«Պատերազմի հետևանքով կյանք չունենք». Բաբաջանյանների կրտսեր որդին զոհվել է պատերազմում, ավագը՝ վիրավորվել

41-ամյա Արմինե Խաչատրյանը հուզմունքով ասում է՝ մինչև պատերազմն ամեն ինչ ուներ ամենաերջանիկ մայր ու կին լինելու համար, սակայն չարաբաստիկ պատերազմի հետևանքով կյանք չունի։

«Ես ունեի ամեն ինչ՝ լավ ընտանիք, տուն-տեղ, հողամաս և այլն։ Մենակ մտածում էի՝ երկու տղերքս բանակից գան, ամուսնանան, մենք էլ շատ լավ պապի-տատի կլինեինք, բայց․․․»- հուզմունքի պատճառով խոսքը կիսատ է թողնում Արմինեն, որի կրտսեր որդին պատերազմում զոհվել է, իսկ ավագը՝ վիրավորվել։

Արմինեի ավագ որդին՝ Հովհաննես Բաբաջանյանը, մեկ տարվա ժամկետային զինծառայող էր, երբ կրտսեր որդին՝ Գևորգ Բաբաջանյանը, նույնպես զորակոչվեց բանակ։ Երկու եղբայրները 8 ամիս միասին ծառայել են Մարտունի 2-ում, երբ սկսվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Պատերազմի ժամանակ Հովհաննեսը տեղափոխվել է Ֆիզուլի, Գևորգը հակառակորդի դեմ մարտնչել է Մարտունիում։

Հոկտեմբերի 23-ի առավոտյան Ամարասի վանքի մատույցներում 250-300 հոգանոց հայկական զորամասը, որի մեջ է եղել նաև Գևորգը, թեժ մարտեր է մղել թշնամու դեմ։ Այդ օրը «Գրադ»-ի, ապա ԱԹՍ-ի հարվածից Գևորգը մահացու վիրավորում է ստացել։ Այդ դեպքից մեկ օր հետո Ֆիզուլիում բազմաբեկորային վիրավորում է ստացել ավագ եղբայրը` Հովհաննեսը։ 

«Հոկտեմբերի 24-ին իմացանք Գևորգիս մասին, ամուսինս տուն եկավ, ուժեղ գոռաց, ես վեր թռա, ասեց՝ շուտ հել, լավ բան չեն ասում, Գևորգս․․․ Գնացինք Սուրբ, լացեցի, հետո տուն էկանք, լիքը մարդիկ էկան մեր տուն, իրանք բոլորն արդեն մի օր առաջ իմացել էին։ Հետո ասեցին՝ Հովհաննեսին վիրավոր բերում են, մի ոտքս թույլ էր, մյուսն էլ թուլացավ, մտածեցի՝ երկու որդուս եմ կորցրել»,- հուզմունքի միջից վերհիշում է մայրը ու նշում, որ Հովհաննեսը, բարեբախտաբար, հիվանդանոցում բուժում ստանալուց հետո արդեն ապաքինվել է։

Արմինեն ասում է՝ Գևորգն ու Հովհաննեսը շատ սիրով եղբայրներ էին ու շատ կապված։ Հովհաննեսի համար ևս շատ ծանր է եղել եղբոր կորուստը։

«Ուրիշ ձև էր իրանց սերը, զույգերը անգամ տենց չեն, իրար մի թթու խոսք ասած չկան։ 

Հովհաննեսս Գևորգից հետո խնդրել է ինձ, որ իր համար ախպեր ունենամ, տեսնենք՝ ինչ կստացվի։ Հովհաննեսս ասում ա՝ մա՛մ, կդնեմ դոշիս, կքնեմ։ Կտանեմ դպրոց կբերեմ, էդպես Գևորգից կարոտս կառնեմ»,- պատմում է Արմինեն։

Գևորգ Բաբաջանյանը մինչ բանակ գնալը զբաղվել է ըմբշամարտով, ազատ ոճի ըմբիշ էր։ Սովորել է ազատամարտիկ Ռոբերտ Հակոբջանյանի անվան մարզադպրոցում, այնուհետև Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում։ Մասնակցել է տեղական ու միջազգային մրցաշարերի՝ արժանանալով մեդալների և պատվոգրերի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզկուլտ ինստիտուտ։

Մայրը պատմում է՝ Գևորգը շատ ընկերասեր էր, ջիգյարով, հասնող, օգնող։ Փոքր հասակից էլ գումար է աշխատել՝ մասնակցելով բերքահավաքի աշխատանքներին։ 

Արմինեն ասում է՝ շատ դժվար է առանց կրտսեր որդու, տունը դատարկվել է առանց Գևորգի։ «Տեսնում եմ՝ սաղ իր տարիքի էրեխեքը գալիս են, չեմ նախանձում, իրանց ծնողների համար ուրախանում եմ, բայց ես էլ եմ ծնող: Գնալով  ցավը խորանում ա։ Ինքը պետք ա գար, եղբոր հարսանիքի ազաբ բաշին (խաչեղբայրը.- խմբ) լիներ, ախպերն արդեն նշանվել ա, բայց ինքը չկա»։

Գևորգ Բաբաջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է ծննդավայրում՝ Արարատի մարզի Լանջազատ (Զովաշեն) գյուղում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am