«Ադրբեջանը հաջորդիվ նոր գործողությունների է գնալու, արդեն պարզ տեքստով գրում են դրա մասին». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը օրերս խոսել է Լաչինի միջանցքի մասին, ասել, որ չեն պատրաստվում դուրս գալ օկուպացրած տարածքներից: 

Երեկ էլ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Նկատի ունենալով առկա իրավիճակը՝ հարաբերությունների կարգավորումն իրատեսակա՞ն է, Ադրբեջանից հնչող հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Ադրբեջանը մի կողմից խոսում է հարաբերությունների կարգավորման մասին, մյուս կողմից՝ հերթական առաջխաղացումն է գրանցում Արցախում, բացի այդ, Ադրբեջանի նախագահը պարծենում էր, որ շահեկան դիրքեր են վերցրել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ շեշտելով, որ իրենք այդ դիրքերը չեն թողնի, այսինքն՝ ըստ էության ընդունում է, որ օկուպացրել են, բայց իրենց հետագա պլանների համար անհրաժեշտ դիրքեր են ու չեն հեռանա այդ տարածքներից։ Պետք է իրողություններին նայենք, իրենք միշտ էլ խոսել են «խաղաղության» մասին, բայց իրականությունն այն է, որ տարբեր միջոցներով առաջխաղացում են ունենում և՛ Հայաստանում, և՛ Արցախում։

– Ալիևի այդ հայտարարությունը, որ իրենք դուրս չեն գա իրենց համար շահեկան դիրքերից, արդյոք մեսի՞ջ է բոլոր այն երկրներին, որոնք կոչերով են հանդես գալիս Ադրբեջանի դեմ, որ, մեծ հաշվով, Ադրբեջանն արհամարհում է նմանօրինակ կոչերը կամ հայտարարությունները։

– Բնականաբար, բայց սա առաջին անգամը չէ, նրանք ուղղակի դրա մասին խոսել են՝ նշելով, որ իրենք շատերի հետ խոսում են քաղաքավարությունից ելնելով, մինչդեռ նրանց ասածներն իրենց համար արժեք չունի։ Նույն այդ ելույթում Ալիևն ասել է, որ իբրև Հայաստանի հովանավորները, որոնք փորձում են իրենց ճնշել, որևէ ազդեցություն չունեն, այսինքն՝ այդ քաղաքական ուղերձը հստակ հղում է, որ իր համար այդ բոլոր կոչերը, հայտարարություններն ու անգամ դատարանի որոշումը որևէ նշանակություն չունի՝ փորձելով իրեն դուրս դնել միջազգային իրավունքից։

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում, որովհետև նույն այդ ելույթում Ալիևը նաև նշել է, թե Ռուսաստանի հետ համաձայնության գալով՝ իրենք կարողացել են Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանել։

– Մի կողմից Բաքվի ու Մոսկվայի շահերի համընկնում կա, բայց մի շարք հարցերում կան նաև ակնհայտ հակասություններ, ուղղակի Մոսկվան, կոնկրետ ԱԳՆ մակարդակով, իրեն շատ թույլ ու վտանգավոր ձևով է դիրքավորում, ու Բաքուն մաքսիմալ օգտվում է դրանից: Օրինակ՝ երբ ՌԴ արտգործնախարարն անընդհատ կրկնում է «հետկոնֆլիկտային իրավիճակ» արտահայտությունը, որը Բաքվի խոսույթն է, ինքը դրանով նույնիսկ Մոսկվային օգուտ չի տալիս, դեռ մի կողմ թողնենք մեր խնդիրը։ 

Եթե Մոսկվան շահագրգռված է, որ իր խաղաղապահները երկարաժամկետ ներկայություն ունենան տարածաշրջանում, ապա նման արտահայտություն չպետք է անի, որովհետև դրանով արձանագրում են, որ հակամարտությունը լուծված է, մինչդեռ իրենք այստեղ են, քանի որ հակամարտությունը չի լուծվել։ 

Այս հակասություններն ու քայլերը, որոնք շատ հաճախ ուղիղ հակասում են հենց Մոսկվայի շահերին, չեմ կարողանում բացատրել, լավագույն դեպքում կարող եմ մտածել, որ դա թուլության դրսևորում է, որից Ադրբեջանն ամեն անգամ մաքսիմալ օգուտ է քաղում։

