«Վիճակը կատաստրոֆիկ է». Հայաստանում երեխաների 27,7 տոկոսն ունի ավելորդ քաշ, իսկ 12,6 տոկոսը՝ ճարպակալում

ԱՀԿ-ի մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության շրջանակներում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել («Դպրոցականների ճարպակալման հսկողության միջազգային հետազոտություն»/Childhood Obesity Surveillance Initiative/ COSI ), որ Հայաստանում հարցված 3610 երեխաների 27,7 տոկոսն ունի ավելորդ քաշ, իսկ 12,6 տոկոսը՝ ճարպակալում: Հետազոտությունը մեր երկրում իրականացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության հետ միասին:

Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը, որը մասնակցել է ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը, ստացված արդյունքները «կատաստրոֆիկ» է որակում:

«Վիճակագրությունը մոտ է զարգացած երկրների թվերին, բայց Հայաստանի համար դա կատաստրոֆիկ է, որովհետև ստացվում է, որ համարյա երկու երեխայից մեկը կամ ճարպակալում, կամ ավելորդ քաշ ունի», -«Մեդիալաբին» ասում է Վարդանուշ Պետրոսյանը:

Մասնագետը ներկայացնում է 2015-2016 թվականների մեկ այլ հետազոտության տվյալներ, որոնց համաձայն, մինչև 5 տարեկան երեխաների 14 տոկոսն ունեցել է ավելորդ քաշ։ Խնդիրը մտահոգիչ է դառնում այս տվյալը 2019-ի COSI-ի հետազոտության արդյունքների հետ համեմատելիս. նոր տվյալները ցույց են տալիս, որ ճարպակալման մակարդակը Հայաստանում շուրջ 2 անգամ է աճել: Արդյունքում՝ նախորդ ուսումնասիրությունից երեք տարի անց պարզվել է, որ 7-8 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշի մակարդակը կազմում է 27,7 տոկոս:

Բժիշկ-սննդաբանը ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիրը ահագնացող է համարում այն պատճառով, որ այն ազդում է մարդու առողջության վրա ոչ միայն փոքր տարիքում, այլ նաև մեծ տարիքում: Ճարպակալումը ազդում է մարդկանց կյանքի որակի և տևողության վրա:

«Ճարպակալումը ոչ միայն խրոնիկ հիվանդություն է, ունի իր բարդությունները, այլ նաև ռիսկի գործոն է համարվում ոչ ինֆեկցիոն խրոնիկ հիվանդությունների համար՝ սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, որոշակի տեսակի ուռուցքներ: Հենց այս ոչ ինֆեկցիոն հիվանդություններն են, որ Հայաստանում շատ տարածված են ու հիվանդացության, մահացության, հաշմանդամության հիմնական խումբն են կազմում: Կարճ ասած՝ ճարպակալումը առողջապահական լուրջ խնդիր է», -ներկայացնում է մասնագետը:

Բացի այդ, ավելորդ քաշը կամ ճարպակալումը, ըստ նրա, երեխաների մոտ կարող են ինքնագնահատականի նվազման հանգեցնել:

Նույն հետազոտության համաձայն՝ ավելորդ քաշի և ճարպակալման ցուցանիշներն ավելի բարձր են քաղաքային և կիսաքաղաքային բնակավայրերում: Ավելորդ քաշի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Տավուշի մարզում՝ 37,2 տոկոս, իսկ ճարպակալման ամենաբարձր ցուցանիշը Երևանում է՝ 16,1 տոկոս:

«Բայց ինձ համար կատաստրոֆիկ է նաև այն, որ ոչ մեկի համար այս թվերը կատաստրոֆիկ չեն, սկսած ծնողներից. ավելորդ քաշով երեխաների ծնողների մի մասը չեն էլ ընդունում, որ իրենց երեխան ավելորդ քաշ ունի», -նշում է նա:

COSI-ի արդյունքները ցույց են տվել, որ երեխաների շրջանում թերաճը և թերքաշը բարձր տարածվածություն ունեն Հայաստանի գյուղական վայրերում, իսկ ավելորդ քաշ, ճարպակալում դիտվում է քաղաքային շրջանների երեխաների մոտ:

Այդուհանդերձ, մասնագետն ասում է, որ կատարված հետազոտության արդյունքները դեռ պետք է վերլուծության ենթարկվեն՝ պարզելու Հայաստանում երեխաների շրջանում ավելորդ քաշի, ճարպակալման պատճառները:

«Խնդիր է այն, որ շատ ընտանիքներում սննդային գիտելիքներն ու սննդային սովորությունները անառողջ են, երեխաները քմահաճ են ուտելու հարցում, դժվար են ուտում օրինակ՝ բանջարեղեն և ավելի շատ ուտում են անառողջ, արագ սնունդ: Բացի այդ, դպրոցներում բավարար ուշադրություն չի դարձվում բուֆետներում վաճառվող սննդին, ուսուցման տարրական գիտելիքները թույլ են: Պատճառ կարող է լինել նաև այն, որ երեխաները հիմա քիչ են շարժվում, ավելի շատ նստած են ու փորփրում են հեռախոսները: Ճարպակալումն ու ավելորդ քաշը նաև միջավայրային խնդիր է՝ երկրներ կան, որտեղ այդ երևույթներն ընդունված չեն, կան երկրներ, որ դա համարվում է բարեկեցության, հարուստ լինելու նշան: Կան ծնողներ, որ ավելորդ քաշով երեխային դիտում են որպես թմբլիկ, առողջ երեխա: Այնպես որ խնդիրը միջավայրային է, կրթության, իմացության հետ կապված և այլն», -ընդգծում է Վարդանուշ Պետրոսյանը:

Առողջ սննդի ուսուցման ծրագրեր, ըստ սննդագետի, դպրոցներում կամ չեն իրականացվում, կամ շատ սահմանափակ դասաժամեր են՝ տարեկան 3-4 ժամ, մինչդեռ 20-22 ժամը կարող էր արդյունքներ տալ: Բացի այդ, Պետրոսյանն ասում է՝ միայն երեխաներին կրթելով խնդիրը չի կարող լուծվել. կրթել է պետք երեխաների ծնողներին, բուժաշխատողներին, ուսուցիչներին:

«Գիտելիքն ու իմացությունը, իհարկե, կարևոր են, բայց միաժամանակ անհրաժեշտ է միջավայրի օգնությունը, որպեսզի այդ գիտելիքը դառնա սովորություն, և մարդը ունենա վարքագծային փոփոխություն սնվելու հարցում», -նշում է Պետրոսյանը:

Մասնագետը խնդրի լուծումը տեսնում է արմատական փոփոխությունների իրականացման մեջ. նախ Կառավարությունը ճարպակալումը պետք է համարի գերակա խնդիր, ձևավորի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կմշակի ռազմավարություն, այնուհետև պետք է սկսել վերապատրաստել մասնագետներ, կրթել հանրությանը, երեխաներին, իսկ դպրոցական բուֆետներից վերացնել անառողջ սննդի վաճառքը:

«Բազմակողմանի խնդիր է, բոլոր համակարգերը պետք է ներգրավված լինեն ճարպակալման դեմ պայքարում: Իսկ այդ պայքարը ենթադրում է օրենսդրական դաշտի փոփոխություն, կրթական համակարգում առողջ սննդի մասին կրթական ծրագրերի իրականացում, առողջ սննդի արտադրություն, դրա մասին գովազդ և այլն», -ասում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am