Շրջափակված Արցախի չլսվող ձայները. Զինան

Զինան

Երեկոյան ժամը 18:00-ին Երևանում խցանումների նիշը հատում է սանդղակի կարմիր գիծը, դրան զուգակցող կիզիչ արևն էլ՝ մյուս կողմից: Երևանը չափազանց աղմկոտ է այդ ժամին, ինչպես շատ մայրաքաղաքներ աշխարհում: 

Հերթական տեսազանգն եմ անում դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, որի փողոցներում հատուկենտ երևացող մեքենաների սակավությունը փաստում է, որ վառելիք չկա: Իսկ մարդկանց՝ մայթերում կուտակումներն ակնարկ է, որ «Արցախը քայլում է», քայլում է անդադար և ոչ սովորական առօրյայի սովորական աշխատանքային օրն է ավարտում: 

Արցախի Հանրապետության բնակարանային կոմիտեի վարձավճարների փոխհատուցման բաժնի պետ Զինա Գասյանը ամեն օր ոտքով քայլում է մոտ 20 րոպե աշխատավայր հասնելու համար: Երբ էլեկտրաէներգիան անջատվում է, նույնքան ժամանակ էլ ծախսում է տուն գնալու և նորից վերադառնալու համար: Զինան երկրորդ երեխային է սպասում ու հղիության այն շրջանում է, երբ կարիք կա հաճախ այցելել բժշկի, իսկ վերջին մոհիկանը՝ 15 համարի ավտոբուսը, հուլիսի 25-ից չի գործում: Հիվանդանոց հասնում են քայլելով, ու դա բնավ առողջ ապրելակերպի նշան չէ: Զինան նշում է, որ տրանսպորտի չգործելու պատճառով հերթերը ևս քչացել են, քանի որ մարդիկ միջոց չունեն հասնելու դատարկ խանութներ. 

– Խանութների մոտ երեկվանից չհանդիպեցի հերթերի, քանի որ վաճառելու ոչինչ չկա, ինչը չի կարելի ասել հացի փռերի մոտ հավաքված հերթերի մասին. իրենց բաժին հացը ստանալու համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում:

Հուլիսի 25-ից Արցախում չի գործում հանրային տրանսպորտը, ինչպես նաև՝ միջհամայնքային երթուղին, որը եզակի ճանապարհ էր Ստեփանակերտ գյուղմթերք հասցնելու համար: 

Տրանսպորտի կաթվածահար լինելը ոչ միայն սննդի մատակարարման տեսանկյունից է բարդ, այլ նաև այն աշխատողների, որոնք շրջաններից են հասնում Ստեփանակերտ, բացի այդ, քաղաքի աղբահանության խնդիրն է դառնում օրակարգային: 

– Հեռավար աշխատանքը կազմակերպելը ոչ բոլոր դեպքերում է արդյունավետ, բացի այդ, էլեկտրաէներգիայի անջատումները կապի խափանման պատճառ են դառնում: 

Երբ Զինայի հետ սկսում էինք մեր զրույցը, աշխատավայրից արդեն դուրս էր եկել: Պատմեց, որ Տիգրան Մեծի փողոցում բացառապես ծառայողական մեքենաներ են, իսկ մայթերին՝ գործից տուն շտապող մարդիկ: Հիմա հնարավորություն և ժամանակ կա կանգ առնել, իրար որպիսությունը ճշտել, մի նոր բան իմանալ իրավիճակի մասին: 

Երբ դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, մարդիկ չէին պատկերացնում, որ այն այսքան երկար կտևի, ավելին, կդառնա լիակատար շրջափակում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարման: 

