոսով կլցվեն ջրով: Ինչ վերաբերում է մյուս երեք ջրամբարներին, ապա, ըստ Ազիզյանի, սպասվում է, որ Ախուրյանի լցվածությունը կլինի 70-75 տոկոս, Ապարանի ջրամբարինը՝ 65-70 տոկոս, իսկ Արփի լիճը կլցվի 75-80 տոկոսով:

«Կանխատեսումները հիմնված են գարնանային, աշնանային, ձմեռային փաստացի դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների և ապրիլ, մայիս, հունիս ամիսների կանխատեսված եղանակային պայմանների վրա: Հունիսի սկզբից այդ ջրամբարները կսկսեն շահագործվել»,- նշում է Լևոն Ազիզյանը:

«Ջրի կուտակման ուղղությամբ պետք է լուրջ քայլեր կատարել», -ասում է Գառնիկ Պետրոսյանը և մատնանշում Երևանյան լիճը, որն այս օրերին գրեթե դատարկ է: Նրա խոսքով, լիճը կարելի էր հիմա ջրով լցնել՝ Երևանին մերձակա գյուղերին ոռոգման ջուր մատակարարելու համար:

«Բոլոր ջրամբարներում, այո, այսօր պակաս է ջուրը և անհրաժեշտ կերպով չհավաքելու, չպահպանելու դեպքում խնդիրներ կարող են առաջանալ: Այսօր առանց այն էլ ոռոգման հարցով համայնքներում լարվածություն կա», -նշում է Գառնիկ Պետրոսյանը:

Առաջիկա եղանակային կանխատեսումների մասին խոսելիս Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենն ասում է՝ շուտով օդի ջերմաստիճանը կբարձրանա, եղանակը կտաքանա, և արդեն ապրիլի 19-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում կլինի 26-27 աստիճան տաքություն:

«Մայիս-հունիս ամիսներին կանխատեսվում են նորմային մոտ տեղումներ և ջերմաստիճան: Նման պայմաններում միջին ջրառատության տարի կլինի, եթե մեր կանխատեսումներն արդարանան: Ինչու եմ ասում եթե, որովհետև անցյալ տարվա հունիսը մեզ ու ամբողջ աշխարհին դաս եղավ, որ կանխատեսումները կարող են չարդարանալ: Օրինակ՝ Կանադայում աննախադեպ շոգ էր, նույնը նաև Հայաստանում էր. մենք անցյալ տարվա տաք ու չոր հունիսի նման հունիս 100 տարվա մեջ չէինք ունեցել, բայց մինչ այդ բոլոր կանխատեսվող նորմաները ցույց էին տալիս, որ 2 աստիճան է նորմայից բարձր լինելու, մինչդեռ 6-7 աստիճան բարձր եղավ»,- նշում է մասնագետը:

MediaLab.am