Եթե սահմանը չես նշում, այդ պայմանագիրը ոչ մի արժեք չունի, Ադրբեջանը կարող է մինչև Երևան հասնել, ասել՝ սահմանը սա է, սա իմն է. Ռուբեն Գալիչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը

– Պարո՛ն Գալիչյան, Ադրբեջանի նախագահը երկու ժամ տևած հարցազրույցի ժամանակ կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության տարածքների, նույնիսկ Երևանի՝ իբր ադրբեջանական լինելու մասին…

– Միշտ է խոսելու, ու մեր տարածքների նկատմամբ նկրտումներն ավելի են շատանալու, եթե մենք հակառակը չանենք: Եթե պահանջ է ներկայացնում, ապա մենք պետք է ավելի մեծ պահանջ ներկայացնենք իրեն, օրինակ՝ ասել է, որ այդ ութ գյուղն իրեն պետք է վերադարձնենք: 

Առաջինը՝ այդ ութից չորսն «անկլավների» մեջ են, «անկլավների» մասով էլ ոչ մի իրավական փաստ չկա, քարտեզի վրա գծել, վերցրել են, ոչ մի որոշում, ոչ մի արխիվային հիմք չկան, թե ինչո՛ւ են տրվել Ադրբեջանին, ո՛վ է տվել, ինչպե՛ս է տվել, ի՛նչ համաձայնությամբ։ 

Երկրորդ՝ այն ժամանակ որ այդ չորս գյուղը տվել են Ադրբեջանին, Հայաստանին, նույն ժամանակ 1200 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածք է տրվել Ադրբեջանին, մենք պետք է հետ պահանջենք դա: Ութ գյո՞ւղ ես ուզում, 1200 քառակուսի կիլոմետրը տուր, գյուղերը տանք։ 

Երրորդ՝ «անկլավների» մասով ասում էր, որ Տիգրանաշենում 200 տարի ադրբեջանցիներ են ապրել, դրա համար այն պետք է ադրբեջանական լինի։ Նախ՝ Ադրբեջանը հարյուր տարի է, որ ծնվել է, դրանից առաջ գոյություն չուներ, ուրեմն այնտեղ ադրբեջանցի չէր կարող ապրած լիներ: Նրանք կարող էին Ատրպատականի, Պարսկաստանի քաղաքացիներ լինել կամ էլ Նախիջևանում ապրող թուրքեր, բայց եթե փաստ է, որ դա այդ հիմքով պետք է ադրբեջանական «անկլավ» լինի, ապա Արցախում էլ 2000 տարի հայություն է ապրել, ամբողջ Արցախը պետք է հայկական «անկլավ» լինի։ Պահանջ է, պետք է ներկայացնել իրեն։ 

Մենք չենք խոսում, մենք միայն ռեակտիվ բաներ ենք անում, մի բան է ասում՝ դրա հակառակն ենք ասում, մենք պետք է այսօր ասենք՝ այո՛, «անկլավներն» ապօրինի են, չորս գյուղը կտանք ձեզ, եթե Խորհրդային Միությունից վերցրած տարածքները՝ 1200 քառակուսի կիլոմետրը, մեզ վերադարձնեք։

– Այսինքն՝ քանի մենք դեռ պահանջներ չենք ներկայացրել, Ադրբեջանը շարունակելու է նույն կե՞րպ։

– Քանի դեռ մենք չենք խոսում, Ադրբեջանը վաղն էլ կասի, չնայած արդեն ասում է, թե ամբողջ Հայաստանն Ադրբեջան է, Ալիևն ասում է, թե Երևանը ադրբեջանական քաղաք է, երբ Երևանը կար, Ադրբեջանը դեռ չէր ծնվել։

– Պարո՛ն Գալիչյան, նրանք նաև ասում են, որ այդ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն 1918 թվականի քարտեզներով։

– Շատ լավ, անցկացրեք, այն ժամանակ Գանձա գոյություն չուներ, ու այդ 1200 քառակուսի կիլոմետրը մերն էր, բայց իրենք կարող են գծել 1918 թվականի իրենց քարտեզը, ներկայացնել, որ ամբողջ Հայաստանն էլ իրենցն է։ 1923-1926 թթ․ վավերական քարտեզ կա, իրենք էլ ընդունել էին, որ դրանից առաջ Նախիջևանը Հայաստանինն էր, Լենինը 2020 թվականին որոշեց դա տալ Ադրբեջանին։

– Իսկ եթե այդ խաղաղության պայմանագիրը կնքեն՝ առանց սահմանազատում ու սահմանագծում իրականացնելո՞ւ։

– Դա ոչինչ չի նշանակի, եթե սահմանը չես նշում, այդ պայմանագիրը ոչ մի արժեք չունի, Ադրբեջանը կարող է մինչև Երևան հասնել, ասել՝ սահմանը սա է, սա իմն է։ 

– Դրա՞ համար է Ադրբեջանը ձգտում առանց սահմանների հստակեցման պայմանագիրը կնքել։

– Իհա՛րկե, ուզում է ինչ մինչև հիմա գրավել է՝ իրենով անի, այդ 200 քառակուսի կիլոմետրն էլ, որ Հայաստանի սուվերեն տարածքից գրավել է 2021-ի մայիսից հետո, ասաց՝ դրանք էլ հետ չի տալու, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր եք կնքում։ Նրա ասածները, ինձ թվում է, հիմնականում նախընտրական քարոզարշավին են միտված, որ ժողովրդին ասի, թե տեսեք ի՛նչ երկիր եմ սարքելու, որ իր օգտին քվեարկեն։

– Եթե անգամ հիմնական նպատակը դա է, այնուամենայնիվ, Հայաստանից պաշտոնական մակարդակով արձագանքելու անհրաժեշտություն չկա՞ այդ հայտարարություններին, պարո՛ն Գալիչյան։

– Իհարկե պետք է հակադարձել, չենք խոսում, շատ տոլերանտ ենք, ռեակտիվ բաներ ենք անում երբեմն, ինչը բավարար չէ։

– Իսկ Ադրբեջանն իր այս հայտարարությունները կկարողանա՞ փաստերով հիմնավորել, օրինակ՝ միջազգային հանրությանը։

– Չկան փաստեր, սուտ է խոսում, քարտեզ գոյություն չունի, որ 1918-ից առաջ Արաքսից հյուսիս Ադրբեջան երկիր գոյություն է ունեցել, նույնիսկ օսմանյան քարտեզներում այդ մասը կոչվում է Շիրվան, իսկ Հայաստանի տարածքը հասնում է Սևանից այն կողմ։ Նույնը նաև պարսկական քարտեզներում է, եվրոպականում ևս։ 

Ոչ մի տեղ «Ադրբեջան» անուն գոյություն չունի, ամբողջ Ցարական Ռուսաստանի 19-րդ դարի գրաված Կովկասի հարավի շրջանում «Ադրբեջան» անունը գոյություն չի ունեցել։ Ցարական քարտեզներում կա «Ղարաբաղի գուբերնիա» նշված, բայց Ադրբեջան չկա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am