Պաշարված քաղաքի «հեռակա» երազները

«Ես էստեղից, միևնույն է, դուրս չեմ գալու, հանգիստ նկարեք, նշեք»,- այսպես է սկսում մեր զրույցը Ստեփանակերտում ապրող Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան մեր՝ իր անունը չհրապարակելու առաջարկին: 

Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Դավիթը հստակ է որոշել՝ նույնիսկ բուժումը չշարունակելու գնով, բայց Արցախից դուրս չի գա, ադրբեջանական անցակետով չի անցնի: Մերժել է մոր ու այլոց հորդորները, թեև գիտի՝ որպես հաշմանդամություն ունեցող անձ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի գրասենյակը չէր մերժի, և, ի տարբերություն շատերի, Դավիթը գուցեև կարողանար «ճեղքել» շրջափակումն ու հասնել Երևան՝ վերականգնողական բուժման:

«Որ գնամ՝ գիտեմ, որ էլ հետ չեն թողնի»,- կարճ է մեկնաբանում իր որոշումը Դավիթը: Ադրբեջանական անցակետով դեպի դուրս անցած, սակայն այլևս վերադառնալ չկարողացած տղամարդկանց մասին Արցախում վաղուց գիտեն: 

Դավիթն այլ կերպ է նայում իր առաջ ծառացած խոչընդոտին. «Որ գիտես քո տանը մոտ ես, ծնողիդ մոտ ես, բուժվելու մոտիվացիադ էլ է ավելանում: Էստեղ ես ավելի լավ արդյունքների եմ հասել բուժմանս մեջ: Ճիշտ է, Երևանում էլ են վերաբերվել եղբայրաբար, քույրաբար, բայց իմ տանը մոտ ես եմ ուրիշ»:

44-օրյա պատերազմի հետևանքով գանգուղեղային ծանր վնասվածքի դեմ համատեղ ուժերով պայքարել է Երևանի ու Արցախի լավագույն մասնագետների հետ:

«Առավոտ 4-ի կողմերը բարձրացանք դիրքեր: Հենց նույն օրն էլ վիրավորվել եմ: Տանկի սնարյադն ընկել էր դիտակետի դիմաց, բեկորը գլխիս ա դիպել: Հետո մեկ ամիս կոմա: Ես երբ կոմայից արթնացել եմ՝ միանգամից հասկացել եմ, թե ինչու եմ էդտեղ»։

Շրջափակված քաղաքում Դավիթի առօրյան Ստեփանակերտի մթերային խանութների դարակների պես դատարկ չէ: Փորձում է շատ քայլել, առավոտյան վաղ արթնանում ու բարձրանում է դեպի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակ: Այստեղ նրան բոլորն են ճանաչում, և դա զգացվում է սպասավորների անթաքույց ու մտերմիկ ժպիտներից. «Դավի՛թ, էդ ինտերվյո՞ւ ես տամ, լյա՞վ ըս խոսալ»:

Առավոտյան ժամերի զբոսանքները նաև հիմնականում ուղեկցվում են ինքնուս լուսանկարչական փորձերով, որոնք շատ թանկ են Դավիթի համար: Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ Երևանից հետո շարունակել է վերականգնողական բուժումը, անհրաժեշտության դեպքում նույնպես ոտքով պետք է հասնի:

«Վերականգնողական կենտրոնում շատ մարդիկ կան, որոնք հենց այս պահին դեղերի կարիք ունեն, մարզերում ապրող թե՛ զինվորական հաշմանդամություն ունեցողները, թե՛ ինսուլտ տարած տարեցները չեն կարողանում բուժման գալ վառելիք չլինելու պատճառով»,- փաստում է Դավիթն, թեև ինքն էլ ոչ միշտ է հասցնում գնալ-գալ, առավել ևս, որ այժմ պիտի օրվա որոշակի հատված նվիրի նոր մասնագիտության՝ ծրագրավորման յուրացմանը: Դասերին պաշարված Արցախից մասնակցում է հեռավար:

Բլոկադայի բերած խնդիրների մասին մեծ դժվարությամբ է խոսում Դավիթը, ամեն խոսքից առաջ ու հետո հավելելով՝ չեմ ուզում բողոքել: 

Շրջափակման պայմաններում խիստ սակավ ու չափից դուրս թանկ մթերքների, երկար ու ձիգ հերթերի թեման համեստորեն շրջանցում է։ Միայն խոստովանում է, որ լեղապարկի ու կույրաղիքի հեռացումից հետո կարգավորել փորձած իր սննդակարգում ժամանակին միշտ առկա մրգերն ու հատկապես խնձորը վաղուց քաղաքի խանութներում չի հանդիպել:

Սոֆիա Հակոբյան

Ստեփանակերտ