– Այսինքն՝ հուսալ, որ ռուսական կողմը կստիպի Ադրբեջանին ելման դիրքեր վերադառնալ, անիմա՞ստ է։ 

– Կարծում եմ, որ այնքան էլ խելամիտ չէ դրան սպասել, թեկուզ, բնական է, որ մեր կողմից պետք է ճնշում լինի Ռուսաստանի նկատմամբ, բայց ամենախնդրահարույցը մեր անգործությունն է։ Ադրբեջանցիներն ինչպե՞ս են հայտնվել այդ գրունտային ճանապարհը վերահսկող դիրքերում, ակնհայտ է, որ ոչ մի կռիվ չի եղել, բախում չի եղել, իրենք եկել են ու շատ հանգիստ այդտեղ դիրքավորվել։ 

Հարցեր են, որոնց պատասխանները մինչ օրս չկան, ովքե՞ր են այդ թերացումների համար պատասխանատուները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նման գործողությունները կանխելու համար, երբ Ադրբեջանը այդ գործողությունից մեկ-երկու օր առաջ պարզ ասում էր, որ նման քայլի են գնալու։ 

Նկատի ունեմ, որ մենք կարող ենք Ռուսաստանից, Եվրոպայից պահանջել ինչ-որ բաներ, բայց փաստն այն է, որ ինքներս մեր անվտանգությամբ չենք զբաղվում, դրա համար էլ անընդհատ նման վտանգավոր իրավիճակում ենք հայտնվում։ 

Ադրբեջանը հաջորդիվ նոր գործողությունների է գնալու, արդեն պարզ տեքստով գրում են դրա մասին, մեդիադաշտում հայտնվել է տեղեկատվություն, որ հաջորդ թիրախը պետք է լինի Սարսանգի ջրամբարը, դրա նկատմամբ վերահսկողության սահմանումը և Մարտակերտի ուղղությունը։ Գործողություններ են, որոնք փորձելու են անել, հատկապես որ մենք ոչինչ չենք անում։

– Բաց տեքստով իրենց քայլերի մասին հայտարարելն ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ինչի՞ հետևանք է դա, տիկի՛ն Հայրապետյան։

– Շատ հաճախ և՛ ռուսալեզու մամուլում է հայտնվում, և՛ ավելի հստակ տեղեկատվություն՝ ադրբեջանալեզու մամուլում։ Ես չգիտեմ, քանի որ մեր կողմից այդ հարցով շատ թերի են զբաղվում, գուցե Ադրբեջանը մտածում է, որ որևէ խնդիր չի լինի, ու դա հրապարակում է։ Երբ իրենք տեսնում են, որ այդ գործողություններից ոչ մեկին արձագանք չի տրվում, այսինքն՝ պարզ տեքստով ասում են ուղղությունը, գնում, տեսնում են, որ այդ ուղղության վրա ոչ մեկը չկա, դիմադրություն չկա։ 

– Իսկ մամուլում կամ հայտարարությունների մակարդակում խոսվո՞ւմ է լայնածավալ ռազմական գործողությունների մասին։

– Ավելի շատ խոսում են մանր գործողություններով իրենց վերջնանպատակին հասնելու մասին՝ մտածելով, որ լայնածավալ բախումը գլխացավանք կավելացնի, ավելի լավ է քայլ առ քայլ գնալ խնդիրները լուծելուն, այն իրավիճակում, երբ իրենք, անհասկանալի պատճառներով, իրական դիմադրության փաստորեն չեն հանդիպում։ 

Ալիևի երեկվա ելույթից ակնհայտ էր, որ իրենք Քարվաճառը բնակեցնելու ոչ մի միտք չունեն, որովհետև Քարվաճառը դառնալու է պլացդարմ Հայաստանի դեմ շատ ավելի մասշտաբային գործողությունների համար: Բնական է, Արցախի հարցը փակելուց հետո հաջորդիվ իրենք ավելի կազմակերպված սպառնալու են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Առաջնային թիրախը Սյունիքն է, բայց ոչ միայն, թիրախավորված են Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, չմոռանանք նաև, որ Ալիևը բազմիցս խոսել է նաև Երևանի մասին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am