Զինան ասում է, որ այժմ խանութներում լիակատար դատարկություն է, Արցախում աղի և ալյուրի խնդիր կա, ինչը խոչընդոտ է դառնում հատկապես փռերի համար: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ առավոտ 5:30-ից հերթ կանգնում մինչև 10:00-ը, որպեսզի կարողանան հաց ունենալ: Արցախում օր չկա, որ իրար չօգնեն. մեկը մի ապրանքից եթե շատ ունի, փոխանակում է կամ պարզապես տալիս է անհատույց: Բայց երբեմն իրավիճակն այնպիսի սրության է հասնում, որ համբերության բաժակը լցվում է: Հերթերում կարելի է նկատել տարաձայնություններ, սակայն մարդիկ գիտեն, թե ինչի համար են Արցախում, պատրաստ են դիմակայելու դժվարություններին, միայն թե վստահ լինեն, որ դրական հանգուցալուծում է լինելու: 

– Հերթերում տարբեր տարիքի մարդիկ են՝ փոքրից մեծ կանգնում են: Երբ դպրոցները գործում էին, երեխաները երբեմն ուշացած էին հասնում: Մի անգամ երեխաներից մեկն ասել էր, թե ծիրանի հերթում էր, այդ պատճառով էր ուշացել: 

Զինան վրդովվում է, երբ Արցախի շրջափակումը ներկայացվում է սոսկ որպես հումանիտար ճգնաժամ: Սա քաղաքական խնդիր է՝ նրա կարծիքով, ու քաղաքական լուծում է պահանջում: 

– Սա հայի խնդիր է, մեզ քաղաքական երանգներ պետք չեն, բայց Արցախի հարցին, այո՛, քաղաքական լուծում է պետք: 

Իր երեք տարեկան երեխայի մասին հոգ է տանում ամուսնու մայրը, որը ողջ օրն անցկացնում է նրա հետ, քանի որ մանկապարտեզ հասնելու համար երկար պետք է քայլել: 

– Հարազատներս փորձում են ամեն բան անել, որ հեռու մնամ խնդիրներից՝ հաշվի առնելով վիճակս: Ես էլ փորձում եմ բեռ չդառնալ, համայն աշխարհին չհայտնել խնդիրներս: 

Երեք տարեկան երեխան չի հասկանում, թե ինչ իրավիճակում են գտնվում, բայց նա երեխա է, որն ունի ցանկություններ: Զինան փորձել է հոգալ այդ ամենի մասին նախապես և եթե անգամ չի կարողանում փոքրիկ խնդրանքները բավարարել, սկսում է երևակայել, ինչպես Արցախում այսօր ապրող մայրիկների մեծ մասը: 

– Առավոտյան ասաց՝ մամա, բանան տուր: Դե, որտեղի՛ց բանան տամ, չկա: Բայց բանանի չիր էի պատրաստել, տվեցի, հաճույքով կերավ: Միշտ պիտի կարողանալ այլընտրանք գտնել: 

Զինան ասում է, որ մայրերը մեղքի զգացում ունեն՝ չգիտեն, թե ինչ պատրաստեն երեխայի համար, վերջապես՝ ինչով պատրաստեն: 

– Խանութներում դատարկություն է, մթերքների դեֆիցիտ, արդեն մսեղեն չկա, ձկան մասին խոսելն էլ աբսուրդի ժանրից է։ Բալանսավորված սննդի բացակայությունը բալիկների մոտ առաջացնում է տարբեր խնդիրներ, վերջերս տարածվել է ավիտամինոզը։ Դժվար է հատկապես այն փոքրիկների մայրերի համար, որոնք սնվում են միայն կաթնախառնուրդով, որն Արցախում չի արտադրվում։ Բանջարեղեն աճեցվում է, այլ հարց է վառելիքի բացակայությունը, որը թույլ չի տալիս տեղական արտադրանքը վաճառակետեր հասցնել։

Երբ մենք խոսում ենք աղետալի իրավիճակից, որի մեջ այսօր Արցախն է, նշում ենք սնունդը, տրանսպորտը, ինչը շատ կարևոր է, սակայն բոլոր ոլորտներն այնպես են շղթայված իրար, որ բարդ է մեկ դժվարություն առանձնացնելը: Երեխաները չեն ստանում բալանսավորված սնունդ, մանկապարտեզ չեն հաճախում, իսկ շուտով սկսվելու է նաև դպրոցը, դեղորայքի պակասը զգալ է տալիս, չկա հնարավորություն հիվանդանոցային բուժում ստանալու, և այս առումով թիրախավորվում են հատկապես գյուղական համայնքներում ապրող երեխաները, որոնց անհնար է տեղափոխել Ստեփանակերտ տրանսպորտի կաթվածահար լինելու պատճառով: 

– Նորություն չի, որ Արցախում ոչ բոլոր բժշկական ուղղություններով կան մասնագետներ, մարդիկ գալիս էին Հայաստան՝ ստուգումների: Բայց շատ մարդիկ կան, որ նախընտրում են սահմանը չանցնել, որովհետև վախի մեջ են, որ չեն կարող հետ գալ: Ինձ համար դա առաջնային է. եթե անգամ ինձ Երևան ուղղորդեն, և հնարավոր լինի որևէ կերպ գնալ, չեմ անի, որովհետև պետք է հարազատներիս կողքին լինեմ: 

Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ: Ադրբեջանական զինուժը ականանետներով և տարբեր տրամաչափի հրազենային զենքերով պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իսկ նշանառության տակ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներն են, որոնք բերքահավաք են անում:

– Եթե գտնվում ես վաղաժամ ծննդաբերողների շարքում, և ռիսկայնությունը մեծ է, չգիտես՝ նժարը դեպի ո՞ր կողմը թեքես՝ քայլե՞ս 5-6 կիլոմետր, հասնե՞ս բուժհաստատություն՝ հաշվարկելով դրա հետևանքները, թե՞ սպասես յուրաքանչյուր օրվա լույսը բացվելուն՝ ակնկալիք ունենալով, որ գուցե միջքաղաքային տրանսպորտը վաղը կգործի: 

Չնայած Արցախի՝ օր օրի ահագնացող վիճակին, մարդիկ պինդ են ու փորձում են չխոսել շրջափակումից, երբ առիթ են ունենում հավաքվելու: Խնջույք էլ են անում, նոր ուտեստներ են հորինում, խաղեր են խաղում, գոտեպնդում են իրար: Շաքարավազին նոր փոխարինիչ են գտնում, ծիծաղելի տորթեր են պատրաստում, մաքրության պարագաների այլընտրանք են հորինում: 

– Շաքարավազին փոխարինելու են գալիս անարատ մեղրն ու նախորդ տարվանից մնացած մուրաբաները, ինչը սուղ է։ 

– Իսկ ինչպե՞ս են ուրախանում Արցախում հիմա, ո՞րն է ուրախանալու ձևը: 

– Դե, օրինակ՝ այս ամսվա ընթացքում երկու հարսանիքի եմ մասնակցել: Քայլում ենք շատ, իրար հաճախ ենք տեսնում, զրուցում ենք: Արցախի բոլոր մայրերին պիտի հերոսի կոչում տալ՝ գյուտարար են դարձել, նոր բաներ են հորինում, երեխաներին ու տունը կոկիկ պահում՝ անգամ այս իրավիճակում: Ապակու մաքրման լուծույթի համար կազմակերպում ենք օղու (այն էլ, եթե ունենում ենք ձեռքի տակ) հետ տարբեր լուծույթներ խառնելով (կլինի ջուր, քացախ, օսլա), որպես լվացքի փոշու փոխարինիչ օգտագործում ենք օճառ կամ օճառի մնացորդների քերած տարբերակը: 

– Դուք մի՞շտ եք այսքան պինդ, չի՞ երերում ձեր ամրությունը,- հարցնում եմ: 

– Երբեք, ես գիտեմ, որ այս պահին իմ առաջնահերթությունն է՝ ունենալ առողջ երեխա, ու եթե իմ ընտանիքը ամեն բան արել է, որ ես չընկճվեմ, ես էլ պարտավոր եմ պինդ լինել: 

Երբ զրույցն ավարտում էինք, պատուհանից այն կողմ Երևանը շարունակում էր անկանոն աղմկել, իսկ Ստեփանակերտում մինչև վերջերս գործող միակ ավտոբուսը ծանրացած ու անգործ կանգնած էր: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am